Ինչպես Թումոն` «մեծ ու անծանոթ աշխարհը», ամբողջովին փոխեց Գրիգորի Արտազյանի կյանքը՝ հասցնելով նրան աշխարհի լավագույն նորարարական համալսարաններից մեկը։
20-ամյա Գրիգորին ԱՄՆ-ի Միներվա համալսարանի համակարգչային գիտության ֆակուլտետի ուսանող է և արդեն հասցրել է սովորել իր համալսարանի Հարավային Կորեայի և Թայվանի կամպուսներում, հիմա էլ մեզ հետ զրուցում է Հնդկաստանից։ 2014 թվականին, երբ Գրիգորին դեռ 11 տարեկան էր, ընկերների հետ իմացավ Թումոյի մասին, և, չնայած այնքան էլ չէր պատկերացնում՝ իրեն ինչ է սպասվում, համբերեց մի քանի ամիս և 12-ը լրանալուն պես եկավ Թումո։ «Հետո կյանքը փոխվեց․ ընկերներով սկսեցինք հաճախել, ու շաբաթվա այն օրը, երբ դասերից հետո պետք է գայինք Թումո, դարձավ ամենասիրելին: Թումոն դուռ էր դեպի մի նոր, մեծ ու անծանոթ աշխարհ»,- պատմում է Գրիգորին։
Նոր ոլորտներ, ձախողումներ ու հաջողություններ
Գրիգորին սովորում էր ֆիզմաթ դպրոցում, և, ինչպես ինքն է ասում, Թումոն նրա համար ֆիզիկայից ու մաթեմատիկայից կտրվելու վայրն էր: Այստեղ նրան ավելի շատ հետաքրքրում էին ստեղծագործական ոլորտները` գրաֆիկական դիզայնից մինչև ստեղծագրություն, իսկ ֆիլմերի ստեղծման դասընթացն ու աշխատարանները նրա ամենասիրելին էին:
«Թումոն փոքրուց ինձ սովորեցրեց ձախողել ու ձախողումից ուժ հավաքել»,- Գրիգորին հիշում է, թե ինչպես չանցավ ֆիլմերի երկրորդ մակարդակից՝ երրորդը, և ստիպված էր սպասել ևս վեց ամիս կրկին փորձելու համար։ Այս վեց ամիսների ընթացքում Գրիգորիին քաջալերում և օգնում էին դասընթացավարները և մարզիչները: Վեց ամիս անց Գրիգորին ֆիլմերի ստեղծման դասընթացի երրորդ մակարդակում էր, իսկ 2019-ին` Մերի Քեթրինգի աշխատարանում ընկերների հետ համատեղ արդեն ստեղծել էր «Կավե մարդ» ֆիլմը, որը դարձավ Վահէ և Լյուսի մրցույթի երկրորդ մրցանակակիր։
Թումոյի աշխատարաններից՝ Միներվայի համալսարան
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով որոշ ժամանակ Թումոյի դասերն առցանց էին անցակցվում: Այդ օրերին Գրիգորին մասնակցում էր Դիլան և Սոֆիա Մուրերի աշխատարանին, որում ոչ միայն սովորում էր ստեղծել ինտերակտիվ պատմություններ արհեստական բանականության միջոցով, այլև օգնում էր թարգմանել աշխատարանը մյուս թումոցիների համար: Հենց այս ժամանակ Գրիգորին լրջորեն սկսեց մտածել կրթությունն արտերկրում շարունակելու մասին։ Աշխատարանի ընթացքում միայն առցանց շփվելուց հետո Գրիգորին Դիլանին ու Սոֆիային անձամբ առաջին անգամ հանդիպեց հենց իրենց տանը. երբ նա փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում էր, գոհաբանության օրը իր սիրելի դասընթացավարների տանը նշեց:
Հենց Դիլանն ու Սոֆիան են նաև Գրիգորիին օգնել դիմել ԱՄՆ-ի մի շարք համալսարաններ` կիսվելով իրենց փորձով և հայտադիմումները լրացնելու գաղտնիքներով: «Մոտ երեսուն համալսարան դիմելու արդյունքում մի քանիսը ընդունվեցի, բայց ընտրեցի Միներվան, որի կրթական ծրագրով ամեն կիսամյակ ճամփորդում ես մի նոր երկիր, նոր հմտություններ ձեռք բերում, տարբեր առարկաներ սովորում ու բացահայտում աշխարհը»,- ոգևորությամբ պատմում է Գրիգորին։
Գրիգորիի հաջորդ հասցեն Արգենտինան է: Թե ինչ է պատրաստվում անել յոթ երկրում սովորելուց հետո, այնքան էլ հստակ չգիտի, բայց մի բանում է համոզված` վերադառնալու է և իր ներդրումն է ունենալու Հայաստանում համակարգչային գիտության ոլորտի զարգացման գործում: