82 դասընթաց՝ 5 տարում. Թումո Գյումրիի ռեկորդակիր Անին

ani thumbnail - 82 դասընթաց՝ 5 տարում. Թումո Գյումրիի ռեկորդակիր Անին

5 տարի, 14 ոլորտի բոլոր մակարդակներ, 82 դասընթաց և աշխատարան։

Եթե թերթես Թումո Գյումրիի ուսանող Անի Մուրադյանի «թումոյական CV-ն», այն անվերջ կթվա։ Թումո ընդունվելուց որոշ ժամանակ անց Անին իր առջև նպատակ դրեց, որի մասին ոչ ոքի չէր ասել. անցնել բոլո՛ր դասընթացների բոլո՛ր մակարդակները։ Եվ արդեն գուշակեցիք՝ Անին անցել է Թումոյի 14 ոլորտների բոլոր դասընթացները և անհամար աշխատարաններ ընդամենը 5 տարում։

Անիի համար սկզբում ամեն ինչ այնքան հարթ չէր, որքան կարող է թվալ։ Օրինակ՝ նրա՝ Թումոյի հետ կապված առաջին հիշողությունը դասընթացը «fail» անելն էր.

«Հիշում եմ՝ ծրագրավորման դասընթացն էր, չէի պահպանել արածս աշխատանքը և դատարկ «folder» հանձնեցի` որպես վերջնական արդյունք ու «fail» եղա։ Ստացվեց, որ դասընթացը ձախողել եմ և պետք է նորից անցնեմ։ Դա ինձ դաս եղավ, որ ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերեմ հետագայում», — պատմում է Անին:

Ինչպես և շատերը, Անին Թումոն պատկերացնում էր միայն տեխնոլոգիական ոլորտներով, բայց հետո բացահայտեց, որ ոլորտները բազմազան են, և հնարավոր է սովորել ոչ միայն ռոբոտաշինություն, այլև, օրինակ, անիմացիա և շատ ավելին։ Այսպես ծնվեց նրա գաղափարը՝ անցնել այնքան դասընթացներ ու աշխատարաններ, որքան հնարավոր է։ Հիմա այդ նպատակն իրականություն է։

Անին մինչ օրս ուրախությամբ է հիշում 2024 թվականի Ուրիշ հուլիսը, որի ընթացքում միաժամանակ 10 աշխատարանի էր մասնակցում.

«Այս շրջանի թոհուբոհը ոչնչի հետ չէի փոխի՝ թե՛ նոր հմտություններ, թե՛ նոր ընկերներ ձեռք բերելու առումով», — խոստովանում է նա։

1 4 - 82 դասընթաց՝ 5 տարում. Թումո Գյումրիի ռեկորդակիր Անին

Լինելով և՛ տեխնոլոգիաների, և՛ արվեստի ոլորտների էնտուզիաստ՝ Անին կարծում է, որ դրանցից մեկի՛ վրա ամբողջովին կենտրոնանալը ճիշտ չէ։ Պետք է պարզապես գտնել այն կետը, որտեղ երկու ոլորտն էլ ներդաշնակ են և աշխատել դրա հետ.

«Օրինակ արվեստի ոլորտներում կա ազատություն՝ ստեղծելու, իսկ տեխնոլոգիաների մեջ կա, մի տեսակ, «կարգապահություն», և դրանք փոխլրացնում են միմյանց», — նշում է Անին:

Ֆիլմերի ստեղծում՝

3D մոդելավորում՝

Անիմացիա՝

Կայքերի մշակում՝

Նկարչություն՝

ani.muradyanfinal - 82 դասընթաց՝ 5 տարում. Թումո Գյումրիի ռեկորդակիր Անին

Այս աշխատանքներն Անիի պորտֆոլիոյի շատ փոքր մասն են կազմում, որը նա դեռ շարունակում է համալրել՝ բաց չթողնելով ոչ մի աշխատարան։

Անին մենթոր է նաև այլ թումոցիների համար։ Նախորդ Ուրիշ հուլիսին նա վարեց ֆիլմերի ստեղծման աշխատարան, որի ընթացքում Գյումրիի թումոցիներին սովորեցրեց՝ ինչպես ստեղծել ֆիլմ փողոցային շների մասին, նաև ծանոթացրեց նրանց ֆիլմերի հետարտադրության աշխատանքներին։

Աշխատարանի մասնակից ուսանողներից մեկը Անիի թիմակիցն էր ֆիլմերի ստեղծման մեկ այլ աշխատարանում։ Դրա ընթացքում ուսանողներն ստեղծել էին ֆիլմ, որը զբաղեցրեց 2025 թվականի Վահէ և Լյուսի մրցույթի ֆիլմերի ստեղծման անվանակարգի 3-րդ տեղը։

Անին T.U.M.O. վերջին՝ O շրջանի ուսանող է (T.U.M.O.-ի մասին կարդացեք այստեղ), ինչը նրան անսահման հնարավորություններ է տալիս Թումոյում՝ մասնակցել այն աշխատարաններին, որոնց ուզում է և է՛լ ավելի հարստացնել իր ծավալուն պորտֆոլիոն։

1 9 - 82 դասընթաց՝ 5 տարում. Թումո Գյումրիի ռեկորդակիր Անին

Անին իր ապագան ևս Թումոյում է պատկերացնում. նա ցանկանում է դառնալ դասընթացավար և իր փորձով ու հմտություններով կիսվել մյուսների հետ։ Իսկ թե որ ոլորտի դասընթացավար, հստակ չենք կարող ասել, քանի որ Անին իրեն զգում է ինչպես ձուկը ջրում բոլոր 14 ոլորտներում։

Անիին մաղթում ենք հաջողություն և նորանոր դասընթացներ 🙂