օր

  ժամ 

  րոպե 

վայրկյան 

ezgif.com optimize - Վահէ և Լյուսի 2019

Վահէ և Լյուսի մրցանակը ամեն տարի տրվում է Թումոյի ուսանողներին ու շրջանավարտներին իրենց աշխատանքի համար արվեստի, տեխնոլոգիաների, երաժշտության, լուսանկարչության և ֆիլմի ոլորտներում։ Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներից ուղարկված ավելի քան 400 հայտադիմումներ դիտարկվել են՝ հիմնվելով դրանց ստեղծարարության, ներդրված ջանքերի և տեխնիկական մակարդակի վրա։ Թումոյի ուսանողներից, դասընթացավարներից և համապատասխան ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրիի հինգ խմբերը ընտրել են յուրաքանչյուր կատեգորիայի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2019 թ. սեպտեմբերի 25-ին՝ 19:00-ին, Թումո Երևանում։

Յուրաքանչյուր անվանակարգում`

1-ին տեղ — 1,500,000 ՀՀ դրամ
2-րդ տեղ — 1,000,000 ՀՀ դրամ
3-րդ տեղ — 500,000 ՀՀ դրամ

2019 թվականից ի վեր Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթում գործում է ևս մեկ անվանակարգ` «Բոլոր անվանակարգերի լավագույն մրցանակ»: Անվանակարգի հաղթողն ընտրվելու է Վահէ Ֆատտալի կողմից, մրցանակը կազմում է 1, 500, 000 դրամ և տրվում է մրցանակակրին կամ հաղթող խմբին՝ համապատասխան ոլորտում նախագիծ իրականացնելու համար:

*«Վահէ և Լյուսի» մրցանակաբաշխությունը տասը տարվա նախագիծ է, որը հիմնադրվել է Վահէ և Լյուսի Ֆատտալների կողմից՝ քաջալերելու Թումոյի ուսանողների առաջադիմությանը իրենց ոլորտներում։

Վահէ և Լյուսի 2019 հաղթողներ

ԱՐՎԵՍՏ

1-ին տեղ
Գյումրու այլընտրանքային քարտեզ, Թումո Գյումրի

Անահիտ Ձվակերյան, 19
Անուշ Վասիլյան, 17
Անժելա Ձվակերյան, 18
Արտուշ Պետրոսյան, 15
Գառնիկ Ավետիսյան, 13
Հարություն Կարապետյան, 20
Հասմիկ Աղուզումցյան, 17

Քնարիկ Պողոսյան, 15
Լիլիթ Գալստյան, 16
Մարիամ Հունանյան, 13
Օֆելյա Տեր-Մարգարյան, 17
Սերգեյ Վիրաբյան, 16
Սիլվա Մխիթարյան, 14

Թումո Գյումրիում նկարազարդող Քսենիա Կոպալովայի անցկացրած աշխատարանի շրջանակներում կենտրոնի 13 ուսանող ստեղծել են Գյումրու այլընտրանքային քարտեզը: Տեղացիներին քաջ հայտնի թաղամասերը պատանիները ներկայացրել են սեփական պատմությունների միջոցով` ասոցացնելով դեպքերի կամ մարդկանց հետ:

2-րդ տեղ
Ես ու երևակայական ընկերս, Թումո Երևան

Անուշ Գուրգենյան, 14
Անի Մելիքյան, 16

Նախագծի հեղինակները խառնել են լուսանկարչությունն ու նկարչությունը` պատմելով տիպիկ դեռահասի մեկ օրվա կյանքը երևակայական ընկերոջ հետ: Կերպարները նմանություններ ունեն` արտահայտելով նրանց միջև առկա փոխադարձ վստահությունը, անկեղծությունը և հավատարմությունը:

3-րդ տեղ

Էլեկտրոմենը, Թումո Գյումրի

Անուշ Խաչատրյան, 16
Արտավազդ Մինասյան, 14
Գոհար Թումանյան, 15
Հասմիկ Կարապետյան, 18
Կարեն Խաչատրյան, 20

Համբարձում Համբարձումյանի դասընթացի ընթացքում Թումո Գյումրիի ուսանողները անցել են պատմվածք գրելու բոլոր փուլերով` գաղափար, սինոփսիս, գլուխներ` ստեղծելու Էլեկտրոմեն հումորային պատմվածքը գյումրեցի էլեկտրիկ Գուգոյի ու այն ամենի մասին, ինչն իր հետ պատահում է հոսանքի կառավարման գերուժ ձեռք բերելուց հետո:

 

Էլեկտրոմենը

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Էլեկտրիկը

 

Աշնանային մշուշուապատ կիրակնօրյա առավոտ էր։ Թռչյունները սավառնում ու խաղում էին մառախուղի մեջ: Արևը մառախուղին հրելով ցանկանում էր իր ճառագայթները տարածել ամբողջ քաղաքի վրա:

Չնայելով քաղաքի առավոտյան սարսուռին`  խավարոտ, խոնավ, անձրևից բորբոսնած ու խունացած պատերով մի սենյակում` բրդյա ծածկոցի մեջ,  ցրտից կուչ եկած քնել էր 40-ին մոտ մի տղամարդ: Մահճակալը ամեն անգամ ճռճռում էր, երբ այդ տղամարդը շուռումուռ էր գալիս անկողնում: Առաստաղից ձյունի պես թափվում էին բորբոսնած ծեփի «մասունքները», մի քանիսն էլ սարդոստայնից էին կախ ընկած մնացել:

Մի քանի րոպե այդ դիրքով քնելուց հետո արթնացավ, կատվի նման ձգեց իր քարացած մարմինն այնպես, որ ոսկորները քիչ էր մնում կոտրվեին: Հետո ձեռքով շոշափեց կնոջ կողմը և  հասկացավ, որ արդեն արթնացել գնացել է, բացեց աչքերը, ինչպես ամեն առավոտ, այդպես էլ այդ օրը զննեց սենյակի ամեն մի ծակ ու ծուկ: Արջի նման մռնչալով հորանջեց ու էլի քնեց…

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

1-ին տեղ

InvestigatoRobot, Թումո Երևան

Անդրանիկ Ոսկանյան, 17
Լենդրուշ Հարությունյան, 18
Արտյոմ Հակոբյան, 18
Արթուր Հակոբյան, 17

Թումոյի ուսանողների 4 հոգանոց խումբը նախագծել և կառուցել է ռոբոտ, որը ստուգում է խողովակաշարերը: Անհայտ տեղանքներ և փոքր տարածքներ ուսումնասիրելու համար նախագծված ինքնագնաց սարքը հայտաբերում է նավթի, գազի և կոյուղու խողովակաշարերի վնասված հատվածները:

2-րդ տեղ (2 հաղթող)

WebScraper, Թումո Երևան

Հակոբ Հակոբյան, 16

C# ծրագրավորման լեզվի օգնությամբ Թումո Երևանի ուսանող Հակոբ Հակոբյանը ստեղծել է WebScraper` Windows-ի desktop-ի ծրագիր, որը հնարավորություն է ստեղծում շատ կարճ ժամանակում ահռելի քանակությամբ տվյալներ ներբեռնել կայքերից և հետագայում տվյալների վերլուծության և տվյալների գիտության միջոցով մշակել տվյալներն ու ստանալ ունեցած հարցերի պատասխանները։

2-րդ տեղ (2 հաղթող)

Bleeding Edge, Թումո Երևան

Սլավիկ Նիկոլյան, 16

Այս ծրագիրը հնարավորություն է տալիս կայքերից ներբեռնել մեծ քանակի տվյալներ կարճ ժամանակում և ունի տվյալների վերլուծության ֆունկցիաներ: Այն գրվել է Python ծրագրավորման լեզվով` օգտագործելով Kivy, Pyautogui, Firebase_admin և Requests գրադարանները:

3-րդ տեղ

Ջամփի, Թումո Երևան

Տիգրան Վարդանյան, 17
Վահրամ Թորոսյան, 20
Վաչագան Վարդանյան, 15

Jumpy-ն արկադային ժանրի մոբայլ խաղ է, որում խաղացողը ցատկելով անցնում է պատահական գեներացվող ճանապարհը` փորձելով շրջանցել արգելքները և չընկնել ճանապարհի սահմաններից։ Խաղը նախատեսված է Android օպերացիոն համակարգի համար։

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ

Ժամանակ, Թումո Երևան

Աննա Ալեքսանյան, 14
Վահե Աբրահամյան, 15
Մարիամ Նազարյան, 18

Վահե Աբրահամյանի բիթով, Աննա Ալեքսանյանի ու Մարիամ Նազարյանի խոսքերով, ռեփով ու վոկալով` երգը մելանխոլիկ պատմություն է պատմում: Երգը ստեղծվել է Թումոյի դասընթացավարներ Խաչատուր Հայրապետյանի և Ալեքսանդր Անանյանի աշխատարանում:

2-րդ տեղ

The Origins of Love, Թումո Երևան

Աննա Դանիելյան, 21

Աննա Դանիելյանը գրել է աշխատանքի երաժշտությունն ու խոսքերը Լեհաստանում ամառային ճամբարում: Սիրո ծագման մասին պատմող երգը առաջինն է Աննայի ու Թումոյում իր այլ ընկերների գալիք ալբոմում:

3-րդ տեղ

Ֆուտուրիստիկ մեղեդի,  Թումո Գյումրի

Համլետ Մաթևոսյան, 13
Արտուշ Ավետիսյան, 18

Կիթառի, Ableton Live-ի ու mix mastering-ի պարապմունքներով զբաղվող Թումո Գյումրիի երկու ուսանողները գրել են ստեղծագործությունը Թումոյում ծանոթանալուց հետո:

ՖԻԼՄ

1-ին տեղ

Մայքը, Թումո Երևան

Մարիա Սարգսյան, 18
Մուշեղ Խաչատրյան, 21

Մայքը զբաղվում է անպետք իրերի որսով, որոնք իր համար մեծ արժեք ունեն: Իր աշխարհում այդ իրերը կապված չեն իրենց սկզբնական նշանակության հետ: Նա հայտնաբերում, ձևափոխում և երկրորդ կյանք է տալիս դրանց:

2-րդ տեղ

Կավե մարդ, Թումո Երևան

Աիդա Շալաևա, 17
Ալիսա Հակոբյան, 15
Անահիտ Միքայելյան, 17
Անի Ամիրխանյան, 15
Աննա Ավդալյան, 18
Աննա Բարիկյան, 14
Արման Հարությունյան, 17
Աշոտ Մողրովյան, 16
Դիանա Հովհաննիսյան, 15

Գայանե Հայրապետյան, 17
Գոհար Գրիգորյան, 16
Գրիգորի Արտեզյան, 17
Մարիամ Զարգարյան, 16
Ռիմա Սակեյան, 18
Սանահին Փափազյան, 16
Սարգիս Գյուլումյան, 17
Սերգեյ Կիրակոսյան, 16

Ֆիլմի գլխավոր հերոսը լավաշ թխելու համար նախատեսված թոնիրներ է ստեղծում: Վարպետ Արամ Շաբոյանը ապրում է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում: Ռեժիսոր Մերի Քեթրինգի աշխատարանում ստեղծված ֆիլմը պատմում է այս յուրահատուկ մասնագիտության, մեզ արդեն հայտնի վարպետի և իր ընտանիքի մասին: Չի անտեսվել նաև վարպետի փոքրիկ գյուղը, որով էլ նա ոգեշնչվում է:

3-րդ տեղ

Թռվռացող գնդակ, Թումո Ստեփանակերտ

Հենրիխ Բաղունց, 17

Լույսի ու ստվերի օգնությամբ Հենրիխը հասցնում է Թումոյի անիմացիայի դասընթացի առաջին մակարդակում ստեղծված անիմացիայում պատմել պատմություն անսպասելի ավարտով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ 

Սովետական երազանքը, Թումո Երևան

Մարիամ Գրիգորյան, 20

Սոցիալիստական մոդերնիզմը իր ամբողջ ֆուտուրիզմով, վախեցնող մասշտաբներով և մի փոքր էլ գորշությամբ: Հայաստանում այս կառույցներն ամենուր են, բայց դրանք դիտարկելու տեսանկյունները կարող են շատ տարբեր լինել: Ահա, թե ինչպես է տեսնում այդ կառույցները Մարիամ Գրիգորյանը: Հատկանշանական է, որ ամբողջ ֆոտոշարքը Մարիամը իրականացրել է իր Samsung Galaxy A3 սմարթֆոնով:

2-րդ տեղ

Մազ, Թումո Գյումրի

Լիլիթ Գալստյան, 16

Նախագիծը մազերի մասին է: Գույներ, սանրվածքներ, կերպարներ. այս ամբողջ բազմազանությունը ուղեկցվում է հետաքրքիր կոնցեպտներով և նախապատմություններով:

3-րդ տեղ

Բուրդ, Թումո Ստեփանակերտ

Սոֆի Աբրահամյան, 17

Ֆոտոպատմությունը բուրդ լվանալու, չորացնելու և չփխելու մասին է: Սոֆի Աբրահամյանը ներկայացնում է, թե ինչպիսի ոգևորվածությամբ, սիրով և ջանասիրաբար է իր հարևանը իրականացնում այս ամբողջ շատ կոլորիտային գործընթացը:

Ժյուրիի անդամներ

Արվեստ

Արամ Մեհրաբյան — «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն
Էլեն Դեմիրյան — Թումոյի շրջանավարտ, դիզայներ
Սոնա Աբգարյան — արտիստ, Թումոյի դասընթացավար

art 1 - Վահէ և Լյուսի 2019
Լուսանկարչություն

Մարտին Մանուկյան — լուսանկարիչ, Թումոյի շրջանավարտ
Արամ Կիրակոսյան — լուսանկարիչ, Թումոյի դասընթացավար
Վահան Ստեփանյան — լուսանկարիչ

photo - Վահէ և Լյուսի 2019
Երաժշտություն

A.Chilla — պրոդյուսեր, հիփ-հոփ արտիստ
Արիկ Բամբիռ — երաժիշտ, Թումոյի դասընթացավար
Լուսինե Մարդանյան — Վահէ և Լյուսի 2018 մրցույթի մրցանակակիր, Թումոյի շրջանավարտ

music - Վահէ և Լյուսի 2019
Տեխնոլոգիաներ

Հովհաննես Կուլողլյան — Hex Division-ի համահիմնադիր
Սեդա Հայրապետյան — ծրագրավորող, Թումոյի դասընթացավար
Լիլիթ Թառումյան — Թումոյի շրջանավարտ, կոդավորման գուրու

tech - Վահէ և Լյուսի 2019
Ֆիլմ

Րաֆֆի Մովսիսյան — կինոքննադատ, Թումոյի կինոծրագրերի համադրող
Նարեկ Միքայելյան — ռեժիսոր, Թումոյի շրջանավարտ
Կարեն Ավետիսյան — «Ոսկե Ծիրան» փառատոնի ծրագրերի ղեկավար

film - Վահէ և Լյուսի 2019

Վահէ և Լյուսի Ֆատտալ

Նկարիչ և գրաֆիկական դիզայներ Վահէ Ֆատտալը ուսումնասիրել է գեղանկարչություն Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցում:

Լոս Անջելեսի մի շարք մեծ կազմակերպություններում որպես արտ-տնօրեն աշխատելուց հետո, հիմնել է դիզայնի և գովազդի սեփական գրասենյակը:

Գրասենյակի գործընկերների շարքը ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ABC հեռուստաընկերությունը (ABC-ի բացառիկ գովազդային գործընկերն է եղել 18 տարի), Հոլիվուդյան կինոարտադրության «մեծ հնգյակը» (Paramount Studios, Columbia Pictures/Sony Pictures Studio, 20th Century Fox, Universal Studios, Warner Bros Studio), Nissan-ը, UCLA Extension-ը և այլք:

Գրասենյակն իրականացնում է կորպորատիվ ինքնության և հաղորդակցության, գովազդային և մարկետինգային արշավների, ֆիլմերի և հեռուստատեսական արշավների, շարժական գրաֆիկայի և բրենդավորման բոլոր ծառայությունները:

Միևնույն ժամանակ Վահէն ստեղծագործականորեն ներգրավված էր Հայաստանի գործընթացների և նախագծերի առաջխաղացման ծրագրերում. նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), արցախյան դրոշի դիզայնը (1988), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վիզուալ տարբերանշանի դիզայնը (2004)։ Ֆատտալը հանդիսացել է Հայաստան համահայկական հիմնադրամի գլխավոր համահիմնադիրներից մեկը և «make it happen» արշավի դիզայնի հեղինակն է (2004), եղել է Armenian International Magazine-ի արտ-տնօրեն (1990-1992):

Լյուսին եղել է Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ, ունեցել է փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսական աստիճան: Այնուհետև Փարիզի Սորբոնի համալսարանում ավարտել է ֆրանսերենի և քաղաքակրթական գիտությունների դասընթացներ:

Վահէն և Լյուսին հանդիպել, ամուսնացել և ապրել են Փարիզում:

Հետագայում տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ Լյուսին որոշ տարիներ ֆրանսերեն դասավանդելուց հետո հիմնել է իր տուրիստական գործակալությունը Բևերլի Հիլզում, որը տրամադրում էր միջազգային VIP ուղևորություններ և բնակության ծառայություններ արվեստի (ցուցասրահներին, արտիստներին, աճուրդի տներին, արվեստի խորհրդատուներին), ժամանցի ոլորտի (կինոարտադրողների, դերասանների, ռեժիսորների, պրոդյուսերների) ներկայացուցիչների, ինչպես նաև կորպորատիվ կազմակերպությունների:

Վահէն և Լյուսին (ով հեռացել է կյանքից 2014-ին) կիսում էին նվիրվածությունն ու սերը Հայաստանի, կրթության, արվեստի և աշխարհի բացահայտման հանդեպ:

Վահէն հպարտ է Թումոյի հետ իր հոգևոր, հուզական կապվածության և իր գաղափարների համակիրը լինելու առիթով:

Լյուսին ևս հավասարապես կկիսեր հպարտությունն ու նվիրվածությունը: Նա միանշանակ դա անում է: