Վիտրուվիանական մարդիկ

Արվեստի պատմության դասերին լսարանում լսվում էր միայն դասախոսի ցածր ձայնն ու տեղ-տեղ թղթին քսվող գրչի խզզոցը։ Լսարանի պատերին ամբողջությամբ փակցված էին բոլոր ժամանակների ամենահռչակավոր նկարիչների հայտնի կտավների կրկնօրինակները, որոնց կերպարները ևս ձուլվել էին լսարանի լռությանը։ Նանեն, զուգահեռ լսելով դասախոսին, նայում էր Ռեմբրանտի «Դանայան», որի վրա ընկած արևի շողքերը նույնպես թվում էին կտավի երանգ։ Հանկարծ հնչեց ուսանողներից մեկի ընդհատող ձայնը. 

-Դասն ավարտվեց։ 

Պարոն Բեյլերյանը խնդրեց մի քանի ուսանողներին մնալ լսարանում կարևոր հայտարարության համար։ Նանեն տեղյակ էր արդեն հայտարարության բովանդակությանը, քանզի նա իր դասախոսի հետ շատ մտերիմ էր դեռ առաջին կուրսից։ Կուրսի լավագույն ուսանողներին անհրաժեշտ էր իրենց հին ուսումնարանից ոչ հայտնի տեղեկություններ պեղել հարցաքննելով տեղի հին դասախոսներին, բնակիչներին և այդ աշխատանքները կցել վերջնական գործնականների մեջ։ Աշխատանքի էությունը Բեյլերյանն արդարացնում էր այս կերպ, որ ուսանողներն իրենց մեջ այդ կերպ զարգացնում են հետաքրքրության զգացումը և գտնում շատ կերպարներ կտավին հանձնելու համար։ Վանաձորի դասախոսներն այդքան էլ շատ չեն, բայց ինչպես ասում են որակն ավելի կարևոր է քան քանակը, և Բեյլերյանն իր տեղը պինդ ամրագրել էր քչաքանակ որակյալ դասախոսների առաջին շարքում, բայց այդ դեպքում շարքը պետք է բաղկացած լիներ միայն մեկ մարդուց։ Նանեն անկեղծ գնահատում էր իր ծեր դասախոսին և 

«ուսյալ վամպիրի» պես քաշում նրանից այն, ինչ հասցնում էր լսել վերջինիս բերանից։ 

-Նկարչին տաղանդը քիչ է, պետք են տեսական գիտելիքներ։ Երեխե՛ք՝ եղեք ավելի կրեատիվ, բայց դասակա՜նը… Այն մոռանալ կամ չսովորել ուղակի չի կարելի։ Անցե՛ք գործի։ Ես ձեզանից շատ բան եմ սպասում և չեմ ուզում, որ ձեր աշխատանքները մեկը մյուսին նման լինեն։ 

Վերջին ցիտատ հիշեցնող խոսքերից հետո հինգ հոգուց կազմված խումբը սկսեց դանդաղ դատարկել լսարանը իր հետևից թողնելով «հաջողություն», «ցտեսություն» և «առայժմ» բառերի կույտը հնչելով մեկը մյուսին հերթ չտալով։ Ըստ սովորության Բեյլերյանը գիտեր, որ Նանեն չի միանալու իր հեռացող ընկերներին։ Ամեն դասի վերջում նրանք միասին քննարկում էին որևէ թեմա, որը տվյալ օրը հետաքրքրությունից դրդված բերում էր երիտասարդ ուսանողուհին։ Այս անգամ հետաքրքիր թեմաներից բացի Նանեն խնդրեց իր դասախոսին թողնել լսարանի բանալին իր մոտ, որպեսզի իրեն հաճելի պայմաններում ավելի էֆեկտիվ

աշխատի իր պրոյեկտի վրա։ Մինչ Նանեի լսարանում մենակ մնալը, նրանք միասին քննարկեցին դա Վինչիի «Մոնա Լիզայի» վերաբերյալ շատ վարկածներ ու հոդվածներ։ Բեյլերյանը Նանեի աչքերում տեսնում էր այն փայլը, որը չկար ոչ մի իր հասակակիցների աչքերում և դրանից ոգեշնչված տալիս նրան այն գիտելիքը, որը ոչ մի գիրք չէր կարող տալ՝ նուրբ ճաշակ ձևավորելու հմտությունը։ Նման կապվածությունը դասախոսի հետ իր պտուղներն էր տվել։ Նանեն տիրապետում էր արվեստի պատմությանը ոչ պակաս քան մասնագետները։ Նանեն ամբողջ սրտով սիրում էր իր ծեր դասախոսին միգուցե այդ ձևով լրացնում իր կյանքում հայրական սիրո պակասը… 

Լսարանը դատարկ էր, սակայն Նանեի մոտ այնպիսի զգացողություն էր կարծես այն լեփ-լեցուն լիներ։ Միգուցե այդ զգացողությունը նրա մոտ արթնացնում էր պատերին խիտ փակցված նկարների կերպարները, որոնց հայացքները կարծես սովորականից լարված էին դիտում միևնույն կետին։ Համենայն դեպս ուշադրություն չդարձնելով իր զգացողություններին աղջիկը շարունակեց կարդալ գրադարանից վերցրած գիրքը, որը վերցրել էր իր գործնական աշխատանքին նոր նյութեր հավելելու համար։ Գիրքը շատ հին էր, տեղ-տեղ քրքրված այնքան, որ հազիվ էին կարդացվում բառերը։ Գրքի թերթերը փխրուն էին, և աղջիկն ամենայն զգուշությամբ ու խնամքով թերթում էր այդ հնամաշ «ծերունուն»։ Տպագրված բառերից բացի գրքում նշումներ էին արված մատիտով ու գրիչով։ Գիրքը գնալով կլանում էր դեռահասի սիրտն ու միտքը և այն ավելի հետաքրքրացավ, երբ Նանեն սկսեց ուշադրությունը կետրոնացնել գրքի ծայրերին կատարված նշումների վրա։ Միքիչ թերթելուց հետո նա նաև գտավ առանձին թղթեր, որոնց վրա պատկերներ էին և թվաբանություններ։ Նանեն մի ակնթարթ սառեց և անմիջապես բացեց գրքի առաջին էջը, երբ հանկարծ… – Բա՛վ է։ 

Նանեն ակամա գլուխը թեքեց դեպի աջ, քանզի ձայնն այդ կողմից էր։ Աղջիկը զգում էր, թե ինչպես է լեզվի ծայրը թմրել։ Ձայնը բավական բարձր էր, որպեսզի երևակայություն թվար։ Նանեն մարմնով թեքվեց դեպի աջ և ձեռքը կամաց մոտեցրեց պատին փակցված նկարին։ Զգուշությամբ շոշափելով նկարը իր նուրբ մատներով և ապա իր մատները շոշափելով մեկը մյուսին աղջիկը համոզվեց, որ նկարը անշունչ է, սակայն հուզմունքը, որը կարծես շատ քայլող միջատներ էր առաջացրել դեռահասի ստամոքսի մեջ սկսել էին ակտիվանալ և էլ ավելի արտահայտիչ անհանգստացնել իրենց տիրոջը։ Նանեն թեքվեց դեպի սեղանին դրված գիրքը, որտեղ արդեն բացված առաջին էջում կարդաց արտահայտիչ գրված տառերը. 

«Այս գիրքը պատկանում է Էմանուել Բ-ին» 

– Էմանուել Բ, այսինքն Էմանուել երկրորդ,_ մտքերը կարծես ինքնաբերաբար բարձրաձայնելով ասաց Նանեն։ 

– Ասեցի բա՛վ է։ Դու երևի անհասկացող ես։ 

Նանեն տեղից վեր թռավ և վազեց դեպի դուռը ընթացքում նկատելով կերպարների շաղված և բարկացած հայացքները։ Դուռը բացեց և ընկավ միջանցքի հատակին

վնասելով ծունկը։ Արդեն 16։30 էր և քոլեջում մարդ չկար, որպեսզի լսեր Նանեի բարձր ճիչը։ Տեղը բերելով շնչառությունը Նանեն փորձեց կանգնել և ուղղել իր շրջազգեստը։ Ծունկի հատվածը զուգագուլպան ամբողջովին պատռվել էր։ Նանեի աչքերը լցվել էին, սակայն նրա դեմքի արտահայտությունը ավելի շատ վախ էր արտահայտում։ Աղջիկը փորձեց գտնել իր սմարթֆոնը, սակայն ապարդյուն։ Սմարթֆոնը ամենայն հավանականությամբ թողել էր լսարանում մնացած իրերի հետ։ Հարկավոր էր վերադառնալ հատկապես գրքի համար։ Այդ պահին Նանեին տանջում էր հետաքրքրությունը, սակայն վախը և ցավը ճնշում էին մնացած էմոցիաները։ Մոտ տաս րոպե մտածելուց հետո Նանեն որոշում կայացրեց… 

 Լսարանը դատարկ էր։ Գիրքը գտնվում էր այնտեղ, որտեղ թողել էր Նանեն։ Նա զգուշությամբ մոտեցավ սեղանին, վերցրեց գիրքն ու պայուսակը և արդեն շրջվում էր դեպի դուռը, երբ հանկարծ թեքվեց ու սկսեց ստուգել բոլոր սեղանների տակը։ – Այդտեղ կեղտից բացի ուրիշ բան չես գտնի,_լսվեց ձայնը աջից։ – Լռիր, ինչ ես անում։ Ախր մեզ չի կարելի,_լսվեց մեկ ուրիշ ձայն կրկին աջից Այդ պահին Նանեն համարձակությունը հավաքեց բերանի խոռոչը և ինչքան ուժ ուներ բղավեց հետևյալ խոսքերը. 

– Ովքե՞ր եք։ 

– Հանգստացի՛ր, ես քեզ թշնամի չեմ։ Ես միայն ուզում եմ, որ այդ գիրքը, որ հիմա քո ձեռքում է, տանես ու այրես։ 

Նանեն զարմացած նայեց պատին փակցված «վիտրուվիանական մարդուն», ում դեմքի նեյտրալ արտահայտությունը կենդանի շունչ էր ստացել։ 

– Հնարավոր չի, չէ՛։ 

– Դու մեծ սխալ ես գործում,_Գոյայի «հագնված մախան» դիմեց «վիտրուվիանական մարդուն», որն էլ ավելի սրեց Նանեի մոտ հետաքրքրության և միաժամանակ վախի զգացումը։ 

– Ձայնդ կտրի՛ր անառակ,_դա Վինչիի կտավի պատասխանը մախային։ – Փաստորեն դուք բոլորդ խոսում եք,_ ուշադրություն չդարձնելով վերջին ընդհարմանը զարմացած բացականչեց Նանեն։ 

– Այո սիրելիս, խոսում ենք և ոչ միայն,_հետևյալ խոսքերն ասելով Կլոդ Մոնեի «Անձևանոցով կինը» կտավի երիտասարդ գեղեցկուհին քայլելով մոտեցավ դեպի Կարավաջոյի նատյուրմորտը և ցատկեց այդ նկարի մեջ։ 

– Տեր Աստված, այ քեզ բա՜ն։ 

Նանեի վերջին բացականչությունը թեթև հրճվանք առաջացրեց կերպարների մոտ, բացի վիտրուվիանական մարդուց։ Վերջինիս ավելի քան լուրջ էր տրամադրված և փորձում էր հայացքով ամեն կերպ սաստել իր հարևաններին։ 

– Ինձ կասե՞ք այս գիրքը ինչով է այդքան կարևոր,_Նանեն փորձեց անցնել բուն թեմային նկատելով վիտրուվիանական մարդու լրջությունը։ 

Մի պահ լռությունից հետո Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» դիմեց իր այսպես ասած «բարեկամին».

– Միգուցե ասե՞նք։ Հնարավոր է, որ սա մեր վերջին հնարավորությունն է։ – Մենք արդեն մեկին վստահել էինք, ես էլ թույլ չեմ տա ինձ կրկին շահագործել,- հնչեց «Ուրբինյան Վեներայի» փափուկ ձայնը: 

– Էմանուել երկրորդ,_ մեխանիկորեն բարձրաձայնեց Նանեն: 

– Հանգստացի՛ր, կարևոր մարդու գիրք չես գտել, քո նման ուսանող էր,_ Իննոկենտիոս 10-րդ պապը շատ կոպիտ ու արհամարական ձայնով, ինչպես իր դիմագծերն էին, սկսեց արտահայտվել իր հերթին: 

Ամեն ինչ խառնվել էր իրար: Նանեն փորձում էր վերլուծել դրությունը: Բոլոր կերպարները սկսեցին միմյանց հետ քննարկել իրավիճակը և այդ ձայներից լսարանում մեծ աղմուկ բարձրացավ: Նանեն այդ պահը օգտագործելով իր շահերի համար բացեց գիրքը և սկսեց ուսումնասիրել ոմն Էմանուելի նշումները: Սկզբում դրանք սովորական նշումներ ու թվաբանություններ թվացին, իսկ հետո շարունակելով թերթել գիրքը Նանեն նկատեց մարդկանց մարմնի առանձին մասեր ուրվագծած հասարակ մատիտով և դրանց կողքին ինչ-որ հաշվարկները: 

– Սարսափելի է չէ՞,_հազիվ լսվող ձայնով խոսեց Ֆիլիպ 4-րդը, որի ձայնը հասավ Նանեի ականջին ծանր աղմուկի մեջ: 

– Ես կասեի ապշեցնող գեղեցիկ: Ամեն ինչ այնքան գեղեցիկ է նկարված: – Այո՛, միայն թե բնորդները իրական էին: 

– Այսինքն,_ ընթացքում թերթելով էջերը Նանեն անտարբերությամբ հարցրեց Ֆիլիպին: 

– Այն, որ Էմանուելը իր բնորդներին… 

– Լռի՛ր Ֆիլիպ: Ինձ հետաքրքիր է դու իրական կյանքում էլ ես այսպես ապուշ եղել,_ սաստող ձայնով բղավեց վիտրուվիանական մարդը: 

– Չէ՛, թող շարունաակի,_ միջամտեց Նանեն: 

Այդ պահին բոլորը լռեցին: Վիտրուվիանական մարդու խոսքերը քարացրին նույնիսկ տեղի մթնոլորտը: 

– Լա՜վ, շա՜տ լավ: Դե որ պնդում ես, ես քեզ ամեն ինչ կպատմեմ: Ողղակի մի զգուշացում: 

-Լսում եմ: 

– Ես չեմ պատրաստվում ասել, թե ով է Էմանուելը և դու պետք է պատմությունից հետո իմ մի խնդրանքը կատարես: 

– Կախված, թե ինչ ես ուզում: 

– Սկզբում խոսք տուր: 

Նանեն մի պահ մտածելուց հետո որոշեց խոստում տալ մտածելով, որ հասարակ նկարի խոստում չկատարելը մեծ մեղք չէ: 

-Ուրեմն այսպես: Պատմությունը պատմելու եմ հնարավորինս համառոտ: Պատմելու եմ քեզ մի բան, որի մասին գիտեն միայն երկու հոգի: Դու կդառնաս երրորդը: – Համոզվա՞ծ ես որոշմանդ մեջ,_ կարծես վերջին հնարավորություն տալով Վիտրուվիանական մարդուն ասեց գեղեցկադեմ Ժաննա Սամարին:

– Ջոկոնդան ճիշտ է: Միգուցե սա մեր վերջին հնարավորությունն է: Վիտրուվիանական մարդը խորը շունչ քաշեց և արտաշնչեց այդպես իր միջից դուրս հանելով կասկածի զգացումները: 

– Էմանուելը, ով նկարել է այդ բոլոր նկարները, իր բոլոր բնորդներին մասնատում էր, որպեսզի այդ ձևով ավելի խորը ուսումնասիրեր Լեոնարդո դա վինչիի տեսությունը: Մենք բոլորս վիտրուվիանական մարդիք ենք: Նա առաջինն էր ում մենք բացահայտեցինք մեր գաղտնիքը, որ կարողանում ենք խոսել: Այն ամենը ինչ նա արել է գտնվում է այստեղ` քոլեջում: 

– Ո՞վ էր Էմանուելը: 

– Ես ասացի, որ այդ հարցին չեմ պատասխանելու: Նա դաժան մարդասպան էր: Ես քեզ խնդրում եմ հիմա կատարիր խոստումդ: 

– Ի՞նչ խոստում: 

– Այրիր գրադարանը: Ո՛չ, այրիր ամբողջ քոլեջը: 

Վիտրուվիանական մարդու վերջին խոսքերից Նանեն ցնցվեց մտածելով, որ վերջինիս խոսքերը զուտ կատակ էին, բայց տեսնելով նրա դեմքի լուրջ արտահայտությունը աղջիկը ևս լրջացավ: 

– Ես կարող եմ այրել գիրքը, այն էլ դժվարությամբ, բայց ոչ գրադարանը կամ էլ ամբողջ քոլեջը: 

– Ես այդպես էլ գիտեի: Միգուցե նրան ցու՞յց տանք,_ հուսահատ ձայնով ասաց Էդգար Դեգայի «Աբսենտ» կտավի տխուր կինը: 

– Ուրեմն Նանե, ուշադիր լսիր ինձ: Գնա գրադարան… 

– Բայց այս ժամին գրադարանը փակ է: 

– Գնա գրադարան,_կրկնեց վիտրուվիանական մարդը,_ այնտեղ պատին հենած գրադարակը կհրես մի կողմ: Այդ գրադարակի հետևում լաբորատորիա կա, որտեղ էլ կգտնես այն, ինչ քեզ քիչ առաջ պատմում էի: 

– Չէ, դուք երևի կատակում եք: 

– Նանե, խնդրում եմ: Դա միակ հնարավորությունն է,_ աղերսող ձայնով կրկին խոսեց Դեգայի «Աբսենտի» կինը: 

 Գրադարանի դուռը բաց էր և կարիք չկար բանալին գտնելու կամ դուռը կոտրելու։ Գրադարանը շատ անմխիթար վիճակում էր։Ամբողջովին հին գրքեր և գրադարակներ էին։ Թվում էր, թե այդտեղ ոչ մեկ չէր մտել վաղուց։ Փոշին ամենուր էր, որը ստիպում էր Նանեին ալերգիայի արդյունքում անընդհատ փռշտալ և քորել ձեռքերը։ Նանեն իր հետ վերցրել էր խորհրդավոր գիրքը, որը գրադարան մտնելուն պես թվում էր, թե դողում է աղջկա ձեռքում և ուր որ է պետք է թռչի նրա ձեռքից։ Նանեն իր առջև նկատեց այն գրադարակը, որի մասին խոսում էր վիտրուվիանական մարդը։ Աղջիկը գիրքը դրեց աթոռին, որից հետո սկսեց դես ու դեն շարժել ոչ այնքան մեծ գրադարակը։ Այն բավական ծանր էր, քան թվում էր։ Ի վերջո այն շարժվեց տեղից դժվարությամբ , բայց այն ինչ նա գտավ պահարանի հետևում նրան ապշեցրեց…

– Չհասկացա՛։ Փաստորեն այս ամեն ինչը ես հորինու՞մ էի։ 

Աղջիկը թեքվեց դեպի գիրքը։ Այն տեղում էր,որը մեղմացրեց Նանեի կասկածները իր երևակայության վերաբերյալ և ստիպեց նրան կրկին ստուգել պահարանի հարթ պատը, որտեղ չկար ոչ մի արտառոց լաբորատորիա։ Նանեն ձեռքով հպվեց պատին, որից հետո վերցրեց անկյունում դրված երկաթե աթոռը և սկսեց հարվածել պատին։ Ապարդյուն… Չկար ոչ մի անցք, ոչ մի թունել, ոչ մի հեքիաթային երևույթ, որը Նանեին կհասցներ խոսացող կերպարների ներկայացրած սարսափ սենյակը։ Աղջիկը թեքվեց դեպի աթոռին դրված գիրքը։ Նանեին մի պահ թվաց, թե գիրքը փոխել էր իր գույնը։ Նանեն վերցրեց գիրքը և դրեց այն գրադարակի մեջ, որը նա քիչ առաջ շնչակտուր հրում էր մի կողմ։ Քիչ հետո գիրքը ուղակի դուրս է թռչում գրադարակից, ինչպես փամփուշտը հրացանից։ Նանեի միտքը այդ պահին նրան թելադրեց քանդել բոլոր գրադարակում դրված գրքերը և գործողությունն իրականացնելուց հետո նա գրադարակի ներսում նկատեց անընդհատ շարունակվող մթություն… 

Լաբորատորիան հասարակ լսարանի չափ էր, որտեղ բավական մութ էր և որտեղից բավական գարշելի հոտ էր գալիս։ Աղջիկը վառեց լույսը և այն ինչ տեսավ բացատրում էր այն ամենը ինչ պատմում էին կերպարները։ Մեծ սեղանի վրա դրված էին շատ բժշկական պարագաներ, սենյակի անկյունում կշեռք էր, իսկ անմիջապես նրա կողքին մեծ սնդուկ, որը փակված էր կողպեքով։ Նանեն ուզում էր ավելի առաջանալ, երբ զգաց մեկի անհավասար շնչառությունը իր հետևում։ Աղջիկը ամբողջ ուժերը հավաքելով իր ձեռքերի մեջ թեքվեց և սկսեց հարվածներ հասցնել իր հետևում կանգնածին մե՛կ աջ ձեռքով, մե՛կ ձախ ձեռով, որով բռնել էր գիրքը։ – Նանե՛, Նանե՛ հանգստացիր։ Ես եմ, ընկեր Բեյլերյանը։ 

– Ընկեր Բեյլերյա՞ն։ Դուք որտեղի՞ց այստեղ հայտնվեցիք։ 

– Իսկ դու՞։ Ինչպե՞ս ես գտել այս տեղը։ 

– Ինձ նկարներն ասացին։ 

Փոշմանելով վերջին նախադասության համար Նանեն սկսեց հայացքը թեքել իր դասախոսից։ 

– Ես պետք է գուշակեի, որ դրանք լեզուները ատամների տակ պահել չգիտեն։ Նրանք քեզ ամեն ինչ պատմե՞լ են,_ շատ հանգիստ տոնով ասաց ծեր դասախոսը։ Նանեն որոշեց, որ ժամանակն է այդտեղից հեռանալու քանի դեռ իրավիճակը շատ վատ ուղղություն չէր վերցրել, սակայն դասախոսը մեծ արագությամբ խլեց աղջկա ձեռքից գիրքը, որը ստիպեց Նանեին ասել հետևյալ խոսքերը. 

– «Էմանուել Բ»,_ն դա դու՞ք եք։«Բ», այսինքն Բեյլերյան։ 

-Ո՛չ։ Նրանք քեզ ամեն ինչ պատմել են, բացի կարևորից։ Էմանուելը իմ հայրն էր և այս քոլեջի դասախոսներից մեկը։ Այս գիրքը պատահական ձևով չի հայտնվել քեզ մոտ։ Ես եմ այն փոխել այն գրքի հետ, որը վերցրել էիր գրադարանից։ Իմ հանձնարարությունն էլ զուր չէր հանձնարարված ձեզ։ Շատ տարիներ առաջ իմ հայրը գտել էր այդ գիրքը, որի ազդեցության տակ նա սկսել էր աշխատել վիտրուվիանական

մարդու տեսության վրա։ Այն գաղտնիքը, որը նա ցանկանում էր բացահայտել ստիպեց նրան կարճ կյանքով ապրել։ Ես այսքան տարիներ շարունակում էի իմ հոր գործը, սակայն ես հասկանում եմ, որ ինձ էլ շատ ժամանակ չի մնացել, իսկ ես չունեմ սերունդներ, որոնց կարող եմ վստահել։ Նանե, դու ավելի քան կարող ես աշխատել այս գործի վրա։ Դու շատ մեծ պոտենցիալ ունես և կարող քո գիտելիքներն օգտագործել հանուն լավ գործի։ 

-Լավ գործի՞։ 

– Այո՛, լավ գործի։ 

– Իսկ միգուցե ձեր հայրը ու դուք պոտենցիալ մարդասպաններ եք և ոչ մի գաղտնիք էլ չկա,_հաստատակամ ասեց Նանեն նայելով դասախոսի աչքերի մեջ: Վերջին խոսքերը լսելուց Բեյլերյանը բռունցքները պինդ սեղմեց և նրա դեմքի կնճիռներն ավելի արտահայտիչ դարձան։ Նանեն զգում էր, որ այդ պահին իր դասախոսը ամեն ինչի ընդունակ էր և արագ թեքվեց դեպի ելքը ու դուրս եկավ սենյակից։ 

 Նանեն արդեն գրադարանում էր, երբ սեղանին նկատեց ծխախոտ և կրակայրիչ։ Հավանաբար իր դասախոսն էր լաբորատորիա մտնելուց առաջ թողել սեղանին։ Նանեն հիշեց վիտրուվիանական մարդուն տված իր խոստումը…  Աղջիկն ամբողջությամբ կեղտոտ էր և մրի մեջ կորած։ Նրա աչքերի մեջ երևում էր բոցավառվող կրակի փայլը, որը կուլ էր տալիս գրադարանի բոլոր հնամաշ գրքերը։ Աղջիկը փակել էր ելքը լաբորատորիայից դեպի գրադարան այնպես, որ ծեր դասախոսը ոչ մի կերպ չէր կարող դուրս պրծնել գրադարակի միջից։ Նանեն վերցրեց ծխախոտը և վառելով այն մի քանի անգամ քաշեց այնպես, որ ծուխը ամբողջովին ողողեց թոքերը: 

– Վե՛րջ,_ վերջին խոսքերն ասելով Նանեն հանգցրեց ծխախոտը գրքի վրա և նետեց այն բոցավառվող կրակի մեջ: 

Վերադառնալով լսարան, որտեղ նա զրույց էր ունեցել աշխարհահռչակ նկարիչների կտավների կերպարների հետ աղջիկը զարմանքից քարացավ: Կերպարները չքացել էին սեփական նկարներից…