3,5 հարց Քրիս Սաֆարյանի հետ՝ կիբեռանվտագության նորաձև կողմի մասին

1 1 - 3,5 հարց Քրիս Սաֆարյանի հետ՝ կիբեռանվտագության նորաձև կողմի մասին

Երբ խոսում ենք կիբեռանվտանգության մասին, հաստատ չենք պատկերացնում նորաձևության պոդիում։ Բայց Քրիս Սաֆարյանի համար այս երկուսի միջև կապը բնական է։ Քրիսը կիբեռհետաքննության մասնագետ է, որի կարիերան ընթանում է բարձր նորաձևության ոլորտի տեխնոլոգիական ուղով, որտեղ հագուստի թրենդները փոխվում են յուրաքանչյուր կիսամյակ, իսկ հաքերային վտանգները՝ օրը մի քանի անգամ։ Երկու դեպքում էլ, եթե ձեռքերդ ծալած նստես, հետընթաց կապրես։
Երբ Քրիսը Թումոյում անցկացրեց իր առաջին աշխատարանը, այն սիրվեց բոլորի կողմից։ Թե՛ Քրիսը, թե՛ ուսանողները շատ հավանեցին աշխատարանի փորձառությունը։ Եվ սա հիանալի առիթ էր Քրիսին մեր ավանդական 3,5 հարցը տալու համար։

Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր աշխատել ոլորտում, որը, ըստ էության, համացանցի «շտապօգնությունն» է։
Փոքր ժամանակ երազում էի բժիշկ դառնալ։ Պապիկս էլ էր բժիշկ, ու ինձ դուր էր գալիս մարդկանց օգնելու գաղափարը։ Բայց երբ առաջին համակարգիչս ձեռք բերեցի, հետաքրքրություններս փոխվեցին։ Սիրում էի ինչ-որ բաներ քանդել և տեսնել, թե ինչպես են դրանք աշխատում։ Շատ շուտով հասկացա, թե ինչպես են բժշկության և համակարգչային ոլորտները փոխկապակցված. աշխտորոշել խնդիրները, կանգնեցնել վիրուսները և կանխել կրկնավարակը։ Պատահարներին արձագանքումը թվային աշխարհի համար, կարծես, բժշկական տեսակավորում լինի։ Կանգնեցնում ես արնահոսությունը, կայունացնում ես հիվանդի վիճակը և փորձում ես պարզել խնդրի պատճառը։ Այսպես համատեղվում են բժշկության հրատապությունը և տեխնոլոգիաները։

Ո՞րն է կիբեռանվտանգության մասին ամենամեծ միֆը։
Մարդիկ սովորաբար կիբեռանվտանգության մասնագետին պատկերացնում են ինչ-որ մութ նկուղում, որտեղ նա հուդի հագած արագ-արագ համակարգչի ստեղներն է սեղմում։ Բայց իրականում կիբեռանվտանգությունը Slack-ում անվերջ նամակագրություններ են և կոդային սխալների լուծումները։ Օրինակ, չես կարող թիմի գլխին հազարավոր խնդիրներ լցնել և ակնկալել, որ նրանք բոլորի լուծումը կգտնեն։ Այս մեթոդով, վստահաբար, ոչ մի բանի չես հասնի։ Պետք է լինես գործընկեր, ոչ թե խոչընդոտ։ Սա նշանակում է հասկանալ նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը, սահմանել առաջնահերթությունները, հասկանալ՝ ինչը կարող է խոցելի լինել և ինչն ամենամեծ ազդեցությունն ունենալ։ Վերջում՝ լուծումները ներկայացնել հասանելի ձևով։

Մարդկանց հաճախ անվանում են «թույլ օղակ», ոչ թե որովհետև նրանք անզգույշ են, այլ որովհետև զինված չեն ճիշտ գիտելիքներով։ Մենք պետք է մշակենք այնպիսի համակարգեր և ծրագրեր, որոնք անվտանգ ընտրությունը դարձնում են ամենահեշտը։ Պետք չէ մեղադրել օգտատերերին, այլ պետք է ավելի հեշտ կամ ծույլ տարբերակն ամենաապահովը դարձնել։ Օգտատերը պետք է սեղմի ճիշտ կոճակը, քանի որ դա ավելի հեշտ է, քան սխալը սեղմելը։

Եթե պատանիները ցանկանում են ուսումնասիրել կիբեռանվտանգություն, որտեղի՞ց խորհուրդ կտայիք սկսել։
Նրանց խորհուրդ կտայի homelab կառուցել։ Թվում է, թե բարդ է, բայց այնքան հեշտ է, որքան հին համակարգչի վրա VirtualBox-ով մի քանի օպերացիոն համակարգ աշխատացնելը։ Կարող եք «բզբզալ» տարբեր օպերացիոն համակարգերով, օրինակ՝ Kali Linux-ով։ Նպատակը մեկ օրում կիբեռանվտանգության գուրու դառնալը չէ, այլ սովորելը, թե ինչպես են աշխատում տարբեր գործիքները և տեխնոլոգիաները։ Դա քիչ ռիսկային միջավայր է, որտեղ կարող ես փորձարկումներ անել և սովորել սխալներից։

Տեխնիկական մասն ուսումնասիրելուց բացի՝ թվային դետեկտիվ լինելու սովորություն ձևավորիր։ Ուսումնասիրիր տվյալների հայտնի արտահոսքերը և հաքերային հարձակումները։ Համացանցում շատ տեղեկատվության կա այս մասին։ Միայն տեխնիկական մասը չէ, որ կարևոր է հասկանալ, այլ ամբողջ պատմությունը։ Ինչու՞ որևէ բան պատահեց։ Ո՞րն էր շարժառիթը։ Ինչպե՞ս կարելի էր կանխել դա։ Հենց այստեղ են միաձուլվում տեխնիկական հմտությունները խնդիրների ստեղծարար լուծման և քննադատական մտածողության հետ։ Եվ սա հենց այն է, ինչ պահանջում է ոլորտը։

Հետաքրքիր փաստ
Բարձր նորաձևությունն ու պատահարներին արձագանքելը գոյատևման նույն կանոնն ունեն, եթե բաց թողնես թրենդը, այլևս ակտուալ չես։ Դիզայներներն առաջ են գնում՝ սեզոնից սեզոն վերափոխելով հագուստները։ Հաքերները նույնն են անում, միայն թե իրենց «հավաքածուները» հանկարծակի են «թողարկվում»։ Երկու ոլորտներն էլ պատժում են անգործությունը։