3 ½ հարց կոնցեպտուալ լուսանկարիչ Կարեն Խաչատուրովի հետ

3 ½ հարց կոնցեպտուալ լուսանկարիչ Կարեն Խաչատուրովի հետ

Պաստելային գույներ, մեծահասակ կերպարներ ու կոնցեպտուալ ֆոտոներ. այս ամենն ուղիղ կապվում են Թումոյի աբսուրդ լուսանկարչության աշխատարանի ղեկավար Կարեն Խաչատուրովի հետ: Մեք նրա հետ քննարկեցինք 3.5 հարց` պարզելու իր հայացքները լուսանկարչության վերաբերյալ:

Ինչպե՞ս հայտնվեցիր այս ոլորտում.

Ֆոտոն մոտ 4 տարի առաջ շատ սպոնտան հայտնվեց իմ կյանքում: Ավարտել եմ բժշկական քոլեջ, հետո գնացել եմ բանակ, հետո սկսեցի ինստրումենտալներ գրել` հիփ հոփ, ջազ, լաունջ, էլեկտրո… Համալսարանում ծրագրավորում էի սովորում, իսկ 2014-ին սկսեցի լուսանկարել: Նոր բան էի ուզում փորձել ու չէի պատկերացնում, որ էսքան կձգվի ու սենց ընթացք կստանա: Սկզբում ամեն ինչ նկարում էի, բայց հայացքներս փոխվեցին մի քանի նախագծի մասնակցելուց հետո: Ֆոտոն դարձավ խոսելու միջոց:

Ինչպե՞ս կձևակերպես կոնցեպտուալ լուսանկարչությունը:

Կոնցեպտուալ ֆոտո երևույթը շատ գլոբալ ա: Ինձ համար գաղափար կրող ժանր ա, որը չի սահմանափակվում ինչ-որ այլ ժանրերով: Հաճախ իմ ֆոտոները տարբեր ժանրեր են համադրում՝ սյուրռեալիզմի, աբսուրդի էլեմենտներով: Չեմ սիրում ժանրային սահմանափակումներ տալ գործին, բայց անընդհատ անհրաժեշտ ա լինում նկարագրել, թե ինչ ես անում:

Ինչպե՞ս ոգեշնչվել:

Ես հակված եմ մտածել, որ ինչպես ցանկացած ոլորտ, լուսանկարչությունը նույնպես շատ աշխատանք ու ուսումնասիրություն ա պահանջում: Ուրիշների աշխատանքներին հետևելը շատ լուրջ կարա նկարչին փոխի ու զարգացնի: Օրինակ` Դեվիդ Լաշապելը, Մայլս Ալբրիջը մեծ ազդեցություն են ունեցել իմ ոճի մեջ: Լուսանկարը ընդհանրապես լայնաֆորմատ արվեստ ա, նկարչին ու իր անցած ճանապարհը ցույց ա տալիս: Խորը փորձառությունը լուսանկարներում էլ ա երևում, ու իմ կարծիքով` դա խորացնելու համար մեկ ձևը ճամփորդելն ա: Նոր տեսակետ ես նկատում, նոր մարդկանց ու ապրելակերպի ծանոթանում, ու դիապազոնդ լայնանում ա:

ՄԻ ՓԱՍՏ
Բժշկություն, ծրագրավորում, երաժշտություն ու էլի մի շարք ոլորտներ ուսումնասիրելուց հետո Կարեն Խաչատուրովն այժմ ունի իր լուսանկարչական ստուդիան, որտեղ նա հաճախ ինքնուրույն պատրաստում է իր նկարահանման հրապարակը: Սա ենթադրում է պատերի ներկում, վերանորոգում ու դեկորների պատրաստում: