Բարի գալու՛ստ, Հիրշայդ. Գերմանիայում Թումոյի ընդլայնումը շարունակվում է
Հիրշայդը պաշտոնապես Թումոյի քարտեզին է։ Օրեր առաջ մենք բացեցինք դռներն ուսանողների նոր սերնդի առջև, որոնք պատրաստ են խորասուզվել տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտներում։ Թումոյի ներկայությունը Գերմանիայում, արդեն գործող Բեռլինի ու Մանհայմի կենտրոններով, արագորեն աճում է, և մենք կանգ չենք առնում: Եվս երեք կենտրոններ են սպասվում Լյուդենշայդում, Զաարբրյուքենում և Էսսենում, որոնք Գերմանիայում ավելի շատ ուսանողների համար հասանելի կդարձնեն մեր յուրահատուկ կրթական մոդելը։
Թումո Հիրշայդ․ նորարարության կենտրոն
Թումո Հիրշայդը պաշտոնապես բացեց իր դռները հունվարի 31-ին: Կենտրոն ամեն շաբաթ կարող են հաճախել 500 ուսանող, որոնցից 200‑ը հենց առաջին օրվանից արդեն միացել են ծրագրավորման, անիմացիայի, նկարչության, ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման, խաղերի ստեղծման, լուսանկարչության և ֆիլմերի ստեղծման ոլորտներն առաջարկող ծրագրին։
Կենտրոնը ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության և KfW բանկի կողմից։ Այն գտնվում է MINT-Zentrum Hirschaid կենտրոնի տարածքում և, շարունակելով յուրահատուկ ինտերիերի թումոյական ավանդույթը, ներառում է հայտնի ավստրիացի ճարտարապետ Թոմաս Հերցիգի դիզայնով փչովի նստարաններ և առաստաղներ։
Թումո Բեռլին․ առաջին Թումո կենտրոնը Գերմանիայում
Թումոյի տարածումը Գերմանիայում սկսվեց Թումո Բեռլինից, որը բացվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Այսօր այն դարձել է Թումոյի ամենախոշոր միջազգային կենտրոններից մեկը, ուր շաբաթական հաճախում են 1000-ից ավելի ուսանողներ և ուսումնասիրում նորարական 10 ոլորտներ։ Պատմական Շառլոտենբուրգ թաղամասում գտնվող և KfW բանկի կողմից ֆինասավորվող 2000 քառակուսի մետր զբաղեցնող Թումո Բեռլինը դինամիկ կրթական միջավայր է, որը խթանում է նորարարությունն ու ստեղծարարությունը։ Թումո Բեռլինն արդեն իսկ ունի հմուտ ուսանողների և շրջանավարտների համայնք՝ երիտասարդ մրցունակ մասնագետներից կազմված։
Թումո Մանհայմ․ որտեղ երաժշտությունը հանդիպում է տեխնոլոգիային
Թումո Մանհայմը 2024 թվականի մարտի բացումից հետո հյուրընկալում է շաբաթական 1000 ուսանողի՝ առաջարկելով 8 կրթական ոլորտներ. ծրագրավորում, երաժշտություն, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, գրաֆիկական դիզայն և լուսանկարչություն։
Կենտրոնի առանձնահատկությունը երաժշտական և ձայնագրման նորագույն ստուդիան է, որն արտացոլում է քաղաքի խոր արմատներով երաժշտական ժառանգությունը։
Թումո Մանհայմը հնարավոր է դարձել առանցքային գործընկերների՝ Dietmar Hopp հիմնադրամի, Մանհայմի քաղաքապետարանի, Starkmacher-ի, KfW բանկի և Next Mannheim-ի աջակցության շնորհիվ։
Սպասվող կենտրոններ Լյուդենշայդում, Զաարբրյուքեն և Էսսենում
Թումոյի ընդլայնումը Գերմանիայում շարունակվում է 3 նոր կենտրոնների առաջիկա բացումով Լյուդենշայդ, Զաարբրյուքեն և Էսսեն քաղաքներում։ Այս տարածումն ընդգծում է Թումոյի` պատանիների համար կյանքեր վերափոխող ուսումնական փորձառություններ ստեղծելու առաքելությունը, ինչպես նաև ամրապնդում է Հայաստանում ստեղծված ծրագրի հեղինակությունը միջազգային կրթական ասպարեզում։