Ծանոթացեք փիլիսոփայության ու կառավարման երկու ֆրանկոֆոն մասնագետ ու երկու միջազգային Թումո կենտրոնների` Փարիզի ու Բեյրութի մենեջերներ Լամա Էլ Մալայի ու Արիան Քեաթիպեանի հետ: Լաման ու Արիանը այժմ Երևանում են, որտեղ ակտիվ զբաղվում են Թումոյի կրթական մոդելի սկզբունքներն ու աշխատանքի բոլոր մանրամասներն ուսումնասիրելով, տեղի մշակույթին ու, դե իհարկե, խոհանոցին ծանոթանալով: Երկու շաբաթից նրանք կվերադառնան իրենց կենտրոններ` համակարգելու առաջին միջազգային Թումոների մեկնարկը:
«Մինչ Թումոյի հետ կապ հաստատելը` այս տարի հետաքրքրքվել էի կրթական հոգեբանությամբ ու ուսումնասիրում էի պատանիների կրթական ընթացքին խանգարող հանգամանքներն ու հաջողություն ունենալու օրինաչափությունները: Թումոն տալիս է կրթական փորձառության այլընտրանքային տարբերակ, որն ավելի հիմնված է գործնական փորձի և ոչ հիմնականում թեորետիկ բովանդակության վրա, ինչը ավելի է ոգևորում պատանուն: Դա ինձ շատ հետաքրքրեց Թումոյի ծրագրում», – պատմում է Թումո Փարիզի ղեկավար Արիանը:
«Փիլիսոփայություն ուսումնասիրելուն զուգահեռ` հետաքրքրվեցի արվեստի կառավարմամբ: Ինքս հաջող արտիստ չեմ, բայց արվեստ շատ եմ սիրում: Դրա համար փորձում եմ ինձ միշտ ստեղծարար միջավայրով շրջապատել: Ու հիմա Թումոյում եմ, կարծես թե, ճիշտ եմ եկել», – նշեց Լաման: Նա Հայաստանում առաջին անգամ է, բայց` իր խոսքերով, բոլոր ընկերներն արդեն աշխատարաններ են վարել այստեղ ու Հայաստանի մասին շատ է լսել: «Մեզ մոտ` Լիբանանում, հայկական խոհանոցը ամենասիրվածն ու համեղն է, այնպես որ ես այստեղ մեկ այլ շատ կարևոր առաքելություն էլ ունեմ. պետք է փորձեմ պարզել, թե որոնք են Հայաստանի ամենահամեղ ուտեստները», – իր արտաԹումոյական առաքելության մասին է պատմում Լաման: «Բացի այդ` լուրջ թուլություն ունեմ գորգերի նկատմամբ: Երեկ Վերնիսաժում էի ու գորգերի տաղավարի մոտ հասկացա, որ Բեյրութ վերադառնալիս հավելյալ ճամպրուկի կարիք եմ ունենալու»:
Իսկ Թումո Փարիզի ֆրանսիահայ մենեջեր Արիանը Հայաստանում արդեն շատ է եղել. «Հայաստանը մոտս տպավորվել է որպես անհավանական իրադարձությունների վայր: Ամեն այցիս այստեղ միշտ մի տարօրինակ բան է տեղի ունենում: Օրինակ` անցած անգամ ծնողներիս հետ գնացել էինք վանական համալիր, ու այնտեղ ինչ-որ փոփ-աստղ իր տեսահոլովակն էր նկարահանում: Վանքում, պատկերացնու՞մ եք: Իհարկե, հետը նկարվեցի»:
ՄԻ ՓԱՍՏ
Թեև Լաման ու Արիանը վերջին շրջանում ապրել են Բեռլինում, հետո միաժամանակ տեղափոխվել Փարիզ, սովորել նույն ծրագրով նույն համալսարանում, նրանք երբևէ չեն ճանաչել միմյանց մինչև Թումոն: