Սուրբ ծննդյան ռոբոտը
Ամեն ինչ սկսվեց Սուրբ ծննդյան նվերից, ինչպես Մարդուկ-Ջարդուկի հայտնի հեքիաթում: Բարսելոնայում ապրող ճարտարապետ, ուրբանիստ Ժուզեպ Ֆարգասի որդին նվեր ստացավ LEGO Mindstorms ռոբոտը։ Այս, առաջին հայացքից շատ սովորական, մանկական նվերն անմիջապես գրավեց Ֆարգասի ուշադրությունը.
«Ես միանգամից գիտակցեցի դրա աննկարագրելի կրթական պոտենցիալն ու առաջարկեցի՝ տղայիս դպրոցում բացել ռոբոտաշինության խմբակ, որի կազմակերպչական աշխատանքներն ինքս ստանձնեցի», — հիշում է Ֆարգասը։
Սրան հաջորդեց նույնքան վճռորոշ մեկ ուրիշ պատահականություն. խմբակի դասերի մեկնարկից մի քանի օր առաջ ռոբոտաշինության նոր դասատուն մոտոցիկլով վթարվեց և Ֆարգասն ստիպված եղավ ինքն անցկացնել դասընթացը։
Ժուզեպ Ֆարգասը Թումո Երևանի ուսանողների հետ աշխատարանի ընթացքում, 2015
Թեև Ֆարգասը նախկինում դասավանդել էր Բարսելոնայի ճարտարապետական դպրոցի ուսանողներին, բայց երբևէ չէր աշխատել տասնամյա աշակերտների հետ, ուստի շատ էր լարվում.
«Սկզբում մի քիչ անհանգիստ էի, բայց առաջին դասից սիրահարվեցի աշակերտներին և նրանց ստեղծագործականությանն ու հետաքրքրասիրությանը», — պատմում է Ֆարգասը։
Դասընթացն այնքան հաջող ստացվեց, որ Ֆարգասը որոշեց մասնակցել տեղական ու միջազգային ռոբոտաշինության մրցույթների, որտեղ իր աշակերտները շատ բարձր արդյունքներ գրանցեցին։
Աշխատասեղանը Թումո Բեյրութի աշխատարանի ընթացքում, 2019
Խոսող սառնարանը
Սակայն ռոբոտներ ստեղծելն ամենևին ինքնանպատակ չէր Ֆարգասի համար։ Լինելով ճարտարապետ՝ Ֆարգասը միշտ երազում էր ստեղծել բանական իրեր, օրինակ՝ շենքեր, որոնք կարող են հասկանալ ու կատարել իր հրամանները։ Իսկ դրա համար միայն ճարտարապետության կամ ռոբոտաշինության գիտելիքները բավարար չեն։ Իրերի լեզուն հասկանալու համար անհրաժեշտ է լինել կախարդ… կամ էլ իմանալ բազմաթիվ ծրագրավորման լեզուներ և ունենալ ինժեներական հմտություններ։
Եվ երբ վրա հասավ 2020 թվականի համաճարակը, Ֆարգասն անմիջապես գործի անցավ։ Սկզբում նա սկսեց «խոսել» իր տան սառնարանի հետ, ապա ձեռք բերեց տարբեր ռելեներ, սենսորներ և ինտեգրեց այլ սարքեր՝ դարձնելով դրանք «բանական»։
Ժուզեպ Ֆարգասը հետևում է ուսանողների աշխատանքին Թումո Երևանի IoT աշխատարանի ընթացքում, 2025
Վերջիվերջո, նա ստացավ մի բարդ համակարգ, որը կառավարում էր չորս շենք և հարյուրավոր սարքեր՝ բոլորը միացված վիրտուալ ցանցին և հասանելի ինտերնետ կապով։ Օրինակ՝ համակարգն ավտոմատ կերպով փակում էր պատուհանների փեղկերն արևից պաշտպանելու համար կամ բացում էր դրանք՝ ձմռանը շենքը տաքացնելու համար, կառավարում էր այգու ոռոգումը՝ կախված եղանակային պայմաններից և շատ ավելին։
Կորոնավիրուսի շնորհիվ Ֆարգասը ձեռք բերեց հմտություններ, որոնց միջոցով կարողանում էր որևէ իր, սարք կամ նույնիսկ շենք դարձնել բանական։ Այսինքն ռոբոտներ ստեղծելու փոխարեն՝ նա արդեն կարող էր իրերը վերածել ռոբոտների։ Ֆարգասի ռոբոտաշինական և IoT փորձառությունը դարձավ բազմաթիվ միջազգային աշխատարանների գրավականը։ Իսկ այն եռանդն ու հետաքրքասիրությունը, որոնցով Ֆարգասն ստեղծում էր բանական իրեր, փոխանցվեցին աշխարհի պատանիներին։
Ամենաշատ Թումո աշխատարան վարած մարդը
Ժուզեպ Ֆարգասն անցկացրել է ռեկորդային թվով՝ 13 աշխատարան Թումո Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Բեյրութում, Փարիզում և Լիոնում կամավոր սկզբունքով։
Ուսանողների ներկայացումն իրենց ռոբոտների հետ Թումո Երևանում ավարտական ցուցադրության ընթացքում, 2012
2012 թվականի Թումո Երևանի երկշաբաթյա աշխատարանի ավարտին ուսանողները թատերական ներկայացում էին պատրաստել՝ բեմ բարձրանալով իրենց իսկ ստեղծած ու ծրագրավորած ռոբոտների հետ միասին.
«Ամեն անգամ հիանալի և տարբերվող փորձառություն եմ ունենում, — հիշում է Ֆարգասը, — բայց Թումո Երևանի առաջին աշխատարաններն ամենաոգևորիչն ու ամենաէմոցիոնալն էին։ Նախ դրանք առհասարակ առաջին աշխատարաններն էին Թումոյում, այդ պատճառով ուսանողները շատ ոգևորված էին։ Համ էլ այսօր լայնորեն հասանելի ռեսուրսները ժամանակին չկային, իսկ Թումոն դրանք արդեն տրամադրում էր իր ուսանողներին։ Նրանց համար Թումոն դրախտի նման էր, որտեղ հասանելի էին նորագույն տեխնոլոգիաները»։
Ֆարգասը նաև ոգևորությամբ է հիշում 2025 թվականին՝ Ուրիշ հուլիսի ընթացքում, իր անցկացրած IoT աշխատարանը, որի ժամանակ ուսանողները «կոտրել» էին Թումո Երևանի էլեկտրական համակարգն ու ստեղծել տարբեր լուսային նախագծեր, իսկ ավարտական ցուցադրության ժամանակ ներկայացրել էին իրենց աշխատանքային սեղանների քաոսը՝ հեղեղված խառը սարքերով ու լարերով։
Ժուզեպ Ֆարգասը և Թումո Երևանի ուսանողներն ավարտական ցուցադրության ընթացքում, 2025
«Նախկինում ես շատ խիստ էի, — խոստովանում է Ֆարգասը, — բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ուսանողները պետք է սովորեն իրենց հետաքրքրություններին ու կարողություններին համապատասխան և ճիշտ ժամանակին։ Ես ուսանողներիս թողնում եմ անել՝ ինչ ուզում են և այս հարցում շատ արմատական եմ»։
Ֆարգասը, ով Հայաստանի և աշխարհի Թումո կենտրոններում ամենաշատ աշխատարան վարած մարդն է, շատ կուռ մանկավարժական սկզբունքներ ունի.
«Ես չեմ հավատում դասատուներին, որոնք ասում են, թե ուսանողներն ինքնուրույն պետք է սովորեն, — ասում է նա, — շատ հաճախ դասավանդողի դերն ակտիվ ու համակարգված պետք է լինի։ Օրինակ՝ շատ կարևոր է ծրագրավորում սովորելը, համակարգված գիտելիքներ ունենալն ու տրամաբանական մտածողությունը։ Իրականում ծրագրավորում սովորելը նույնքան կարևոր է, որքան օտար լեզու սովորելը», — պնդում է Ֆարգասը:
Ժուզեպ Ֆարգասը և Թումո Երևանի ուսանողներն ավարտական ցուցադրության ընթացքում, 2025
Ամենակարևոր խորհուրդը
Ֆարգասն իր երկարատև կարիերայի և բազմապիսի հետաքրքրությունների ճանապարհին մի կարևոր իմաստություն է հասկացել, որն ուզում է փոխանցել սկսնակ դասավանդողներին.
«Եթե ուզում ես ուսանողներին ազատություն տալ ստեղծելու այն, ինչ իրենք ուզում են, պատրա՛ստ եղիր քաոսի և բարդ իրավիճակների։ Ուսանողները կարող են տալ հարցեր, որոնց պատասխանները չունես, — ասում է Ֆարգասը, — բայց ընթացքն ավելի կարևոր է, քան արդյունքը։ Եվ եթե ինքդ էլ ուզում ես սովորել, պետք է նաև ուսանողներին ցույց տաս ինչպես դա անել՝ ներգրավվելով նրանց հետազոտական պրոցեսի մեջ»։
Վստահ ենք, որ այս խոսքերն օգտակար կլինեն մեր դասընթացավարներին և աշխատարաններ վարողներին: Եվ վստահ ենք, որ Ժուզեպ Ֆարգասին կրկին կտեսնենք Թումո կենտրոններում, և ով գիտի, գուցե այս անգամ նրան հանդիպենք գալիք Թումո կենտրոններից մեկում` Արմավիրում կամ Մոնտեվիդեոյում։
Մինչ նոր հանդիպում, Ժուզե՛պ: