Թումոյի առաջին գալան․ 15 տարվա պատմություն՝ մեկ տոնական երեկոյի ընթացքում

1 - Թումոյի առաջին գալան․ 15 տարվա պատմություն՝ մեկ տոնական երեկոյի ընթացքում

Սեպտեմբերի 20-ին Թումո հիմնադրամն անցկացրեց իր առաջին գալա երեկոն Լոս Անջելեսի Վիբիանայի պատմական շենքում։ 15-ամյակին նվիրված գալայի ընթացքում, որի բոլոր տոմսերն սպառվել էին դեռ շաբաթներ առաջ, հանգանակվեց ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլար՝ Հայաստանում Թումոյի՝ տեխնոլոգիաների և դիզայնի անվճար կրթական ծրագիրը շարունակելու ու զարգացնելու համար։

Միջոցառումը ղեկավարում էին Անուշ Եմենիջյանը, Ռեյչել Լեբարեդեանը, Ռուզան Կուզոյանը և Քեթրին Մահտեսյանը, որոնց նվիրվածությունն օգնեց հավաքել Թումոյի համայնքը մեկ վայրում՝ նշելու Թումոյի ազդեցության 15 տարիները և աջակցելու հետագա աշխատանքին։

People of Ar-ի պատրաստած տպավորիչ վիզուալ ինստալացիան կյանքի կոչեց թումոցիների աշխատանքները։ Պատկերներն ինքնին տպավորիչ էին, բայց դրանց հետևում էլ ավելի տպավորիչ պատմություններ էին, որոնք ինստալացիան դարձրին խորապես իմաստալից։

Ինստալացիան ոգեշնչված էր Թումոյի եռաչափ սկանավորման նախագծի շրջանակում ուսանողների ստեղծած էսքիզներից ու մոդելներից։ Նախագծի ընթացքում ուսանողները թվային եղանակով պահպանել են հայկական վանքերն ու մշակութային հուշարձանները, որոնք հայտնվել են Հայաստանի վերահսկողությունից դուրս վերջին պատերազմների արդյունքում։ Ինստալացիան հիանալի կերպով ներկայացնում էր, թե ինչպես են պատանիներն օգտագործում տեխնոլոգիաները՝ որպես մշակութային ժառանգության պահպանության միջոց։

Այս շքեղ երեկոն իրենց ձայներով ավելի գեղեցկացրին ու ջերմացրին սոպրանոներ Իզաբել Բայրաքդարյանը և Արմինե Վարդանյանը Միքայել Ավետիսյանի ղեկավարած People of Ar-ի հյուրընկալված նվագախմբի նվագակցությամբ։ Իսկ տոնական երեկոն վարեց հաղորդավար, Nasdaq MarketSite-ի պրոդյուսեր Քրիսթինա Այանեանը, որը հյուրերին ներկայացրեց Թումոյի առաջին 15 տարիների ու ապագային միտված ծրագրերը։

20260920se tumo 0630 - Թումոյի առաջին գալան․ 15 տարվա պատմություն՝ մեկ տոնական երեկոյի ընթացքում

Հյուրերի շարքում էին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, պրոդյուսեր ու դերասան Մայքլ Գյուրջյանը, փոդքասթեր և մեդիա աստղ Սոնա Մովսեսյանը, պրոդյուսեր Պատրիկ Մալքասյանը, MMA-ի մենամարտիկ Արման Ծառուկյանը, ինչպես նաև Թումոյի երկարամյա աջակիցներն ու բարեկամները։ Այսպիսով գալա երեկոն միավորեց մարդկանց, որոնք բազմաթիվ թելերով կապված են Հայաստանի ու Թումոյի հետ և կիսում են միևնույն նպատակը՝ տեսնել պատանիների ապագա հաջողությունն ու ձեռքբերումները։

Հոբելյանական ֆիլմը, որը նաև ներկայացնում էր Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների մտորումները, կրկին ուշադրություն հրավիրեցին Թումո Երևանի վրա, որտեղ 2011 թվականին բացվեց առաջին կենտրոնը։ Գաղափարը պատանիներին իրենց տաղանդները բացահայտելու ազատություն տալն էր՝ տրամադրելով համապատասխան գործիքներ և ուղղորդում։ Այդ օրվանից ավելի քան 100.000 պատանի է անցել Թումոյի ճանապարհը՝ վերածելով այդ փորձառությունը կարիերաների ու երազանքների։

Գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը խոսեց Թումոյի հիմնական կրթական արդյունքներից՝ որևէ ոլորտի հանդեպ իրենց սերը բացահայտելուց մինչև կարիերայի համար անհրաժեշտ հմտությունների ձևավորում։ Նրա համար ամենամեծ արդյունքը սա է. «Իրական կախարդանքը տեղի է ունենում, երբ մեր ուսանողներն ի զարմանս իրենց բացահայտում են բոլոր այն հրաշալի կարողությունները, որ նրանք միշտ էլ ունեցել են»։

9 - Թումոյի առաջին գալան․ 15 տարվա պատմություն՝ մեկ տոնական երեկոյի ընթացքում

Այս ուղերձը յուրահատուկ երանգ հաղորդեց ամբողջ տոնական երեկոյին՝ հիշեցնելով, որ Թումոյի աճի հետևում միշտ պատանիներն են, որոնք ճանաչում ու բացահայտում են, թե ինչի են ընդունակ։

MGM-ի գործադիր տնօրեն ու խորհրդի նախկին ղեկավար Ալեքս Եմենիջյանը ներկայացրեց պատվավոր հյուրերին՝ ServiceTitan-ի հիմնադիրներ Վահե Կուզոյանին ու Արա Մահտեսյանին և NVIDIA-ի Physical AI Simulation-ի փոխնախագահ Ռև Լեբարեդեանին։ Հատուկ ուշադրություն հրավիրվեց տեխնոլոգիաների ոլորտում նրանց ձեռքբերումների և Հայաստանի ու դրա պատանիներին հանդեպ նրանց նվիրվածության միջև կապին։

Վահեի և Արայի համար ServiceTitan-ի պատմությունը սկսվում է դեռ իրենց հայրերի աշխատանքից։ Այն օգնել է նրանց հասկանալ, թե ինչպես կարող են տեխնոլոգիաները խնդիրներ լուծել։ Այս անձնական մեկնակետը վերածվել է կազմակերպության, որը մի ամբողջ ոլորտ է սպասարկում։ Ռևի գործունեությունն օգնել է ձևավորելու տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը և այն, թե ինչպես է աշխարհը սիմուլացվում։ Նրա գործունեությունն ուղղված է նաև Հայաստանի աճող արհեստական բանականության (AI) էկոհամակարգին, ինչպես օրինակ՝ Firebird-ի գործարկման մեջ նրա ունեցած նշանակալի դերը։

20260920se tumo 1047 - Թումոյի առաջին գալան․ 15 տարվա պատմություն՝ մեկ տոնական երեկոյի ընթացքում

Հաջորդիվ հյուրերին իրենց պատմությունը ներկայացրին երկու Թումոյի շրջանավարտները՝ Bleenk AI-ի համահիմնադիր և հաղորդակցության գլխավոր ղեկավար Մերի Գրիգորյանը և Salute AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Հովսեփ Մարդոյանը։ Նրանք երկուսն էլ իրենց ուղին սկսել են Թումոյում։ Այսօր Մերին օգնում է ստեղծել հայկական AI-ի ստարտափ, իսկ Հովսեփը մշակում է ժեստերի լեզվի թարգմանության համար տեխնոլոգիա լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ աճուրդ՝ վեց բացառիկ փորձառությամբ։ Հյուրերը հնարավորություն ունեին սովորել ոլորտի լավագույններից՝ թենիսի լեգենդ Անդրե Աղասիից, շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանից և UFC աստղ Արման Ծառուկյանից։ Մեր պատվավոր հյուրերը ևս յուրահատուկ փորձառություններ առաջարկեցին՝ ճաշ ServiceTitan-ի համահիմնադիրներ Արա Մահտեսյանի ու Վահե Կուզոյանի հետ, ճաշ ու շրջայց NVIDIA-ի գլխամասում Ռև Լեբարեդեանի հետ, ինչպես նաև Լաս Վեգասի MGM Mansion-ում գիշերակաց, որը, ի դեպ, հաճախ անհնար է ամրագրել, ու գոլֆի խաղ Shadow Creek-ում։ Ոլորտում մեծ ճանաչում վայելող Այլին Ակոբյանի վարած աճուրդի ընթացքում հանգանակվեց 251.000 դոլար՝ Հայաստանում Թումոյի ընդլայնմանն աջակցելու համար։

Աճուրդում ներառված 1991 թվականի վաղեմության եզակի «Արարատ» կոնյակը, որը շշալցվել է հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ, ևս մի նշանակալի կապ անցկացրեց Հայաստանի և դրա պատմության հետ։ Շիշը նվիրաբերվել է Թումոյին Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցության շրջանակում, և դրանից ստացված ամբողջ հասույթը ևս ուղղվելու է Հայաստանում Թումոյի գործունեությանը։

Երեկոն առավել հիշարժան դարձավ Սերժ Թանկյանի հատուկ կատարումով՝ դաշնակահար Էրվին Խաչիկյանի նվագակցությամբ։ Սերժը հանդիսատեսին հիացրեց իր «Gate 21» երգով, ինչպես նաև Քրիս դե Բուրգի «I’m Counting on You»-ով։

Նրա ներկայությունը պատմական է Թումոյի համար, քանի որ Սերժն է օգնել Թումոյի երաժշտական ծրագրի կայացմանը և 15 տարի առաջ ելույթ է ունեցել Թումո Երևանի բացմանը։ 15-ամյակի առթիվ նրա վերադարձը խորհրդանշորեն կապեց Վիբիանայի տոնակատարությունը Թումոյի առաջին օրերին՝ կրկին բեմ բարձրացնելով Թումոյի հետ երկար տարիների ընկերությունը։

Հավաքված ավելի քան 17 միլիոն դոլարը կուղղվի Թումո կենտրոնների ու տուփերի գործունեությանը, սովորողների և տեխնոլոգիաների աջակցմանը, ինչպես նաև Հայաստանի ավելի մեծ թվով համայնքներում անվճար կրթական հնարավորությունների ընդլայնմանը։ Առաջիկա նպատակը շաբաթական 60.000 պատանու հասնելն է՝ 14 կենտրոնից և ավելի քան 80 տուփից բաղկացած ցանցի միջոցով։

Թումոյի առաջին գալան, առիթին համապատասխան, ջերմ ու նշանակալի ստացվեց։ Բայց դրա իրական ու երկարաժամկետ ազդեցությունը տեսանելի կլինի Հայաստանում, երբ ավելի ու ավելի շատ երիտասարդներ ոտք կդնեն Թումո և կբացահայտեն՝ ինչի են ընդունակ։

Միացե՛ք Թումոյի 15-ամյակի արշավին և դարձե՛ք մեր նոր գրվող էջի մի մասը՝ armenia.tumo.org/donation.