Տարիներ առաջ, երբ թվում էր` արվեստն ու տեխնոլոգիաները հատման եզրեր չունեն, Թումոն եկավ դրանք միավորելու։ Իսկ հիմա այդ միքսն իրենց մեջ Թումոյի ուսանողներն ու շրջանավարտներն են կրում։
Թումոցի Աննան
2016 թվականին, երաժշտությամբ ու նկարչությամբ հրապուրված, 13-ամյա Աննա Ստեփանյանն առաջին անգամ եկավ Թումո՝ չմտածելով անգամ, որ ծրագրավորումը կարող է իր առօրյայի անբաժան մասը դառնալ․
«Սկզբում մասնակցում էի նկարչության, գրաֆիկական դիզայնի ու երաժշտության դասընթացներին։ Հետո հասկացա, որ չպետք է միայն դրանցով սահմանափակվել ու սկսեցի առաջին քայլերս ռոբոտաշինության ոլորտում»։
Ռոբոտաշինության ամեն մի մակարդակ հաղթահարելուց հետո Աննան սկսեց ավելի ու ավելի կապվել կոդերի, ռոբոտների նախագծման ու ինժեներական աշխատանքների հետ։ 2020 թվականին նա իր ընկերների հետ մասնակցեց Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթին՝ Տեխնոլոգիաներ անվանակարգում գրավելով 3-րդ տեղը։
«Ա.Մ.Ա.Ս.» սարդաձև սարքը
Նրանց մշակած ինքնավար բազմաֆունկցիոնալ շտապօգնության սարքը կարողանում է օբյեկտներ տեղափոխել ամենատարբեր մակերևույթներից՝ հարթից ժայռոտ և հակառակը:
Արամ Միրզոյանցի հետ աշխատարանում թումոցիները մշակել են լոգո AMIC-ի համար, 2021 թ․
Ծրագրավորելով ապագան 42 Երևանում
Տարբեր ոլորտներ բացահայտելու և խորությամբ ուսումնասիրելու բնավորությունը Աննային տարավ Հալաբյան փողոցում գտնվող մեկ այլ կրթական կենտրոն՝ Թումո լաբերի 42 ծրագրավորման դպրոց։ «Երբ իմացա 42-ի մասին, որոշեցի այդտեղ ևս փորձել ուժերս։ Առաջին փորձս հաջող չէր, բայց հույսս չկորցրեցի ու այս տարի ևս դիմեցի»։ Զրուցից օրեր անց տեղեկացանք, որ Աննան ընդունվել է ու այժմ 42 Երևանի հիմնական ծրագրի ուսանող է։
Աննան՝ 42 Երևանում, 2020 թ․
Ոչ մի ազատ ժամ
Չցանկանալով կտրվել Թումո լաբերի կրթական միջավայրից՝ 42 Երևանի ավազանի ավարտից հետո Աննան սկսեց իր կրթական ուղին ինքնուսուցման ծրագրում և միջազգային SAP և SpaceChain ընկերությունների հետ անցկացվող գործնական նախագծերում։
Թումո լաբերի ինքնուսուցման ծրագրում Աննան սովորում է Python, 2022 թ․
«SAP-ի նախագծում վիրտուալ բոտ ենք մշակում, որը վերլուծելով երկու օգտատիրոջ խոսակցություն, ավտոմատ կերպով կստեղծի առցանց հանդիպում ու կառաջարկի հաստատել այն կամ ոչ»,- ասում է նա։ Ի տարբերություն մյուս մասնակիցների, Աննան դեռ բարդ կոդեր գրելու շատ փորձ չունի, բայց թիմակիցների օգնությամբ ավելի հեշտ է սովորում։
Սիրելի զբաղմունքները՝ նկարչություն և երաժշտություն, 2021 թ․
Չմտածեք, թե Աննան հրաժարվել է իր մոլբերտից ու դաշնամուրից։ Նրա օրը հավասարապես կիսված է տեխնոլոգիաների ու արվեստի միջև։