15 հարց Թումո շրջանավարտին. Դիանա Եղիկյան

Թումոյի 15-ամյակի առթիվ մենք սկսում ենք «15 հարց» շարքը, որը բացում ենք Թումո Երևանի O շրջանի շրջանավարտ Դիանա Եղիկյանի հարցազրույցով։ Դիանան հասցրել է աշխատել Disney-ի ու Pixar-ի հետ՝ ստեղծելով Elemental անիմացիոն ֆիլմի պաշտոնական պաստառը։ Նաև Netflix-ի պատվերով ստեղծել է Maya and the Three մինիսերիալի վրա հիմնված համակարգչային խաղի նկարազարդումները Roblox հարթակի համար։

fb in diana - 15 հարց Թումո շրջանավարտին. Դիանա Եղիկյան

1. Հիշո՞ւմ ես առաջին նախագիծդ Թումոյում։

Արամ Միրզոյանցի գրաֆիկական դիզայնի դասընթացն էր, որի ընթացքում լոգո պետք է պատրաստեինք Ճոն և Հասմիկ Մկրտչեան հիմնադրամի համար։ Ընտրվեց հենց իմ լոգոյի տարբերակը, որը հիմա Թումո Գյումրիի մուտքի մոտ է տեղադրված։

2. Թումոյի ո՞ր ոլորտներն են քեզ հոգեհարազատ։

Թվային նկարչությունն ամենահոգեհարազատն էր։ Փորձում էի ոչ մի դասընթաց ու աշխատարան բաց չթողնել։ Իսկ ամենամարտահրավերայինը երաժշտությունն էր, որին միայն հեռվից էի նայում։

3. Մինչ անիմացիայում և դիզայնում կարիերա սկսելդ, ի՞նչ պատկերացումներ ունեիր դրանց մասին։

Սկզբում ընդունվել էի Պետական համալսարանի կենսաբանության բաժին, բայց երբ 17 տարեկանում եկա Թումո ու իմացա, որ անիմացիայի ու խաղերի ոլորտները կարող են մասնագիտություն դառնալ, որոշեցի գնալ Ճարտարապետական։ Հենց Թումոն է ինձ ուղղորդել այս ճանապարհով։ Չէի պատկերացնում, որ այս ոլորտներն այսքան մեծ են ու այդպիսի պոտենցիալ ունեն։

4. Ինչպե՞ս է Թումոն ձևավորել քո ստեղծարարությունը։

Թումոյի շնորհիվ ճի՛շտ ժամանակին ճի՛շտ մասնագետների հետ ծանոթացա, որոնց շնորհիվ հասկացա՝ որքան ստեղծարար կարող եմ լինել։

5. Ի՞նչ զգացիր, երբ իմացար, որ Disney/Pixar-ի նախագծի վրա ես աշխատելու։

Ես գոռում էի, ճիշտն ասած, չէի հավատում, որ նման բան կարող է լինել։ Իհարկե, ցանկանում էի Disney-ի հետ աշխատել, բայց սպասում էի, որ դա հեռու ապագայում է լինելու, ոչ այսքան շուտ։

6. Ինչպե՞ս ստեղծեցիր Disney-ի ֆիլմի համար պաստառը։

Իրականում Disney-ն ինձ շատ զարմացրեց։ Դրանից առաջ այնպիսի ընկերությունների հետ էի աշխատել, որոնք յուրաքանչյուր պիքսելի համար feedback էին տալիս։ Disney-ի դեպքում բավականին ազատ էին թողել։ Իմ առաջադրանքը «կրակի» ընտանիքի անդամներին նկարելն էր, բայց ստեղծագործական մոտեցումն ինձ էին թողել։ Այս վստահությունը շատ հաճելի էր։

Ինձ մուլտֆիլմն ուղարկեցին մինչև պրեմիերան, ու դա էլ էր մեծ պատասխանատվություն։ Դիտելու հղումն ինձ համար 12 ժամ էր հասանելի, և այդ ընթացքում պետք է ուսումնասիրեի կերպարներին՝ պաստառ ստեղծելու համար։ Հստակ ժամանակում պետք է էսքիզ ներկայացնեի feedback-ի համար ու կարծիքներ ստանալուց հետո նորից շարունակեի աշխատել, և այսպես շարունակ։ Իրականում, շատ քիչ փոփոխություններ եղան։ Մինչև պրեմիերան չէի կարող ոչ ոքի ասել, որ այս նախագծի վրա էի աշխատել։ Շատ հավես փորձառություն էր։

elemental poster working file - 15 հարց Թումո շրջանավարտին. Դիանա Եղիկյան

Դիանայի ստեղծած պաստառն Elemental-ի համար

7. Կպատմե՞ս Maya and the Three խաղի հետ աշխատանքի մասին։

Այս նախագծի վրա աշխատել եմ Toya կազմակերպության հետ, որը Netflix-ի հետ էր համագործակցում՝ Maya and the Three մինիսերիալի վրա հիմնված նույնանուն խաղի ստեղծման համար։ Ես մեծ թիմի մի մասն էի և աշխատում էի նկարազարդումների, icon-ների, 2D asset-ների վրա։ Դա տևեց մոտ երեք ամիս։

Դիանայի պորտֆոլիոյից

8. Այս նախագծերի վրա աշխատելիս կա՞ր մի պահ, երբ մտածեցիր՝ չեմ հավատում, որ անում եմ սա։

Իհարկե կար, ու մինչ հիմա էլ կա։ Այս կազմակերպությունների հետ աշխատելը յուրաքանչյուր նկարչի երազանքն է։

9. Որքա՞ն տարբեր էր ֆիլմի համար պաստառ ստեղծելը Roblox-ի նկարազարդումներ ստեղծելուց։

Մեկն ավելի շատ մարկետինգային նպատակներով է օգտագործվում, մյուսն էլ բուն խաղի մաս է։

10. Թումոյում ձեռք բերած ո՞ր հմտություներն էին կարևոր քո կարիերայում։

Այնքան հմտություն չէ, որքան լայֆհակ։ Ագատա Բադալյանի դասընթացին, եթե Photoshop-ում ինչ-որ բան այն չէր, ctrl+d էի սեղմում, ու ամեն ինչ տեղն էր ընկնում։

11. Երբ չես կարողանում ստեղծագործել, ի՞նչ ես անում։

Սուշի եմ պատվիրում։

12. Երեք բառով բնութագրիր քո ստեղծագործական ոճը։

Գունավոր, ուրախ, կախարդական։

13. Քեզ ի՞նչն է ոգեշնչում։

Բնություն, ամենօրյա մարդկային հարաբերություններ, լույս, ճանապարհորդություն։

14. Ի՞նչ խորհուրդ կտայիր ինքդ քեզ փոքր տարիքում, երբ նոր էիր Թումո հաճախում։

Երևի շատ պարզ բան կասեմ. Գտեք այն, ինչ սիրով ու լույսով եք անում, ճանապարհն ինքն իրեն կբացվի։

1 1 - 15 հարց Թումո շրջանավարտին. Դիանա Եղիկյան

Դիանան Արամ Միրզոյանցի գրաֆիկական դիզայնի աշխատարանին, 2019 թ.

15. Ի՞նչ խորհուրդ կտաս թումոցիներին, որոնք երազում են միջազգային նախագծերի վրա աշխատել։

Հմտացե՛ք և նախագծե՛՛րը ձեզ կգտնեն։