Դոնարայի տեսախցիկի հետևում` ապակոդավորելով կյանքը կադր առ կադր

Յուրաքանչյուր լուսանկարչի համար ֆոտոխցիկն իր կյանքի անբաժան մասն է: Թումո Գյումրիի շրջանավարտ և TUMOgraphy մրցույթի հաղթող Դոնարա Հովսեփյանն էլ բացառություն չէ: Մենք թերթեցինք Դոնարայի թումոյական արխիվներն ու զրուցեցինք նրա հետ` բացահայտելով, թե ինչ դեր է իր կյանքում խաղում ֆոտոխցիկը։

donara main - Դոնարայի տեսախցիկի հետևում` ապակոդավորելով կյանքը կադր առ կադր

Կարանտինային ոգեշնչումներ

Լուսանկարչության հանդեպ Դոնարայի սերը ծնվեց կորոնավիրուսի պանդեմիայի օրերին։ «2020-ին Թումոյում՝ ինչպես բոլոր տեղերում, ամեն ինչ օնլայն էր: Այդ ժամանակ լուսանկարչությունը հրաշքի պես բան էր թվում: Այս ընթացքում էլ մեկնարկեց DIY Photo Studio at Home աշխատարանն Արամ Կիրակոսյանի հետ, որի ընթացքում լուսանկարում էինք հենց մեր հեռախոսներով, և հենց այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ: Այնքան էի ոգեշնչված մեր աշխատարանի ղեկավարից: Ամեն ինչ նրանից եմ սովորել: Երբ նա մեզ ցույց տվեց Գյումրիի իր լուսանկարները, ես սկսեցի քաղաքն այլ աչքերով տեսնել: Մինչ այդ լուսանկարչությանը լուրջ չէի վերաբերում, բայց աշխատարանից հետո այն ապրելակերպ դարձավ»:

Առաջին աշխատարանին հաջորդեց լուսանկարչության ոլորտի առաջին դասընթացը 2020-ի դեկտեմբերին: Դասընթացի այս մակարդակում Դոնարան սովորեց օգտվել տեսախցիկից և աշխատել լույսի հետ։ Ահա դասընթացից մի քանի լուսանկարներ:

Նույն տարում Դոնարան ծնողներից նվեր ստացավ իր առաջին ֆոտոխցիկը: «Հիշում եմ՝ որքան ոգևորված էի և ուզում էի շտապ լուսանկարներ անել, բայց մարտկոցը լիցքավորում չուներ, իսկ տանն էլ հոսանք չկար, ու չկարողացա ֆոտոներ անել: Վաղ առավոտյան մարտկոցը լիցքավորեցի, ու չէի համբերում, թե երբ եմ սկսելու, չնայած որ նույնիսկ չգիտեի` նկարելու կոճակը որտեղ էր»:

Մոտիվացնող ալգորիթմներ

Դոնարայի սիրելի լուսանկարիչներն են Բրյուս Դեյվիդսոնը, Սարահ վան Րիջը, Ջեք Դեյվսոնը և Ջիլ Ֆրիդմանը: Իսկ սիրելի ժանրը փողոցային լուսանկարչությունն է, որովհետև կարծում է, որ այն անկեղծ է ու երբեք չգիտես` ինչ կարող ես նկարել: Լուսանկարչության երկրորդ մակարդակի դասընթացի ժամանակ նա հենց փողոցային լուսանկարներ է արել:

Լույսի և ձայնի ստեղծարար միաձուլում

Լուսանկարչության մեջ Դոնարայի ամենամեծ ոգեշնչումը լույսն է: «Տանն ունենք երկար պատշգամբ, որտեղ առավոտյան ժամերին ստվերներ են առաջանում։ Պատշգամբս ևս ոգեշնչման աղբյուր է. այնտեղ առավոտյան միշտ դառը սուրճ եմ խմում ու լսում NxWorries կամ Tyler the creator, իսկ երեկոյան ուղղակի նստում եմ ու Radiohead լսում: Այդ երկուսը դարձել են ապրելակերպ ու մեծ դեր են ունեցել ձեռագրիս մեջ։ Իսկ պատշգամբից այն կողմ ոգեշնչվում եմ նաև ինձ շրջապատող ծանոթ ու անծանոթ մարդկանցից։ Երբ անցնում են կողքովս ու ինչ-որ զրույց եմ լսում, սկսում է հետաքրքրել կերպարը՝ ինչ կյանքով է ապրում, ինչ խնդիրներ ունի, արդյո՞ք տանը ինչ-որ մեկի հետ վիճել է այսօր կամ, ընդհանրապես, ուզու՞մ է տուն գնալ։ Կարծում եմ դա լուսանկարիչներին հատուկ բնավորության գիծ է»։

Իսկ լուսանկարչության երրորդ մակարդակի համար Դոնարան նկարել էր ֆոտոպատմություն Գյումրիի միակ սուսերամարտի դպրոցի մասին, որը կարող եք տեսնել այստեղ:

«Ֆոտոշարքիս համար այնպիսի թեմա ընտրեցի, որտեղ կլինեն երեխաներ, քանի որ նրանց հետ ամենաանկեղծ լուսանկարներն են ստացվում։ Բացի այդ ինձ սպորտը շատ է հետաքրքրում, հատկապես այն տեսակները, որոնցով համեմատաբար քիչ մարդիկ են զբաղվում։ Լուսանկարչության տեսանկյունից սուսերամարտը շատ հետաքրքիր է և կոմպոզիցիոն յուրահատուկ լուծումներով ֆոտոներ են ստացվում։ Երբ իմացա, որ սուսերամարտի այս դպրոցը Գյումրիի միակն էր, ավելի ոգեշնչվեցի։ Ընթացքում էլ սպորտի մասին շատ բան իմացա»։

Ինչպես և բոլոր հանճարեղ քայլերը, TUMOgraphy-ին դիմելը Դոնարայի համար վերջին պահի որոշում էր, որը կայացրել էր դասընթացավար Դավիթ Ավետիսյանի ոգեշնչմամբ: Նրա ամենասիրելի լուսանկարներից մեկն էլ ներկայացրել էր մրցույթին. լուսանկարում նրա եղբայր Ֆելոն է:

18 - Դոնարայի տեսախցիկի հետևում` ապակոդավորելով կյանքը կադր առ կադր

«Երբ արեցի այս լուսանկարը, ուզում էի ջնջել, բայց եղբայրս չթողեց՝ ասելով, որ մի օր այն հայտնի կդառնա»:

Դոնարան այս եռապատկերը նվիրել է Վահրամաբերդին, դրա գույներին, ստվերներին և այնտեղ միահյուսված ջերմ հիշողություններին:

«Հավատում եմ, որ գույնը հիշողություն ունի։ Վահրամաբերդը կանաչ ու դեղին է, տեղ-տեղ՝ ստվերոտ։ Ֆելոն մեծացել է ու մանկության երազանքները նորերի կողքին այդքան էլ մեծ արժեք չունեն հիմա։ Բայց այս ֆոտոներն անվերջ հիշեցնելու են Վահրամաբերդի մայլեքում էրեխեքին նեղելու, Վահրամաբերդի դաշտերում կովերին քշելու, Վահրամաբերդի Հասմիկ տատի` կատլեծիկները, կամպոծիկներն ու կոնֆեծիկները»

Կադրից այն կողմ

Տեսախցիկի հանդեպ սերը Դոնարայի համար չի սահմանափակվում միայն լուսանկարչությամբ։ Այն տարածվում է նաև ֆիլմերի ստեղծման վրա, որն էլ Դոնարան ընտրել է որպես մասնագիտություն։ Իսկ օրերից մի օր նա հույս ունի իր լուսանկարները տեսնել աշխարհահռչակ Magnum-ում։ «Գիտեմ, որ համարձակ երազանք է, բայց հույս ունեմ ավելի մեծ տարիքում կհասնեմ դրան»: