Երբ Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի (JHM) հոգաբարձուներ Լիսա Գրիգորյանը (Ճոնի և Հասմիկի թոռնուհին) և Գարի Համպարը առաջին անգամ այցելեցին Թումո Երևան, նրանք չէին էլ պատկերացնում, որ այդ հանդիպումը ճակատագրական էր լինելու: «Մեր շուրջը բոլորն անընդմեջ ասում էին, որ պիտի Թումոյի ծրագրին ծանոթանանք»,- պատմում է Լիսան: 2016 թվականին` Լոս Անջելեսից Հայաստան ճանապարհորդության ժամանակ, Լիսան և Գարին որոշում են անձամբ տեսնել, թե ինչի շուրջ է այդ իրարանցումը։ «Մուտքի մոտ կանգնած ապշում էինք. երբեք չէինք տեսել իրենց դասին այդքան էներգիայով ու եռանդով սպասող երեխաների։ Դեռ ներս չմտած` արդեն հմայված էինք»,- ասում է Գարին: Դա Թումո էր առաջին հայացքից:
Լիսա Գրիգորյանը և Մարի Լու Փափազյանը՝ Թումո Գյումրիի վերակառուցված շենքում:
Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի և զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի հետ կենտրոնով շրջելիս նրանք լսեցին նաև Գյումրու թատրոնի պատմական շենքը Թումոյի վերածելու պլանների մասին։ 1850-ականներին կառուցված շենքը ժամանակին եղել է օպերային թատրոն և դիմակայել երկու ավերիչ երկրաշարժի, և լիբանանցի ճարտարապետ Բեռնար Խուրիի նախագծով այն կդառնար տեխնոլոգիական ժամանակակից կենտրոնի` պահպանելով իր պատմական դիմագիծը: «Մարի Լուն և Բեկորը մեզ ասացին, որ հաջորդ օրը գնալու են Գյումրի, և առաջարկեցին միանալ իրենց։ Մենք անմիջապես հետաձգեցինք մեր բոլոր ծրագրերն ու հաջորդ առավոտ ճանապարհ ընկանք»,- ասում է Լիսան,- «Ես միշտ սիրել եմ հինն և պատմականը նոր ու իմաստալից որևէ բանի փոխակերպելու գաղափարը։ Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել շենքը և զգալ դրա ոգին»։
Ճոն և Հասմիկ Մկրտիչեանները 1974 թվականին:
Ճոնն ու Հասմիկը Ցեղասպանության վերապրածների զավակներ էին` արմատներով գյումրեցի ու խարբերդցի: Նրանց անվան հիմնադրամի ղեկավարությունը մի շարք պատճառներ ուներ շենքի վերակառուցումն ու հետագայում նաև գործառնական ծախսերը ֆինանսավորելու համար։ Դրանցից էին և՛ այն, որ Լիսան տարված էր ճարտարապետությամբ և մշակութային տարածքների պահպանությամբ, և՛ շենքի գտնվելու վայրը` Լիսայի նախնիների քաղաքը` Գյումրին։ 1960-ականներին` Կալիֆորնիայում երկու հաջողակ բիզնես ստեղծելուց հետո, Ճոնն ու Հասմիկը սկսեցին ամեն տարի ճամփորդել Հայաստան` Գյումրիում Ճոնի ընտանիքին այցելելու և իրենց հայրենիքի հետ կապն ավելի ամրացնելու համար: Թումո Գյումրիի նախագիծը կարծես ստեղծված լիներ նրանց գործը շարունակելու համար։ «Իմ տատիկն ու պապիկը միշտ գնահատել են կրթությունը և ուրախ կլինեին տեսնել այս կրթական ծրագիրը, որը ոգեշնչում է ու նպաստում երկրի երիտասարդության զարգացմանը», – ասում է Լիսան։ Ճոնն ու Հասմիկը նաև արվեստի և երաժշտության (հատկապես ջազի և բլյուզի) մեծ երկրպագուներ էին։ Վերակառուցումից հետո Թումո Գյումրիի պաշտոնական բացման օրը` 2021 թվականի սեպտեմբերին, միաձուլվեցին արվեստն ու պատմությունը․ այդ նույն շենքի բեմում պրեմիերայից շուրջ մեկ դար անց կրկին հնչեց «Անուշ» օպերան։
Թատրոնի շենքը՝ վերակառուցումից առաջ և հետո:
Հիմնադրամը նաև ֆինանսավորում է Թումո ստուդիաներ անվճար կրթական նախագծի գործունեությունը։ Ստուդիաների ուսանող 16-ից 28 տարեկան երիտասարդները ստանում են ժամանակակից դիզայնի հմտություններ: Լիսան կիսվում է. նորագույն տեխնոլոգիաներից միշտ տեղյակ լինելուն զուգահեռ, Apple-ի համակարգիչներիս ամենաառաջինն ու հետագա բոլոր տարբերակները ունեցող Հասմիկը նաև ստեղծագործ էր. նա սիրում էր զարդեր պատրաստել և ինքնուս խոհարար էր։ «Կարելի է ասել, որ ինձ տատիկս է մեծացրել, այնպես որ շատ բաներով իրեն եմ նման։ Ես սիրում եմ խոհարարություն, դիզայն և ճարտարապետություն։ Գիտեմ` նա հիացած կլիներ այս ամենով»,- պատմում է Լիսան։ Առաջիկա տարիներին JHM-ը ցանկանում է ընդլայնել Թումո ստուդիաները` աջակցելով հայկական ավանդական արվեստի և դիզայնի պահպանմանը:
Թումո ստուդիաները՝ անվճար կրթական ծրագիր ժամանակակից արվեստի և դիզայնի ոլորտում:
Կարևորելով երկրի ապագայի կառուցմանն ուղղված ներդրումը` հիմնադրամը նաև միացել է Թումոյի` Հայաստանում և Արցախում ընդլայնման ծրագրին և հովանավորել հյուսիսարևելյան սահմանամերձ Կողբի Թումո կենտրոնը։ Կենտրոն հաճախելու են ուսանողներ ինչպես Կողբից, այնպես էլ հարևան շուրջ 10 սահմանամերձ բնակավայրերից, ինչպիսիք են Նոյեմբերյանն ու Բերդավանը: Շնորհիվ մեր առաջին և ամենամեծ հովանավորներից մեկի առատաձեռն նվիրատվության` Թումոն մոտենում է իր նպատակին, այն է` Հայաստանի և Արցախի ամեն անկյունում ապրող պատանու ապահովել իր ներուժը բացահայտելու գործիքներով։ «Այս կրթական շարժումը հստակ նպատակներ ունի. այն ընդլայնում է երեխաների միտքը, նրանց զարգանալու հնարավորություն է տալիս և աշխատատեղեր է ստեղծում մեր տնտեսության համար»,- ասում է Գարին և ավելացնում,- «Որպես սփյուռքի ներկայացուցիչներ` մենք խորապես ուսումնասիրել ենք, թե ինչպես կարելի է լավագույնս աջակցել ու զարգացնել Հայաստանը։ Մենք լիովին վստահում ենք Սեմ և Սիլվա Սիմոնյաններին և նրանց թիմին` այս մեծ առաքելությունն իրականացնելու գործում»։
Որպես մեր շարունակական համագործակցության ևս մեկ քայլ` Լիսան վերջերս դարձավ Թումոյի խորհրդի անդամ և այսուհետ սերտորեն ներգրավված է լինելու մեր ծրագրերի ու գործունեության աշխատանքներում։ «Մենք եկանք այստեղ` գործնականում ոչինչ չիմանալով Թումոյի մասին, և, ի վերջո, ծանոթանալով դրա առաքելությանը, որոշեցինք աջակցել։ Կրթության մեջ ներդրումները երկարաժամկետ, անկյունաքարային ազդեցություն են ունենում ոչ միայն անհատի, այլ նաև մեր երկրի վրա: Հայաստանի ամենակարևոր ռեսուրսն իր ժողովրդի միտքն է»,- նշում է Գարին։
Մենք անհամբեր սպասում ենք Թումո-JHM պատմության շարունակությանը։ Պատմության, որը սկսվեց, երբ հիմնադրամի անդամները եկան Երևան երկրի համար ավելի լավ ապագայի ճանապարհ հարթելու նպատակով ու գտան Թումոն: