Առցանց ժողովներ, դասեր, ուղիղ միացմամբ միջոցառումներ․․․ Մի խոսքով առցանցի հետ կապված այն ամենն, ինչ մեզ մի քանի տարի առաջ անհնարին էր թվում, COVID-19-ի «թեթև ձեռքով» դարձավ սովորական երևույթ ու մտավ մեր առօրյա։ Տարիներ առաջ ստեղծված Krisp հայկական ստարտափն էլ այդ օրերին ամենապահանջված հավելվածը դարձավ՝ ազատելով շատերիս առցանց աշխատանքի ժամանակ առկա աղմուկից։ Մեզ աղմուկից ազատող այս հավելվածի ստեղծման ու առաջխաղացման գործում ներգրավված են նաև թումոցիներ Անի Չիլինգարյանը, Դավիթ Դավթյանն ու Սուրեն Գասպարյանը։
Նրանք Թումո Երևանի առաջին ուսանողներից են եղել և ինչպես իրենք են նշում Թումոն իրենց մասնագիտության ընտրության և աճի վրա մեծ ազդեցություն է թողել․ «Ես ու Դավիթը միասին մասնակցել ենք Սանձահարիր Թումոյի շատրվանները աշխատարանին, որի ընթացքում ստեղծում էինք Թումո պլազայի շատրվանների լուսային ցուցադրություն: Այդ աշխատարանի արդյունքն այնքան լավն էր, որ աշխատարանի մասնակիցներից ձևավորվեց մեկ այլ թիմ ու սկսեցինք տարբեր ծրագրեր մշակել»,-պատմում է Սուրենը։ Հենց այդ ընթացքում մշակած ծրագրերից մեկի մասին մեդիայի պատրաստած տեսանյութից հետո սկսնակ ծրագրավորողները աշխատանքի առաջարկ են ստանում․ «Կարելի է ասել մեր մասնագիտական կարիերան միասին ենք սկսել նույն ընկերությունում ու մի քանի տարի դադարից հետո կրկին մի թիմում ենք»,- շարունակելով ընկերոջ խոսքն ասում է Դավիթը։ Ի դեպ, Սուրենը և Դավիթը ժամանակի ընթացքում գործընկերներից դարձել են ընկերներ, հետո մտերիմ ընկերներ, դե իսկ վերջում, ինչպես բոլոր հայկական ընտանիքներում, քավոր-սանիկ:
Ի տարբերություն տղաների, Անին Թումոյում հետաքրքրվել է ֆիլմերի ստեղծմամբ․ «սակայն մի փոքր ավելի շատ ուսումնասիրելուց հետո ծրագրավորումը հետաքրքրեց ու խորացա դրա մեջ»,- ասում է նա։ Անին այժմ Krisp-ի գիտահետազոտական թիմում զբաղվում է ալգորիթմների թեստավորմամբ և աշխատանքի բերումով Դավիթի ու Սուրենի հետ շփումը շատ է լինում, քանի որ թեստավորումից հետո պրոդուկտի զարգացմամբ զբաղվում է հենց նրանց թիմը։ «Թումոյի ուսանողների միջև կարծես «մաֆիա» է ձևավորվել, որտեղ աշխատում եմ անպայման մեկը գտնվում է Թումոյից։ Ճիշտ է Դավիթի և Սուրենի հետ այստեղ եմ ծանոթացել ու ավելի մտերմացել մեր ընկերության հավես նախագծերից մեկի՝ work from forest-ի ժամանակ, բայց կարծես միասին անցած լինենք պատանեկությունը՝ թումոյական ընդհանուր թեմաները շատ են»,- եզրափակում է Անին։
Երիտասարդ մասնագետներն այժմ աշխատում են Krisp հավելվածի զարգացման համար է՛լ ավելի ժամանակակից տոխնոլոգիական լուծումներ փորձարկելու վրա։ Մենք էլ հետևում ու պատմում ենք ձեզ թումոցիների հաջողությունների մասին։