2020-ի դեկտեմբերին Գավառ և Բերդ քաղաքներում բացվեցին Թումո տուփ նախագծի առաջին 2 կենտրոնները: Նախագծի նպատակը Թումոյի կրթական փորձառությունը Հայաստանի ու Արցախի անգամ ամենափոքր համայնքներ հասցնելն է: Յուրաքանչյուր տուփում համակարգողի, մարզիչի ու ուսանողների լավագույն ընկերոջ գործը վստահված է մի մարդու: Թումոյի այս բազմաֆունկցիոնալ «դեսպաններն» են Գագիկը Գավառում և Նարեկը Բերդում:
26-ամյա Գագիկ Ղարաբաղցյանը Թումոյի առաջին ուսանողներից է ու մինչև բանակ զորակոչվելը ստիպված է եղել շաբաթական 2 անգամ կտրել 130 կմ` Թումոյում ռոբոտաշինություն և կայքերի ստեղծում սովորելու համար.«Ամեն անգամ Գավառ վերադառնալիս ճնշման տատանման պատճառով գլխացավեր էի ունենում: Տուփի ուսանողների բախտը ավելի շատ է բերել` մի քանի մետր են քայլում, գլխացավն էլ մենակ իրենց ապագա պլանների մասին շատ մտածելուց է»:
Բանակից հետո Գագիկը հասցրել է անել գրեթե ամեն ինչ. սովորել է Գավառում, Շվեդիայում և Իսպանիայում, աշխատել է ՀԿ-ներում, համայնքապետարանում, կամավորական հիմուքներով 5 տարի եղել է մարզպետի խորհրդական, դասավանդել է դպրոցներում և շատ ավելին: Այս սովորությունը Գագիկը հիմա էլ է շարունակում` միաժամանակ դասավանդելով Գյուղատնտեսական քոլեջում, աշխատելով Թումո տուփում և սովորելով մագիստրատուրայում. «Թումոն մեծ աշխուժություն մտցրեց Գավառում: Համավարակի սահմանափակումների պատճառով մեծ հերթ ունենք, շատերն անգամ անհաջող փորձեր են անում ծանոթով իրենց երեխաներին գրանցել»,- ծիծաղում է Գագիկը:
«Առհասարակ Գավառում աշխուժության մեծ պակաս ունենք: Ժամանցային վայրեր չկան, այդ պատճառով երեկոյան 6-ից հետո փողոցում երիտասարդներ չես տեսնի: Բացի այդ, ժամանակին մենք քաղաքում բարձր տեխնոլոգիական արտադրանք տվող 12 գործարան ունեինք: Այժմ դրանք չկան, բայց երեխաները ժառանգել են տեխնոլոգիական հակումները, նոր եկած թումոցիներն էլ` ապացույց: Երիտասարդները պիտի կրթվեն ու մնան Քյավառը շենացնելու, այլ ելք չկա»,- ասում է Գագիկը:
Տեղափոխվենք Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաք` ծանոթանալու 23-ամյա Նարեկ Զարգարյանի հետ: Կինոօպերատոր Նարեկը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում: Մասնագիտության ընտրության հարցում Նարեկը երկար չի մտածել. դեռ դպրոցում իրեն խնդրում էին միջոցառումներ նկարել, դպրոցի թերթի համար կադրեր էր անում ու խմբակում փոքրերին տեխնիկայից օգտվել էր սովորեցնում: Նարեկը համալսարանից դուրս էլ է ֆիլմեր նկարում. «Տարբեր ՀԿ-ներ ռեպորտաժներ են պատվիրում, բայց ես դրանք մաքսիմալ ֆիլմային եմ դարձնում` ինձ այդպես ավելի հետաքրքիր է: Բայց դոկումենտալ ֆիլմեր էլ եմ հասցրել նկարել: Այդ ժանրը հնարավորություն է տալիս անմիջականորեն մտնել հերոսիդ կաշվի մեջ: Ես դա հասկացա, երբ ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ կրակի տակ ընկանք, այն դեպքում երբ ֆիլմի հերոսները ամեն օր էին այդ իրավիճակում` երբեմն ստիպված լինելով իրենց արտի բերքը գիշերով հավաքել»:
Նարեկը 10 տարի է մի ֆիլմի գաղափար է մշակում ու, իր խոսքով, հասցրել է այն արդեն լիարժեք սցենարի: Բայց այժմ իր ուշադրության կենտրոնում թումոցիներն են. «Ես շատ աշխույժ ու չար երեխա եմ եղել ու այստեղ սովորող թումոցիների վարքը հաճախ լավ եմ հասկանում: Բայց ամենաշատն իրենց փոխարեն հասկանում եմ, թե ինչ կարևոր է տեխնիկայով ապահովված լինելը, մի քանի տարի առաջ դա շատ ավելի բարդ էր: Հիմա իրենց մնում է միայն սովորել ու Բերդը դարձնել աշխարհի կենտրոն: Դե մեզ էլ մնում է այս հերթերի հարցը լուծել, Գավառն այս իրավիճակում միակը չէ»,- ասում է Նարեկը:
Շուտով կբացվի արդեն 3-րդ Թումո տուփը` Սևան քաղաքում և Գագիկի ու Նարեկի բազմաֆունկցիոնալ համակարգողների գիլդիան նոր համալրում կունենա: