Ռեզա Աբեդինիի սուր մտածողությունը, կապույտ խորը հայացքն ու ջերմ ժպիտը ցույց են տալիս, որ ինքն իրեն ավելի թեթև է ընդունում, քան կարող ես պատկերացնել: Իրանցի մրցանակակիր դիզայները, ով այժմ Թումո Երևանում գեղագրության աշխատարան է վարում, մեզ հետ զրույցում ինքնատիպ պատասխաններ տվեց մեր 3,5 հարցին:
Ձեր աշխատանքներում դուք համադրում եք անցյալի ազդեցություններն ու ժամանակակից դիզայնը: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում գրաֆիկական դիզայնը ապագայում, օրինակ` հարյուր տարի հետո:
Հմմ… Շատ հետաքրքիր հարց է, բայց ինչու՞ հենց ես պիտի մտածեմ նման բանի մասին, եթե ես այնտեղ չեմ լինելու: Իրականում ինձ մեկ է: Ես ապրում եմ հիմա և իսկապես ինձ ավելի հետաքրքիր է լուծել այն խնդիրները, որոնք իմ կյանքը փոխում են, ուրիշն են դարձնում: Կարծում եմ, եթե իմ ժամանակաշրջանում ճիշտ անեմ այն ամենն, ինչ ինձանից պահանջվում է, սա իր ազդեցությունը կունենա բոլորի վրա: Նրանց մասին հատուկ մտածել պետք չէ։ Ամեն ինչ ծրագրել նույնպես պետք չէ: Պարզապես պետք է ինձանից հասանելիքը անեմ․ ճիշտ անեմ: Ես նոր եմ հասկանում, որ ինչ-որ բանը նախապես պատկերացնելը լավ միտք չէ: Բայց դա ինձ է վերաբերում, ոչ` երիտասարդներին: Նրանց համար դա կարող է լավ մոտիվացիա լինել: Իսկ ինձ համար ապագա չկա: Ես արդեն իմ ապագայում եմ:
Խոսելով երիտասարդ սերնդի մասին` կա՞ն զարգացող, դեռ նոր ոլորտ մտած արտիստներ, որոնք Ձեզ ոգեշնչում ու ոգևորում են:
Իհա՛րկե: Նրանք միշտ շատ են` տարբեր երկրներից, որտեղ ես ապրում եմ, աշխատում ու դասավանդում: Նրանցից շատերը առհասարակ իմ ուսանողներն են եղել, օրինակ` Հոմա Դելվարեյը, ով իմ ուսանողն էր Իրանում: նա անկախ գրաֆիկական դիզայներ և արտիստ է․ հրաշալի արտիստ, ով չնայած իր երիտասարդ տարինիք միջազգային արվեստում արդեն ճանաչված է: Լիբանանից Ֆարահ Ֆայադը, ով հիմա Թումո ստուդիաներում աշխատարան է վարում: Նա ևս իմ ուսանողն է եղել և իրոք լավն է: Կան այլ դիզայներներ, ովքեր ինձ հետ կապ չունեն, բայց գիտեմ իրենց: Շվեյցարիայում լավ դիզայներներ կան: Երիտասարդ են ու իսկապես հետաքրքիր աշխատանքներ ունեն: Օրինակ` Ֆելիքս Փֆաֆլին: Նա հիասքանչ է: Ինձ համար կարևոր է այն, որ իրենք մտածում են ավանդույթների մասին: Իմ հիմնական կենտրոնացումը հենց դրա վրա է:
Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է համադրել ավանդականը նորի հետ: Ինչու՞ չի կարելի ուղղակի մոռանալ հինը:
Ինչու սկսել ամեն բան զրոյից, եթե գանձեր ունես: Ցանկացած երկիր կերպարվեստի երկար պատմություն ունի: Երբ որոշում ես ինչ-որ նոր բան սկսել, լավ միտք է տեսնել, թե ինչ է եղել մինչ այդ: Հետո դու կարող ես այդ ամենը որպես հիմք ընդունել: Երկրորդ հերթին` չեմ կարծում, որ հնարավոր է հեշտությամբ ուսումնասիրել այլ ազգի վիզուալ մշակույթը: Օրինակ` ես` որպես իրանցի, մեկը, ով ծնվել է Միջին Արևելքում, ավելի ծանոթ եմ այս տարածաշրջանի վիզուալ արվեստին, քան, օրինակ` հյուսիսային Եվրոպայի: Ես, իհարկե, ուսումնասիրել եմ այլ վիզուալ արվեստներ, բայց դա շատ տարբեր է հենց այդ արվեստի շուրջ մեծանալուց: Կարծում եմ, եթե ինքդ քեզ կապես քո ավանդույթների հետ, կստանաս ավելի խորը, հուզականորեն ավելի ճիշտ արդյունք:
Մի հետաքրքիր փաստ Ձեր մասին։
Հմմ.. Այս պահին հիմնականում Մաքս Ռիխտեր եմ լսում: Շատ լավն է, լսեք: Հրաշալի է: