Վահէ և Լյուսի 2019 մրցանակաբաշխությունը կայացավ

Վահէ և Լյուսի 2019 մրցանակաբաշխությունը կայացավ

Այս շաբաթ Թումո Երևանում հավաքվել էին ուսանողներ Թումո Երևանից մինչև Ստեփանակերտ, շրջանավարտներ, տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ եկել էին հանձնելու ու տալու մրցանակներ: Վահէ և Լյուսի 2019 մրցանակաբաշխության ընթացքում 5 անվանակարգերի 3-ական հաղթողներ ստացան իրենց մրցանակները, հուզվեցին, նկարվեցին, երգեցին ու մի քիչ էլ լաց եղան (բացառապես ուրախությունից):

Երեկոյի ընթացքում Զառան և Վահագը բեմ էին հրավիրում յուրաքանչյուր անվանակարգի հաղթողներին ու ժյուրիի անդամներին, պատմում էին աշխատանքների մասին: Հանդիսատեսը ժամանակ առ ժամանակ հիացական ձայներ էր հանում` տեսնելով աշխատանքները մեծ եկրանին կամ շոկի մեջ բղավում էր, օրինակ` երբ երաժշտության առաջին տեղի հաղթողներից Աննա Ալեքսանյանը իր կայծակնային արագության ռեպն էր կարդում:

IMG 8696 - Վահէ և Լյուսի 2019 մրցանակաբաշխությունը կայացավ

Երեկոյի պաշտոնական մասից հետո մենք մի փոքր խոսեցինք հաղթողներից մի քանիսի հետ։ Լուսանկարչության անվանակարգի ու բոլոր կատեգորիաների լավագույն աշխատանքի հաղթող Մարիամ Գրիգորյանը նշեց, որ մրցույթի վերջնաժամկետից ընդամենը ժամեր առաջ է վերջնականապես հավաքել լուսանկարներն ու հապշտապ կերպով ուղարկել հայտը ու չէր էլ սպասում, որ նման արձագանքի կարժանանա, անգամ գլխավոր մրցանակի հայտարարման ժամանակ զբաղված էր ընկերների հետ զրուցելով ու հազիվ լսեց իր անունը: Ապագա ճարտարապետ Մարիամը, բնականաբար, ճարտարապետական լուսանկարչության սիրահար է ու կշարունակի նկարել իր սիրելի շենքերը: Նա նաև նշեց, որ վերջապես այդ գիշեր կկարողանա քնել, որովհետև ոգևորվածությունից 3 գիշեր էր, ինչ նորմալ չէր քնել:

Բարի գիշեր մաղթելով Մարիամին` «բռնացրեցինք» ֆիլմի անվանակարգի հաղթողներ Մարիային ու Մուշեղին, ովքեր պատմեցին, որ ամբողջ Կասկադն է իմացել իրենց հաղթանակի մասին ու դա իրենց նոր ֆիլմի նկարահանումը չէր, պարզապես անսպասելի էր, երբ իրենց անունը տեսան մրցույթի կայքում: Նրանք պատմեցին, որ ամբողջ գումարը ծախսելու են տեխնիկա գնելու վրա, որպեսզի լինեն ավելի անկախ ու կյանքի կոչեն իրենց հետագա մտահղացումները:

IMG 8567 - Վահէ և Լյուսի 2019 մրցանակաբաշխությունը կայացավ

Տեխնոլոգիաների անվանակարգի հաղթող քառյակից Անդրանիկը պատմեց, որ իրենց հաջողության մասին իմացել է ինքնաթիռից իջնելիս, իսկ ժամանում էր նա Իսպանիայից, որտեղ նույն ռոբոտով հաղթել էին միջազգային մրցույթում: Անդրանիկը նաև նշեց, որ իրենց ռոբոտին վերջնական պրոդուկտի են վերածելու ու այդ ամենը իրականացնելու են նույն 4 հոգանոց խմբով, որից երկուսը, ի դեպ, այս պահին ծառայում են բանակում:

Մրցույթն, իհարկե, չի սահմանափակվում մեր նշած ոլորտներով ու հաղթողներով, դրա 5 անվանակարգերից յուրաքանչյուրն ունի 3-ական (որոշ դեպքերում էլ 4) հաղթողներ, ում նախագծերը կարելի է ու պետք է տեսնել այստեղ։

Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթի նախաձեռնողը Վահէ Ֆաթալն է: Ֆաթալը աշխարհահռչակ, բազմաժանր դիզայներ է, ում աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ի ժամանակակից արվեստի լավագույն ցուցասրահներում: Նա մրցույթը նախաձեռնել է ի հիշատակ իր կնոջ` Լյուսի Ֆաթալի: Մրցույթի նպատակն է գնահատել Թումո ուսանողների ու շրջանավարտների ստեղծագործական աշխատանքը, մոտիվացնել ավելի հմտանալ իրենց մասնագիտական ոլորտների մեջ և ոգեշնչել շարունակել հետագա ստեղծագործական ուղին: