15 հարց շրջանավարտին. Հակոբ Մուրադյան

hakob tumo15 newsletter - 15 հարց շրջանավարտին. Հակոբ Մուրադյան

Հակոբ Մուրադյանն առաջին անգամ Թումո Երևան է ոտք դրել 15 տարի առաջ՝ կենտրոնի բացումից ընդամենը մի քանի օր հետո։ Դա ապագա անիմատորի երկար ու զարմանալի ճանապարհի սկիզբն էր։ Այսօր Հակոբի պորտֆոլիոն շլացնում է ամենախոշոր հոլիվուդյան բլոքբասթերների և վիդեոխաղերի վերնագրերով՝ Gladiator II-ից ու Superman-ից մինչև The Witcher և Atomic Heart։ Ահա մեր 15 հարցերը Հակոբին՝ նրա Թումո ուղու և անհավանական ստեղծագործական կարիերայի մասին։

1. Հակո՛բ, դու աշխատել ես մի շարք հոլիվուդյան ֆիլմերի վրա։ Ի՞նչն էր ամենատպավորիչն այս փորձառության մեջ։

Յուրաքանչյուր նախագիծ յուրովի տարբեր էր։ Երևի ամենատպավորիչ մասն այն մարդիկ են, որոնց հետ աշխատում ես և որոնցից անսպառ գիտելիքներ ես ստանում։ Նաև հավես է անիմացնել այն կերպարներին, որոնց նայելով մեծացել ես. օրինակ՝ Transformers-ի Բամբլբին ու Օպտիմուս Փրայմը, Սուպերմենը. բոլորն էլ իմ մանկությունից էին։ Նստած անիմացնում՝ այսինքն կենդանանացնում ես այդ կերպարներին ու չես հավատում, որ իրականություն է։

Երևի անիմատորի լավագույն բնորոշումը կլինի այն, որ մենք նույն դերասաններն ենք, ուղղակի աշխատում ենք մատիտով (կամ մկնիկով մեր դարաշրջանում)։

2. Ո՞րն է ամենակարևոր դասը, որ քաղել ես այդ նախագծերից։

Քեզ պետք է շրջապատես մեծ փորձառություն ունեցող մարդկանցով, լիքը հարցեր տաս նրանց ու փորձես նրանցից ամեն ինչ սովորել։ Այդ դեպքում մասնագիտությանդ մեջ շատ արագ կաճես։

Երբ աշխատում էի The Gorge Ֆիլմի վրա, անիմացիոն ղեկավարս Կառլոս Միգել Ռոսասն էր, որն աշխատել էր The Lord of the Rings եռապատման վրա։ Նրա ցանկացած մեկնաբանություն շատ կարևոր էր ինձ համար, քանի որ իմ անիմացիան արդյունքում միայն ավելի լավն էր դառնում, ու սկսում էի տեսնել բաներ, որոնք առաջ աչքս չէր նկատում։

3. Կարո՞ղ ես հիշել մի կոնկրետ պահ Թումոյում, երբ հասկացար, որ անիմացիան կարող է դառնալ մասնագիտություն։

Սկզբում գաղափար չունեի՝ ինչ եմ ուզում անել, ուր եմ ուզում գնալ։ Նկարչությունը շատ էի սիրում, բայց որպես մասնագիտություն չէի պատկերացնում։ Սակայն Թումոյում մի այլ աշխարհ բացվեց իմ առաջ, որը երբեք չէի տեսել։ Այնտեղ էլ ծանոթացա անիմացիային ու, ինչպես ասում են՝ սեր առաջին հայացքից։ Հետո արդեն ծնվեց երազանք՝ աշխատել մեծ ֆիլմերի վրա, երազանքն էլ դարձավ նպատակ։

4. Ո՞րն է ամենամեծ տարբերությունն ամբողջական անիմացիոն և իրական դերասաններով ֆիլմի վրա աշխատելու միջև։

Ընդհանրապես անիմացիան բաժանվում է շատ ճյուղերի։ Ունենք feature անիմացիան, որի լավ օրինակներ են Disney-ի ու Dreamworks-ի ֆիլմերը. Toy Story, Frozen, Puss in Boots, Eliօ։ Այս ոլորտում աշխատող անիմատորներն անիմացնում են չափազանցված կերպարներ ու շարժումներ, այստեղ ամբողջ աշխարհն անիմացիոն է։

VFX անիմացիան, որում ես անցկացրել եմ իմ կարիերայի մեծամասնությունը, ֆիլմային անիմացիան է, որտեղ անիմատորների առջև դրված է ռեալիզմին հասնելու նպատակ։ Օրինակ՝ Transformers-ը, Gladiator II-ը, Superman-ը, Prehistoric Planet-ը և այլն։ Այստեղ մենք ուղիղ կապ ունենք դերասանների խաղի հետ, քանի որ անիմացնում ենք հաշվի առնելով նկարահանման ժամանակ դերասանական խաղը։

5. Ինչպիսի՞ն է քո սովորական աշխատանքային օրը։

Սուրճ, անիմացիա, սուրճ, անիմացիա, սուրճ։

6. Քո կարիերայի ո՞ր կադրով կամ տեսարանով ես ամենաշատը հպարտանում։

Կյանքումս արած ամենադժվար անիմացիան Transformers-ի Ուիլիջեքի կերպարանափոխման տեսարանն է, որտեղ նա մեքենայից վերածվում է ռոբոտի։ Տեսարանը մոտ 10 վայրկյան է տևում, բայց դրա վրա աշխատել եմ մեկ ու կես ամիս շարունակ։ Սա թե՛ տեխնիկապես, թե՛ ստեղծագործական առումով մեծ մարտահրավեր էր, ու դե իհարկե, կերպարանափոխություն անիմացնելը գրեթե բոլոր անիմատորների bucket list-ում է։

7. Երբ աշխատում ես մեծ ֆիլմերի վրա, ունենու՞մ ես ստեղծագործական ազատություն, թե՞ պետք է աշխատես խիստ սահմանների մեջ։

Երևի ամենաճիշտը կլինի ասել 50/50, քանի որ մենք ունենք հստակ սահմանափակումներ, որոնց պետք է հետևենք։ Տեսարանների վերջնական հաստատողը ֆիլմի ռեժիսորն է, ամեն տեսարան կոմպոզիցիոն ու ժամանակային առումով արդեն հաստատված է, ու դու պետք է աշխատանքը կատարես հիմնվելով այս ամենի վրա։ Բայց նաև երբեմն ստիպված ես շեղվել կախված գործընթացից։

8. Ո՞րն է ամենատարածված միֆն անիմացիայի մասին։

Շատերն անիմացիոն ֆիլմն ու մուլտիկը համարում են նույն բանը։
Երկուսն էլ օգտագործում են անիմացիան որպես պատմությունը մատուցելու միջոց։ Բայց մուլտիկն ավելի շատ երեխաների համար է, իսկ անիմացիոն ֆիլմն ավելի բազմաբովանդակ է։

9. Ինչպե՞ս ես քո աշխատանքում համատեղում տեխնիկական ճշգրտությունն ու ստեղծարարությունը։

Այս ոլորտում, հատկապես երբ հասնում ես հոլիվուդյան արտադրություններին, թե՛ ստեղծագործական, թե՛ տեխնիկական առումով պետք է բանիմաց լինես։ Ֆիլմի վրա աշխատում են միջինում 100 անիմատոր ու բացի անիմատորներից ևս մոտ 4.000 հոգի։ Միշտ պետք է հաշվի առնես, որ քեզնից հետո քո անիմացիաներն անցնելու են հաջորդ մասնագետին, որն էլ իր գործը պիտի անի։

10. Կարո՞ղ ես հիշել կոնկրետ մի դեպք, երբ ռեժիսորի կամ VFX սուպերվայզերի հետ համագործակցությունը էականորեն փոխել է անիմացիայի նկատմամբ քո մոտեցումը։

Երբ սկսեցի աշխատել Gladiator II-ի վրա, ես միջին մակարդակի անիմատոր էի։ Սովորաբար ամենաբարդ ու տպավորիչ տեսարանները հասնում էին senior անիմատորներին։ Իսկ ես աշխատում էի մի տեսարանի վրա, որտեղ լիքը թռչուններ այգում իրենց կյանքն էին ապրում, ու իմ նպատակն էր ցույց տալ նրանց Դենզել Վաշինգտոնի ու թագուհու ֆոնին։

Թռչուններն այնքան էլ տեսանելի չէին, ու ես շատ դետալներ չէի տալիս իմ անիմացիային, քանի որ՝ «Դե ինչի՞ էդքան տանջվեմ, եթե բան չի երևալու»։ Բայց իմ անիմացիայի ղեկավարն աշխատանքիս տալիս էր այնպիսի մեկնաբանություններ, որոնք կտար առաջին պլանի անիմացիային։ Ու դե ես ստիպված, սկզբում չուզելով, հետո հասկանալով, թռչուններիս անիմացիան բերեցի շատ լավ մակարդակի։ Երբ վերջնական արդյունքը տեսա, հասկացա, որ այն, ինչ դարձնում է տեսարանը ստացված, առաջին պլանը չէ միայն, այլ յուրաքանչյուր դետալը։

11. Եղե՞լ է նախագիծ կամ տեսարան, որն սկզբում անհնարին էր թվում։

Չէի ասի անհնարին, բայց երբեք չէի մտածի, որ կարիերայիս ընթացքում կաշխատեմ Prehistoric Planet: Ice Age վավերագրական սերիալի վրա, որի կրկնօրինակումն անում էր Թոմ Հիդելսթոնը։ Երբեք չէի մտածի, որ այս ժանրում կաշխատեմ ու կյանքի կկոչեմ վերացած կենդանիների։

12. Հետ նայելով Թումոյում անցկացրած տարիներին՝ եղե՞լ են հմտություններ կամ փորձառություններ, որոնք մեծ դեր են խաղացել քո մասնագիտական ճանապարհին։

Հենց Թումոյում եմ ծանոթացել իմ կյանքի մասնագիտությանը։ Մասնակցել եմ աշխատարանների, որտեղ լիքը գիտելիքներ եմ ստացել։ Ամենահիշարժանը Ատոմ Էգոյանի լոգոյի անիմացիայի ստեղծման մրցույթ-աշխատարանն էր, որտեղ ես ու իմ ընկերներ Խորեն Մաթևոսյանն ու Ռոբերտ Ոսկանյանը հաղթեցինք մեր անիմացիայով։ Թումոյում նաև հնարավորություն եմ ունեցել աշխատելու որպես մարզիչ, հետո նաև դասընթացավար եմ եղել և հնարավորություն եմ ունեցել ոգեշնչվելու ու առաջ շարժվելու մասնագիտությանս մեջ։

Բայց անիմացիայից բացի ամենակարևոր բանը, որ Թումոն ինձ տվել է, ինքնակրթությունն է։ Ինձ թվում է՝ դա ցանկացած ուսանողի, մասնագետի ու ընդհանրապես մարդու ամենակարևոր հատկանիշներից է։

13. Ի՞նչ զգացողություն ունեցար առաջին անգամ տեսնելով քո անունը մեծ նախագծի տիտրերում։

Այնպիսի զգացողություն էր, կարծես կողքս 10 տարի առաջվա Հակոբն էր նստած ու ասում էր, որ հպարտ է ինձնով։

14. Եթե հնարավորություն ունենայիր վերադառնալ որևէ նախագծի սկզբնական փուլ, ինքդ քեզ ի՞նչ խորհուրդ կտայիր։

Որպես սկսնակ անիմատոր երբեք չեմ հասկացել լավ դերասան լինելու կարևորությունը։ Նույնիսկ եթե դու ինքդ չես կարող լավ դերասանություն անել, գիտելիք ունենալն ու անիմացիայում կիրառելը շատ կարևոր բան էր։ Ինքս ինձ խորհուրդ կտայի ուսումնասիրել դերասանական արվեստը։

15. Ի՞նչ խորհուրդ կտաս Թումոյի ուսանողներին, որոնք երազում են աշխատել միջազգային խոշոր կինոարտադրություններում։

Մի՛շտ ունեցիր երազանք, սիրահարվի՛ր քո մասնագիտությանը, բարձր նշաձողե՛ր դիր, հետաքրքրասե՛ր եղիր, լիքը հարցե՛ր տուր, փորձիր մի՛շտ ընտրել դժվար ճանապարհը: Ու ստեղծիր քոնը։

Նաև կասեմ, որ տաղանդն առանց աշխատասիրության գոյություն չունի։ Իմ կարծիքով, տաղանդ ասվածը ուժեղ սերն է դեպի մասնագիտությունդ, որն էլ քեզ ստիպում է ավելի լավը դառնալ ու շատ արագ հաջողությունների հասնել։

Ինձ միշտ օգնել են Ուոլթ Դիսնեյի այս խոսքերը, որոնք հուսով եմ կօգնեն նաև թումոցիներին.

«Բոլոր երազանքները կարող են իրականություն դառնալ, եթե մենք ունենանք դրանց հետևից գնալու քաջությունը»։