Թումոյի նորարարական կրթությունն այժմ հասանելի է Տավուշի մարզի ողջ տարածքում

Թումոյի նորարարական կրթությունն այժմ հասանելի է Տավուշի մարզի ողջ տարածքում

Դեկտեմբերի 28, Երևան. Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է, որ Թումոյի կրթական ցանցն այժմ ընդգրկում է ողջ Տավուշի մարզը՝ նորարարական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով ոչ միայն մարզի բոլոր՝ անգամ ամենահեռավոր և սահմանամերձ համայնքների, այլ նաև հարևան մարզերի մի շարք բնակավայրերի պատանիների համար:

10 տարի առաջ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակությամբ հիմնադրված Թումո Դիլիջանով սկիզբ առած՝ տավուշցի պատանիներին 21-րդ դարի կրթությամբ ապահովելու ճանապարհը իր ավարտին է հասցվել թերևս ամենասպասված՝ Կողբի Թումո կենտրոնի գործարկմամբ: Այս գյուղում վերջերս դռները բացած Թումո կենտրոնը, որտեղ արդեն շուրջ 300 պատանիներ են սովորում, նախաձեռնվել է Կողբ հիմնադրամի հետ համագործակցությամբ և իրականություն դարձել Թումո Հայաստան ծրագրի նվիրատուների, JHM հիմնադրամի, Mission Enfance հումանիտար ասոցիացիայի, ինչպես նաև Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի աջակցության շնորհիվ։

Տավուշի մարզում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնումը հատկանշական է մի շարք առումներով: Հենց այս մարզով է սկսվել Թումոյի մոդելը Հայաստանի ամենատարբեր անկյուններում ներդնելու ուղին. Թումո Դիլիջանը Երևանից դուրս բացված առաջին կենտրոնն է եղել:

Ավելին, հենց Տավուշում է փորձարկվել և իր արդյունավետությունն ապացուցել Թումո տուփերը կենտրոններին կցելու միջոցով մարզային հանգույցներ ստեղծելու մոտեցումը: 2020 թվականին բացված անդրանիկ Թումո տուփերի՝ Գավառի և Բերդի ուսանողներն առաջինն էին, որ ինքնուսուցման վարժանքներն անցնում էին սեփական համայնքում, իսկ դասընթացների և աշխատարանների համար մեկնում մոտակա՝ Դիլիջանի Թումո կենտրոն:

Վերջապես, Տավուշը առաջին մարզն է, որտեղ դասավանդում են մարզերում որակյալ կրթության ապահովմանն ուղղված մեկ այլ նախագծի՝ Թումո Ակադեմիայի շրջանավարտները: Ակադեմիայի անվճար կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած և նոր մասնագիտություն ստացած ուսանողների առաջին խումբն արդեն միացել է Դիլիջանի և Կողբի Թումո կենտրոնների թիմերին:

«Տավուշի մարզի բոլոր Թումո կենտրոնների և տուփերի կառուցումը մեծ կարևորություն ունի մեզ համար: Թումո Դիլիջանը մեր առաջին մարզային կենտրոնն է եղել, իսկ դրան կցված Թումո Բերդը՝ մեր առաջին Թումո տուփը: Ուրախ ենք, որ Տավուշում առաջին քայլերը արած Թումո Հայաստան ծրագրի կարևորագույն հաջողություններից մեկը գրանցում ենք հենց այս մարզում», – նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Դիլիջանի և Կողբի Թումո կենտրոններից և դրանց կցված՝ Իջևանի, Բերդի, Ազատամուտի, Արձվաբերդի, Սևանի, Գավառի, Շնողի, Ճամբարակի, Օձունի և շուտով՝ Ծովագյուղի Թումո տուփերից բաղկացած միջմարզային ցանցի շնորհիվ ստեղծվել են ոչ միայն կրթական հնարավորություններ և տասնյակ աշխատատեղեր, այլև նաև սոցիալական և համագործակցային կապեր տարբեր մարզերի պատանիների միջև:

«Թումոն ինձ համար եղել է ամեն ինչի սկիզբը: Հենց սկսեցի հաճախել Բերդի տուփ ու դասընթացների մասնակցել Դիլիջանի կենտրոնում, լայնացավ աշխարհայացքս, դարձա ավելի ինքնուրույն, պատասխանատու… ու արդեն տեսնում եմ Թումոյի տված գիտելիքների արդյունքները: Երկու տարի առաջ առաջին անգամ Թումոյում եմ ծանոթացել գրաֆիկ դիզայնի ոլորտին, իսկ հիմա արդեն աշխատում եմ որպես գրաֆիկ դիզայներ. իմ սեփական նախագծերն եմ անում, պատվերներ եմ ստանում… », – ասում է Բերդի Թումո տուփի առաջին ուսանողներից Նելլին:

Տավուշը Թումոյի ցանցում ամբողջապես ընդգրկված երկրորդ մարզն է՝ Շիրակից հետո: Հաջորդ մարզը, որտեղ Թումոն հասանելի կլինի ամբողջապես` Սյունիքն է։ Շարունակելով իրագործել Հայաստանի ողջ տարածքում նորարարական կրթության հավասար հասանելիության ապահովման իր առաքելությունը՝ Թումոն նախատեսում է 16 կենտրոններից և 110 տուփերից բաղկացած ցանցի կառուցումն ավարտել 2026 թվականին:

Այս ձեռքբերումը հնարավոր չէր լինի առանց Թումո Հայաստան ծրագրի նվիրատուների և Թումոյի տեսլականը կիսող գործընկերների, ուսուցանողների և աջակիցների համագործակցության: