Փոփ արտից մինչև իմպրեսիոնիզմ Սոնա Աբգարյանի հետ

Փոփ արտից մինչև իմպրեսիոնիզմ Սոնա Աբգարյանի հետ

Սոնա Աբգարյանը միշտ գիտեր, որ նկարիչ է դառնալու: Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեծանալով Սոնան մայրիկի հետ ժամերով Մատիսի կտավներն էր վերարտադրում ու քննարկում հոլանդական նկարիչների աշխատանքները. «Երբեք չեմ պատկերացրել ինձ այլ գործով զբաղվելիս»,- ասում է Սոնան, ով սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:

Այժմ նա Հայաստանի ամենահայտնի արտիստներից է, ինչպես նաև աշխատարանների ղեկավար Թումոյում: 2018 թվականի ապրիլից նա 15 աշխատարան է վարել, և շարունակում է նույն տեմպով: Սոնայի օգնությամբ ուսանողները զարգացնում են Photoshop-ի իրենց հմտություններն ու օգտագործում են ծրագիրը այնպիսի բազմազան ժանրերում ստեղծագործելու համար, ինչպիսիք են փոփ արտն ու իմպրեսիոնիզմը: Մինչև հիմա անցկացրած աշխատարաններից նա ամենաշատը սիրում է թվային օրագրերի նախագիծը, որի ընթացքում ուսանողները ստեղծեցին իրենց առօրյայի մասին պատմող թվային նկարազարդումներ:

Սոնայի աշխատանքներից

Սոնայի համար առաջնայինը ուսանողների համար հուսալի և հոգատար մթնոլորտ ստեղծելն է. «Իմ նպատակն է, որ ուսանողները լինեն անպիսին, ինչպիսին կան և ունենան ստեղծագործելու ազատություն,- ասում է նա,- նրանցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է գաղափարների և կարողությունների մի ողջ աշխարհ և արվեստը լավագույն միջոցներից է այն ի հայտ բերելու համար»:

Սոնան ոգեշնչվում է կոմիքսներով ու փոփ արտով, վառ գույներով և մարդկանցով, ինչպես օրինակ` իր 2 տարեկան որդին է կամ մարդիկ, ում մասին միայն գրքերում է կարդացել: Նրա աշխատարանների գաղափարները ծնվում են ուսանողների և աշխատարանների թիմի հետ քննարկումների ժամանակ. «Ճիշտ է, ես եմ այսպես ասած «դասատուն», բայց ուսանողներիցս շա՜տ բաներ եմ սովորում: Նրանցից եմ լսում ամենաթարմ նորությունները երաժշտության ու կինոյի աշխարհից: Բաներ կան, որ ինձնից լավ են անում,- ոգևորված ասում է Սոնան,- հենց այդ պատճառով էլ ես սա ոչ թե ուսուցանել եմ համարում, այլ գաղափարների ազատ փոխանակում»:

Սոնայի ուսանողների աշխատանքներից

Թումոյում Սոնան վարում է աշխատարաններ ամեն ամիս: Նրան ոգևորում է այն միտքը, որ ուսանողների հետ կարող է կյանքի կոչել մի շարք գաղափարներ, ինչպես օրինակ` հայկական ժամանակակից նկարազարդված գրքերի ստեղծումը կամ նախագիծ Երևանի հին շենքերի նկարազարդումներով: Նոր տարին Սոնայի սիրած տոնն է. մանկական հիշողություններով տարվելու ու կյանքի նոր շրջափուլ մտնելու առիթ: Այնպես որ, թումոցիները կարող են սպասել թվային նկարազարդումների նոր, տոնական աշխատարանի:

Թումոյից դուրս, որպես անկախ մուլտիմեդիա նկարիչ, Սոնան ստեղծում է անալոգ և թվային աշխատանքներ. «Չեմ պատկերացնում, որ կարող է մի օր արվեստով չզբաղվեմ,- ասում է նա,- բերում է այն գումար, թե ոչ` երկրորդական է․ դա իմ կյանքի գործն է»: Այս պահին Սոնան աշխատում է իր անհատական ցուցահանդեսի վրա, որը տեղի կունենա 2020 թվականի մայիսին:

 

ՀԱՎԵՍ ՓԱՍՏ

Սոնան մեծ թենիսի մեծագույն երկրպագու է: Հաջորդ կյանքում նա կլինի Սթեֆի Գրաֆի կամ Վենուս և Սերենա Ուիլյամսների պես թենիսի աստղ: