Պատկերացրեք 3,500 տաղանդավոր և նպատակասլաց պատանիներ, որոնց ներուժը մնում է չիրացված, որովհետև տաղանդը հմտությունների վերածելու հնարավորություններ պարզապես չկան։
Այսպիսին է Արմավիրն այսօր։ Ձեր օգնությամբ վաղվա Արմավիրը կարող է բոլորովին այլ լինել։
250,000 բնակիչ ունեցող Արմավիրը Հայաստանի ամենաանտեսված տարածաշրջաններից է։ Այստեղ աղքատության մակարդակը ամենաբարձրերից է, իսկ բնակչությունն 1989 թվականից ի վեր նվազել է մեկ երրորդով։ Երիտասարդները հեռանում են, որովհետև այստեղ ապագա չեն տեսնում։
Քարտեզին նայելով՝ կարող է թվալ, թե Արմավիրը մոտ է Երևանին և այստեղ հասանելի հնարավորություններին։
Այո՛, Արմավիր քաղաքում ապրող պատանին Երևան կարող է հասնել մեկ ժամում։ Շաբաթը մի քանի անգամ այսպիսի ճանապարհ անցնելը պատանու համար դժվար է, բայց հնարավոր։
Սակայն Բերքաշատում, Դալարիկում, մարզի տասնյակ գյուղերում ապրող պատանիների համար Երևանը, կարելի է ասել, ուրիշ երկիր է։ Հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում այս երիտասարդները պարզապես դուրս են մնում այն կրթական հնարավորություններից, որոնք կարող են փոխել նրանց կյանքը։
Հայաստանի ողջ տարածքում Թումոն հասանելի դարձնելու մեր ճանապարհի հաջորդ կանգառն Արմավիրն է՝ մարզ, որտեղ պատանիներն անհամբեր սպասում են այն հնարավորություններին, որոնք հազարավոր Թումո շրջանավարտների համար դարձել են ուղի դեպի բարձրակարգ համալսարաններ, արժանապատիվ աշխատանք և իրականացված նպատակներ։
Ձեր աջակցությամբ մենք կկառուցենք Թումո կենտրոն Արմավիր քաղաքում և Թումո տուփեր Դալարիկում, Մեծամորում և Արմավիր գյուղում` նորարարական կրթությունը հասանելի դարձնելով 111 համայնքի 3500 պատանու համար։
Մայիսյանից Թումո Երևան հասնելը ժամեր է տևում, և ստիպված մի քանի տրանսպորտ եմ փոխում։ Նոր կառուցվող Թումո Արմավիրը շատ կարևոր է, վերջապես երեխաները կկարողանան սովորել ու զարգանալ՝ առանց իրենց գյուղից այդքան հեռանալու։
Սուրեն Ավետիսյան, 14
Գյուղ Մայիսյան, Արմավիր
Երեք տարի է սպասում եմ, որ Թումոն հասնի Արմավիր, որովհետև լսել եմ՝ Թումոյում ռոբոտներ են սարքում։ Ամեն օր իրենց սոցցանցերի էջերն եմ նայում՝ լավ լուրի սպասելով։
Շուշանիկ Հավաթյան, 13
Գյուղ Մայիսյան, Արմավիր
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՀՍՏԱԿ Է ԵՂԵԼ՝ ԿՅԱՆՔԵՐ ՓՈԽՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՏԱՆՈՒ ՀԱՄԱՐ։