Կադրից դուրս ու ներս՝ Թումո շրջանավարտ Թորոսի հետ

Թվայինի կողմից գրավված այս դարաշրջանում շոշափելիի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար ավելի շոշափելի է դառնում: Այս անալոգային վերածննդի հերոսներից մեկը Թումոյի շրջանավարտ և Box Photo Laboratory-ի հիմնադիր Թորոսն է: 26-ամյա լուսանկարիչն իր առաքելությունն է դարձրել խթանել անալոգային լուսանկարչության հասանելիությունն ու գրավչությունը՝ փոխանցելով այս արվեստը ապագա սերունդներին:

Boxlab-ի ստեղծումը պայմանավորված էր անհրաժեշտությամբ և նորարարությամբ: Թորոսը շուկայում բարձրորակ անալոգային լուսանկարների մշակման և թվայնացման ծառայությունների բաց էր նկատել: «Boxlab-ից առաջ հնարավոր չէր հեշտությամբ մշակել և թվայնացնել ժապավենները», – բացատրում է Թորոսը:

Ամեն ինչ սկսվեց համալսարանի միջանցքում՝ անալոգայինի մեկ այլ սիրահար Վիկտորի հետ պատահական հանդիպմամբ: Թորոսի և Վիկտորի հենց այս ընդհանրությունն էր, որ դրեց անալոգային լուսանկարչության շուրջ համախմբված համայնքի հիմքը և տարավ դեպի Boxlab-ի աշխատարաններ, համայնքային միջոցառումներ, ցուցադրություններ և բաց դասեր:

Կրթության հետ կապված Թորոսի ընկալումները անսպասելիորեն առանցքային դեր են խաղացել նրա կյանքում: Չնայած ավանդական կրթության հանդեպ նրա նախնական անտարբերությանը, Թումոյին հաջողվեց սովորելը սիրելի զբաղմունք դարձնել Թորոսի համար: «Հիշում եմ՝ ինչպես էի սպասում ուրբաթ օրվա ժամը 5:30-ին, որ գնամ Թումո: Թումոն պարզապես վայր չէր. այն փոխեց մեր սերնդի վերաբերմունքը կրթության հանդեպ », – նշում է Թորոսը՝ կարևորելով այն, որ Թումոյի շնորհիվ սովորելը դարձավ հաճույք:

Ապրուստի միջոցի վերածվելով՝ հոբբին աստիճանաբար ավելի քիչ ուրախություն էր բերում Թորոսին: «Երբ հոբբիդ դառնում է աշխատանք, սկսում է անհետաքրքիր դառնալ», – խոստովանում է Թորոսը: Նոր հետաքրքրությունների փնտրտուքը Թորոսին տարավ դեպի վինիլների աշխարհ, իսկ հայկական էստրադային երաժշտության սկավառակների իր հավաքածույի ստեղծմանը զուգահեռ սկսեց հետաքրքրվել մեկ այլ անալոգ հոբբիով՝ մոտոցիկլետների նորոգմամբ:

Անալոգ լուսանկարչությունը, հատկապես երիտասարդների համար, նոստալգիկ թարմություն և մագնիսականություն ունի: Բայց Թորոսի համար այն ավելին է, քան պարզապես թրենդ. այն մարդկության հիշողության և մշակութային ժառանգության պահպանում է: Ճանաչելով հիշողությունների անփոխարինելի արժեքը՝ Թորոսը հաճախ առանց որևէ վարձատրության թվայնացնում է մշակութային արխիվները: «Պետք է աշխատենք մեր արխիվների վրա և զարգացնենք այս ոլորտը՝ դարձնելով այն մշակույթի մաս», – ընդգծում է Թորոսը:

Հստակ պահանջներ և կանոններ թելադրող մութ սենյակը Թորոսի համար իրական սրբավայր է: Սա տարածք է, որտեղ ստեղծարարությունն ու կարգապահությունը միավորվում են՝ մեդիտացիայի և կենտրոնացման յուրահատուկ ձևաչափեր ստեղծելով:

Boxlab-ի օգնությամբ Թորոսն ընդլայնեց իր ազդեցությունը և սկսեց իր սեփական դասընթացները վարել: Բաց չթողեց նաև նոր սերնդի շրջանում անալոգայինի հանդեպ սեր ձևավորելու հնարավորությունը՝ Թումոյում Analog Yerevan աշխատարանը վարելով:

Թվային տեխնոլոգիաների համատարած ազդեցության պայմաններում Թորոսի աշխատանքը շարունակում է հիշեցնել ոսպնյակի միջոցով պահեր անմահացնելու և մութ սենյակի լռության մեջ դրանց կյանք տալու գեղեցկության մասին: