Երազանքի ետևից՝ դեպի Նյու Յորքի ֆիլմ ակադեմիա

Երազանքի ետևից՝ դեպի Նյու Յորքի ֆիլմ ակադեմիա

Թումո Երևանում հերթական կինոուրբաթ էր։ Դահլիճում նստած էր մի աղջիկ, որը չէր կարողանում աչքը կտրել էկրանից և ամբոջովին կլանված էր ֆիլմի և հանդիսատեսի միջև տեղի ունեցող լուռ զրույցով։ Այդ աղջիկը մեր ուսանող՝ այժմ շրջանավարտ, Մարիամ Հարությունյանն էր, որը այդ երեկո անսպասելիորեն, բայց անդարձ սիրահարվեց համր կինոյին։

Թումոյի առաջին կինոերեկոներից տարիներ են անցել, բայց Մարիամի սերը համր կինոյի հանդեպ ավելի խորն է, քան երբևէ։ Վճռականությամբ, նվաճումներով ու փորձով զինված՝ Մարիամը պատրաստվում է հյուսել պատմություններ, որոնք հանդիսատեսի հետ կխոսեն զգացմունքների լեզվով։

«Թումոն Չապլինի «Նոր ժամանակներ» ֆիլմի լուռ հմայքը ցույց տալով չի սահմանափակվել», – նշում է Մարիամը։ Մոնտաժի առաջադրանքներից մինչև նկարահանումներ՝ Թումոյի դասընթացների և աշխատարանների շրջանակում նա իրեն փորձարկել է տարբեր դերերում։ Զգալով կենտրոնում ստացած գիտելիքների փոխակերպող ուժը՝ Մարիամը խորապես հասկանում է որակյալ կրթության կարևորությունը։ Ավելին սովորելու ձգտումն էլ իր հավերժական շարժիչն է։

«Դպրոցում և տանը մեր աշխարհայացքը սահմանափակված է ընկերներով և ընտանիքով, իսկ Թումոյում շատերը, այդ թվում և ես, հնարավորություն ունեն առնչվել նոր տեսակետների և մշակությների հետ այնպիսի միջավայրում, որտեղ կարող ես մտածել առանց որևէ վախի և սահմանափակումների», – ասում է Մարիամը։ Շնորհիվ այն խրախուսանքի և ոգեշնչման, որ նա ստացել էր դասավանդող մասնագետներից և թումոցի ընկերներից՝ Մարիամը խանդավառությամբ ուսումնասիրեց ֆիլմարտադրությունը և ավելի համոզվեց իր ընտրության մեջ։

19452797 1371855739550711 8467979810572556456 o - Երազանքի ետևից՝ դեպի Նյու Յորքի ֆիլմ ակադեմիա
1 13 - Երազանքի ետևից՝ դեպի Նյու Յորքի ֆիլմ ակադեմիա

«Ավելի լավ չի՞ դերասանուհի լինես». սա, անկասկած, Մարիամի ամենաքիչ սիրելի հարցն է։ Չնայած կնոջը ավելի «համապատասխան» թվացող դերասանուհու դերին, փոքրիկ Մարիամը երբեք չէր կասկածում, որ իր տեղը տեսախցիկի ետևում է։ «Քառասուն տարեկանը չլրացած մարդիկ չեն կարող ռեժիսոր համարվել»՝ մեկ այլ կարծրատիպ, որը նա նույնպես որոշել է անտեսել։

«Թումոյում այդ ամենը նշանակություն չուներ։ Ես օր ու գիշեր կանցկացնեի այնտեղ՝ սովորելու և ստեղծագործելու անհաղթահարելի ցանկությունից դրդված։ Միակ պահը, երբ հիշում էի, որ պետք է տուն գնամ, այն ժամանակ էր, երբ ծնողներս զանգում և ասում էին, որ կարոտում են ինձ»,- ծիծաղում է Մարիամը։

Բազմակի մրցանակակիր կինոռեժիսոր, այն ժամանակ՝ Լոնդոնի BBC-ի պրոդյուսեր Կարո Բերբերյանի աշխատարանը Մարիամը մեծ սիրով է հիշում։ «Մենք դեռ կապի մեջ ենք, ինչպես նաև Թումոյում ձեռք բերած որոշ ընկերներիս հետ։ Երբեք չէինք մտածի, որ տարիներ անց մենք կզբաղվենք նրանով, ինչը պարզապես մեզ հաճույք և ուրախություն է բերում»,- ասում է Մարիամը:

1 2 - Երազանքի ետևից՝ դեպի Նյու Յորքի ֆիլմ ակադեմիա
1 6 - Երազանքի ետևից՝ դեպի Նյու Յորքի ֆիլմ ակադեմիա

Դպրոցն ավարտելուց հետո Մարիամը խորասուզվեց թատրոնի աշխարհ՝ զարգացնելով իր տաղանդը և գեղարվեստական ​​պրիզման Հայկական պետական ​​մանկավարժական համալսարանում։ Յուրաքանչյուր ներկայացման հետ նա էլ ավելի էր համոզվում կինոյի՝ մարդու վրա ունեցած փոխակերպիչ ազդեցության մեջ։ Նրա ռեժիսորական դեբյուտը` «Շեքսպիրյան տրիլոգիա» բեմադրությունը, ճանաչում է ստացել 2021 թվականին Երևանում անցկացվող Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնում՝ արժանանալով գլխավոր մրցանակի «Fest Off» ծրագրում։ Այս ձեռքբերումից հետո նա 2022 թվականին ներկայացրեց իր երկրորդ բեմադրությունը՝ «Լիր արքա»-ն։

Կինոյի հանդեպ տածած սիրով և թատերական փորձով թևավորված՝ Մարիամը անցավ իր սեփական դեբյուտային ֆիլմը ստեղծելուն։ Անցյալ տարի քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված այդ ֆիլմը՝ «Լռությունը սպանում է», առաջադրվել է Բեռլինի կին կինոգործիչների 5-րդ փառատոնում և 20-րդ KIN միջազգային կինոփառատոնում։

305106982 3104797239833041 4370353261740902301 n - Երազանքի ետևից՝ դեպի Նյու Յորքի ֆիլմ ակադեմիա

Ֆիլմի պրեմիերան կրկնապատկեց Մարիամի եռանդը կինոյի հանդեպ։ Նրան գրավեց տեսողական և կատարողական արվեստի ոլորտում առաջատար Նյու Յորքի կինոակադեմիան (NYFA) և, իր առջև ունենալով հստակ նպատակ, Մարիամը ընդունվեց։ Նյու Յորքի կինոակադեմիան ուսման վարձը հսկայական մարտահրավեր է, սակայն Մարիամը չի հուսահատվում. նա դրամահավաք է սկսել, որպեսզի կարողանա ստանալ իր ուսումը լիարժեք դարձնող տեխնիկական գիտելիքները։ «Թատրոնը եղել է ամուր հիմք, և ոչ վերջնակետ։ Դրա կենդանի կատարումների, դերասանների ու հանդիսատեսի դինամիկ փոխազդեցության շնորհիվ ես սկսեցի հասկանալ, թե որն է պատմվածքի էությունը ֆիլմում և ինչպես այն մարմնավորել», – ասում է Մարիամը։

Չնայած ոմանց NYFA-ի հագեցած ծրագիրը կարող է վախեցնել, Մարիամն անհամբերությունից իր տեղը չի գտնում։ «Ինչո՞ւ Նյու Յորքի կինոակադեմիան. մտքերը և գաղափարները ազդեցիկ ֆիլմերի վերածելու համար այնքան կարևոր է փորձարկել տարբեր գործառույթներ, ինչի հնարավորությունը NYFA-ում ես կունենամ յուրաքանչյուր ուսումնական տարի»։

nyfa2 1500 1300x820 1 - Երազանքի ետևից՝ դեպի Նյու Յորքի ֆիլմ ակադեմիա

Մարիամի ամենամեծ նպատակը, թերևս, իր արվեստն օգտագործելն է՝ փոփոխություններ խթանելու և նոր սերնդի պատմասացների համար ճանապարհ հարթելու համար։ «Երբ 14 տարեկանում ամառային ճամբարում էի, ինքս ինձ նամակ գրեցի կինոդպրոց բացելու ցանկության մասին։ Ես նույնիսկ տեղն եմ ընտրել», – ծիծաղում է Մարիամը՝ ցույց տալով իր տան պատշգամբից երևացող մի փոքրիկ բլուր։

Հաշվի առնելով Մարիամի նպատակասլացությունն ու տաղանդը՝ վստահ ենք, որ նրա նվաճումները մեկ բլուրով չեն սահմանափակվի։ Մարիամին իր երազանքի կրթությունը ստանալու հարցում կարող եք աջակցել այստեղ:

1 14 - Երազանքի ետևից՝ դեպի Նյու Յորքի ֆիլմ ակադեմիա