Հրապարակային օֆերտա/Ընդհանուր դրույթներ և պայմաններ

«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրին անդամակցելու վերաբերյալ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1․1․ Սույն հրապարակային օֆերտայով (այսուհետ՝ նաև Պայմաններ) կարգավորվում են «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրին (այսուհետ՝ Ծրագրին) անդամակցության իրավունք ունեցող անձանց (ծրագրի շահառուների) (այսուհետ նաև՝ անդամ), նրանց ներկայացուցիչների և ծրագիրն իրականացնող Սիմոնյան կրթական հիմնադրամի (այսուհետ՝ Թումո) միջև ծագող հարաբերությունները, որի շրջանակներում ծրագրի շահառուները հնարավորություն կստանան մասնակցել Թումոյի կողմից կազմակերպվող կրթական Ծրագրերին։

1․2․ Ծրագիրն ուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում մարդկային ներուժի խթանմանը և զարգացմանը։

1․3․ Ծրագիրն իրականացվում է Թումոյի կողմից սահմանված վայրում, ժամանակացույցին համապատասխան, որը Թումոյի կողմից ժամանակ առ ժամանակ կարող է միակողմանիորեն փոխվել։

1․4․ Թումո կենտրոնի անդամն ակցեպտավորելով սույն օֆերտան հավաստում է, որ պարտավորվում է ենթարկվել Թումոյի կողմից հաստատված կարգերին, ընթացակարգերին և կանոնակարգերին (այսուհետ նաև՝ Կանոնակարգ(եր)), ինչպես նաև պահպանել այդ Կանոնակարգերի պահանջները։

1․5․ Թումոն անդամի նկատմամբ հսկողություն իրականացնող հաստատություն չի համարվում։

 

2․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

2․1․ Ծրագիրն իրականացվում է Թումոյի կողմից հաստատված ժամանակացույցով, սահմանված տևողությամբ, բովանդակությամբ և վայրերում։

2․2․ Ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական ոլորտները․

2․2․1․ անիմացիա, 

2․2․2․ կայքերի մշակում, 

2․2․3․ խաղերի ստեղծում, 

2․2․4․ ֆիլմերի ստեղծում 

2․2․5․ երաժշտություն, 

2․2․6․ ստեղծագրություն, 

2․2․7․ նկարչություն, 

2․2․8․ գրաֆիկական դիզայն, 

2․2․9․ եռաչափ մոդելավորում, 

2․2․10․ ծրագրավորում, 

2․2․11․ ռոբոտաշինություն, 

2․2․12․ շարժական գրաֆիկա, 

2․2․13․ լուսանկարչություն, 

2․2․14․ մշակութային և տեխնոլոգիական այլ նախաձեռնություններ։ 

2․3․ Ծրագրի ռեսուրսներն են Թումոյի տարածքը, գույքը՝ ներառյալ համակարգչային և տեխնիկական սարքավորումները, համակարգչային ծրագրերը, արտոնագրերը, մարդկային ներուժը և այլն, որոնց միջոցով ապահովվում է ծրագրի իրականացումը (այսուհետ՝ Ծրագրի ռեսուրսներ)։

2․4․ Թումոյի անդամը ծրագրի ռեսուրսներից օգտվելու համար ստանում է քարտ (այսուհետ՝ Թումո քարտ), Թումո հաշվի օգտատիրոջ անուն և մուտքի գաղտնաբառ։

 

3․ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3․1․ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է, որպեսզի անդամը կամ նրա օրինական ներկայացուցիչը ակցեպտավորի սույն առաջարկը։ Առաջարկի ակցեպտավորումը կարող է իրականացվել գրավոր փաստաթուղթ ստորագրելու կամ Թումոյի կայքում էլեկտրոնային գրանցում անցնելու, համապատասխան փաստաթղթերի նկարներ (սկաններ), պատճեններ տրամադրելու, սույն առաջարկը էլեկտրոնային ձևով ակցեպտավորելու կամ այլ կոնկլյուդենտ գործողությունների միջոցով։

3․2․Թումոյի անդամը/անդամի ներկայացուցիչը Ծրագրի իրականացման ժամանակացույցի, ժամանակացույցով սահմանված օրվա և ժամի փոփոխության մասին նախապես տեղեկացվում է սույն Պայմաններում նախատեսված ծանուցման ձևով։

3․3․ Թումոյի անդամին/ներկայացուցչին ծանուցումները և/կամ որևէ տեղեկացում տրվում է տեսանելի վայրերում տեղադրված հեռուստաէկրաններով, հեռախոսային ավտոմատացված համակարգի միջոցով և/կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով (email) և Պայմաններով սահմանված կարգով: Ծրագրի իրականացման ընթացքում Թումոյի անդամի համար բացվում է էլեկտրոնային հասցե, որը նախատեսված է Ծրագրին մասնակցելու գործընթացի էլեկտրոնային հաղորդակցության համար և հանդիսանում է Ծրագիրն իրականացնողի սեփականությունը։ Թումոյի անդամը պարտավոր է այդ էլեկտրոնային հասցեն օգտագործել բացառապես Ծրագրին առնչվող գործունեության համար և չպետք է այնտեղ պահի անձնական տեղեկատվություն կամ այլ նյութեր։ Թումո Կենտրոնի Անդամի կողմից Ծրագիրն ավարտելուց վեց ամիս հետո կամ Ծրագրին անդամակցությունը դադարեցնել դեպքում Թումոն իրավունք ունի առանց որևէ ծանուցման փակել Թումոյի կողմից անդամին տրամադրված էլեկտրոնային հասցեն։

3․4․ Ակցեպտավորելով սույն Պայմանները՝ անդամը տալիս է իր համաձայնությունը առ այն, որ Ծրագրի շրջանակներում կամ դասընթացների ընթացքում Թումոյի անդամի կողմից անհատապես կամ համահեղինակությամբ ստեղծված բոլոր ծրագրերի, աշխատանքի արդյունքիների, դիզային, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ գույքային իրավունքները փոխանցվում է Թումոյին,  որոնք Թումոն իրավունք ունի իր հայեցողությամբ, իր համար ընդունելի ձևով տիրապետել, վերամշակել, օգտագործել կամ տնօրինել:

3․5․  Թումոյի անդամի մուտքը Թումո կենտրոնի տարածք իրականցվում է Թումո քարտով, որը տրամադրվում է նախապես և հանդիսանում է Թումո կենտրոնի սեփականությունը: Թումոի անդամի մուտքը Թումո կենտրոնի տարածք կարող է իրականացվել նաև Թումոի կողմից սահմանված անդամի նույնականացման այլ կարգի կիրառմամբ։

3․6․ Թումո քարտի կորելու, գողանալու, վնասվելու կամ փչանալու մասին Թումո կենտրոնի անդամը պետք է անհապաղ տեղեկացնի` զանգահարելով կամ այցելելով Թումո կենտրոն։ Թումո քարտը կորցնելու, վնասելու, օգտագործման համար ոչ պիտանի դարձնելու դեպքում Թումո կենտրոնի անդամը պարտավոր է հատուցել Թումոյին պատճառված վնասը, որի չափը կազմում է 3,000 ՀՀ դրամ։

3․7․ Թումոյի անդամը իրավասու չէ Թումո քարտը տրամադրել կամ փոխանցել այլ անձանց, այդ թվում նաև այլ Թումոյի անդամի, ինչպես նաև օգտագործել Թումոյի այլ անդամի Թումո քարտը կամ համակարգիչ մուտք գործելու գաղտնաբառը։

3․8․ Թումո քարտը կորցնելու, վնասելու, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու պատճառով Թումո կենտրոնի տարածք մուտք գործել չկարողանալու և ժամանակացույցով նախապես սահմանված օրերին և ժամերին Ծրագրին չմասնակցելու դեպքում Թումոյի անդամի բացակայությունները համարվում են անհարգելի: 

3․9․ Ծրագրին Թումո անդամի մասնակցությունը դադարելու դեպքում Թումոյի անդամը և/կամ նրա ներկայացուցիչը պատշաճ վիճակով Թումոյին է վերադարձնում Թումո քարտը։ Անդամակցությունը դադարեցնելու կամ ժամանակավորապես կասեցնելու դեպքում Թումո քարտը Թումո կենտրոնի անդամի կամ ներկայացուցչի կողմից հետ չվերադարձվելու դեպքում Թումոն կարող է պահանջել 3,000 ՀՀ դրամ` որպես տուգանք:

3․10․ Ծրագրին Թումոյի անդամի մասնակցությունը կարող է Թումոյի կողմից միակողմանիորեն և անժամկետ կասեցվել։ Այս դեպքում Թումոյի անդամը իրավասու չէ հաճախել Թումո կենտրոնի տարածք և օգտվել Ծրագրի ռեսուրսներից՝ մինչև կասեցման ժամկետի ավարտը:

3․11․ Թումոյի անդամի կողմից Կանոնակարգի կամ Ծրագրի ռեսուրսներից օգտվելու կարգի պահանջները խախտելու դեպքում, նրա նկատմամբ Թումո կենտրոնը կարող է հայտարարել նախազգուշացում, որոշակի ժամկետով միակողմանի կասեցնել նրա անդամակցությունը կամ միակողմանի դադարեցնել նրա անդամակցությունը Ծրագրին։

3․12․ Թումոյի անդամը պետք է հարգալից վերաբերմունք դրսևորի Թումոյի անձնակազմի, Թումո կենտրոնի այլ անդամների նկատմամբ, հարգի այլոց պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև հայացքներն ու համոզմունքները։

3․13․ Թումոյի անդամը պետք է խնամքով վերաբերվի իր կողմից օգտագործվող գույքին և շահագործի այն նպատակային նշանակությանը համապատասխան՝ առանց Թումոյի (գույքին) և այլ անձանց վնաս պատճառելու, հակառակ դեպքում ներկայացուցիչ(ներ)ը և Թումոյի անդամը ենթակա են գույքային պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3․14․ Թումոյի տարածք սահմանված օրը և ժամին հաճախել չկարողանալու դեպքում Թումո կենտրոնի անդամը պետք է նախապես տեղեկացնի Թումո կենտրոնին` նշելով բացակայելու հարգելի պատճառը:

3․15․ Թումոյի անդամը կարող է իր հետ Թումոյի տարածք ներս բերել ուտելիք, ոչ ալկոհոլային ըմպելիք, այդ թվում նաև ջուր՝ միայն ճաշարանի համար նախատեսված վայրում դրանցից օգտվելու պայմանով։

 

4․ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

4.1. Թումոն ձեռնարկում է իրենից կախված լավագույն ջանքերը, որպեսզի կրթական գործընթացի կազմակերպման վայրում ապահովի անդամների անվտանգ գտնվելու համար օրենքով սահմանված պահանջները, բայց և այնպես Թումոն պատասխանատվություն չի կրում Թումոյի տարածքում գտնվելու ժամանակ անդամի կրած կամ անդամի կողմից այլ անձանց պատճառած վնասի համար։ 

4․2․ Թումոն անդամի և/կամ նրա ներկայացուցչի առջև պատասխանատվություն չի կրում, Թումո կենտրոնի տարածքում անդամի գույքը կորելու, փչանալու կամ ոչնչանալու դեպքերում։

4.3. Թումոյի տարածքում գտնվելու ժամանակահատվածում առանց Թումոի մեղքի առկայության անդամի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար Թումոն պատասխանատվություն չի կրում։

4.4. Թումոն իրավասու է հետևել Թումոյի անդամի կողմից Պայմանների, Կանոնակարգերի և Ծրագրի ռեսուրսներից օգտվելու պահանջների պահպանմանը։

4.5. Անդամին Թումո կենտրոն գալու և Թումո կենտրոնից մեկնելու ժամանակ նրան ուղեկցելու հարցերը կարգավորվում և որոշվում են անդամի ներկայացուցչի/ների և/կամ վերջիններիս համաձայնությամբ այլ պատասխանատու անձանց կողմից։ Թումոն պարտավոր չէ ստուգել անդամին ուղեկցող անձի տվյալները և ինքնությունը։

4.6. Թումո կենտրոն կամ տուփ հաճախելու կամ մեկնելու համար ներկայացուցիչներն անդամին առնվազն պետք է բացատրեն ճանապարհային երթևեկության անվտանգության, ընդունելի համակեցության կանոնները և իրականացնեն անհրաժեշտ այլ գործողություններ, որպեսզի անդամը իր վարքագիծն իրականացնի սույն պայմաններին և Կանոնակարգերին համապատասխան։ Այն դեպքում երբ Թումոյի կողմից ապահովվում է անդամի Թումո կենտրոն կամ Թումո տուփ մեկնելու և/կամ վերադառնալու հետ կապված ուղևորափոխադրումը, իսկ անդամը խախտում է սույն կետի պահանջները, ապա Թումոն իրավունք ունի դադարեցնել տվյալ անդամի ուղևորափոխադրումը։

4.7. Ներկայացուցիչը/ները երաշխավորում է/են, որ անդամի կողմից պատճառված վնասի համար իրենք կրելու  են համապարտ պատասխանատվություն։

4.8. Ներկայացուցիչը/ները Թումոյի հետ հարաբերություններում հանդես է/են գալիս ինչպես անդամի անունից, այնպես էլ իրենց անունից։ Ներկայացուցիչներից մեկի գործողությունը համարվում է նաև մյուս ներկայացուցչի անունից կատարված գործողություն։

4.9. Անդամի կամ ներկայացուցչի կողմից Թումոյի դասընթացների շրջանակներում ստեղծված ծրագրերը, աշխատանքները, դիզայնը և մտավոր սեփականության այլ օբյեկտները, ինչպես անդամակցության ընթացքում, այնպես էլ անդամակցությունը դադարեցնելուց հետո, առանց Թումոյի գրավոր թույլտվության չեն կարող օգտագործվել, վերամշակվել կամ փոխանցվել երրորդ անձանց։ Անդամը Թումոյի դասընթացների շրջանակներում ստեղծված ծրագրերը, աշխատանքները և մտավոր սեփականության այլ օբյեկտների հեղինակ լինելու մասին տեղեկությունը կարող է օգտագործել շահույթ ստանալու հետ չկապված նպատակներով, պայմանով որ յուրաքանչյուր դեպքում հստակ նշի, որ այդպիսիք ստեղծվել են Թումոյի դասընթացների շրջանակներում և այդպիսիք առանց Թումոյի համաձայնության չեն կարող օգտագործվել։ Սույն կետով սահմանված պարտականությունը խախտելու դեպքում, Թումոյի գրավոր պահանջով, անդամից և/կամ ներկայացուցչից/ներից համապարտության կարգով հօգուտ Թումոյի որպես տուգանք կարող է բռնագանձվել 100,000.00  (հարյուր հազար) ՀՀ դրամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար, ինչպես նաև Թումոյին պատճառված վնասները։

4․10․ Անդամի կողմից Թումոյին դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքում այն փոխհատուցելու համար Թումոյի գրավոր պահանջը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում անդամը/կամ ներկայացուցիչը/ները պարտավոր են հատուցել պատճառված վնասն ամբողջությամբ։

 

5․ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՏՐՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ

5․1․ Թումոյի անդամը և ներկայացուցիչ(ներ)ը հավաստում են, որ Թումոյի անդամը չունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել Ծրագրին անդամի մասնակցությանը։ Նման խնդիրների առկայության դեպքում ներկայացուցիչը պարտավոր է դրանց մասին տեղեկացնել Թումոյին և Թումոյի համաձայնության դեպքում, ներկայացուցչի համատեղ մասնակցության պայմաններում անդամը կարող է օգտվել Ծրագրից։ Նշված խնդիրների պատճառով Թումոյի տարածքում գտնվելու ժամանակահատվածում Թումոյի անդամի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար Թումոն պատասխանատվություն չի կրում:

5․1․2․ Թումոյի անդամը և ներկայացուցիչը հավաստում են, որ տեղեկեցված են առ այն, որ այն դեպքում, երբ Թումոն ապահովում է անդամի Թումո կենտրոն կամ Թումո տուփ մեկնելու և/կամ վերադառնալու հետ կապված ուղևորափոխադրումը, ապա այն իրականացնում է երրորդ անձանց միջոցով և ուղևորափոխադրման ժամանակ անդամի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար Թումոն պատասխանատվություն չի կրում:

5․2․ Թումոյի անդամը և ներկայացուցիչ(ներ)ը հավաստում են, որ ծանոթացել են Կանոնակարգին, Պայմաններին և համաձայն են դրանցում ամրագրված դրույթներին։

5․3․ Թումո կենտրոնի անդամը և նրա ներկայացուցիչները տալիս են իրենց համաձայնությունն առ այն, որ Թումոն իրավասու է անդամակցության ընթացքում իրականացնել նկարահանումներ, հրավիրել հարցազրույցներ, ինչպես նաև Թումո կենտրոնի անդամի լուսանկարները, տեսաձայնագրություններն օգտագործել ԶԼՄ-ներով, սոցիալական կայքերով և հրապարակային այլ ձևով:

5․4․ Ընդունելով սույն հրապարակային օֆերտան Թումոյի անդամը և նրա ներկայացուցիչը ընդունում են Թումոի Գաղտնիության քաղաքականությունը և համաձայնություն են տալիս նշվածի շրջանակներում իրենց մասին անձնական տվյալներ հավաքագրել, մշակել և օգտագործել։

5․5․ Ընդունելով սույն հրապարակային օֆերտան՝ Թումո կենտրոնի անդամը և նրա ներկայացուցիչը ընդունում են, որ որոշ դասընթացներ կարող են իրականացվել Թումո կենտրոններից կամ տուփերից դուրս և սույն օֆերտայի ակցեպտավորմամբ տրամադրում եմ իրենց համաձայնությունն այն մասին, որ անդամը կարող է մասնակցել նման դասերին։ 

5․6․ Թումոյի անդամը և ներկայացուցիչը տալիս են իրենց համաձայնությունն առ այն, որ որոշ դասընթացների համար անդամին հատկացվեն Թումոյին սեփականության իրավունքով պատկանող համակարգիչ, լուսանկարահանման սարք և այլ սարքավորումներ, որոնց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում անդամը և/կամ ներկայացուցիչը։ Նշված սարքավորումների անդամին հանձնելու փաստը կարող է հավաստվել Թումոյի և անդամի միջև կնքվող ընդունման հանձնման ակտով, տեսաձայնագրություններով և օրենքով չարգելված այլ եղանակներով։

 

6․ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

6․1․ Սույն պայմանների, Կանոնակարգի, Թումոյի անդամի, ներկայացուցչի, ներկայացուցիչների հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի փոփոխությունները և լրացումները կատարվում են Թումոյի կողմից միակողմանիորեն։

6․2․ Թումոյի անդամի և ներկայացուցչի, ներկայացուցիչների համար սույն պայմանների, Կանոնակարգի, Թումո կենտրոնի անդամի, ներկայացուցչի, ներկայացուցիչների հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի փոփոխությունները և լրացումները պարտադիր են դառնում նրանց կողմից դրանց մեկ օրինակը ստանալու կամ Թումոյի www.tumo.org կայքում հրապարակվելու հաջորդ օրվանից։

6․3․ Թումոյի կենտրոնի և Ծրագրի վերաբերյալ տեղեկություններին Թումոյի անդամը և ներկայացուցիչ(ներ)ը իրազեկվում են Թումոյին պատկանող www.tumo.org կայքի միջոցով: Անկախ նրանից, Թումո կենտրոնի անդամը և ներկայացուցիչ(ներ)ը փաստացի ծանոթացել են կայքում հրապարակված տեղեկությանը թե ոչ, կայքում հրապարակվելու հաջորդ օրվանից նրանք համարվելու են իրազեկված։

6․4․ Թումո կենտրոնը իրավասու է միակողմանիորեն դադարեցնել Թումոյի անդամի մասնակցությունը Ծրագրին՝ Պայմաններում նշված ծանուցման կարգով այդ մասին իրազեկելով անդամին և/կամ ներկայացուցչին:

 

«Թարմացված է»՝ 12․06․2023թ․