vl 2021 1 - Վահէ և Լյուսի մրցույթ 2021

Թումոն ուրախ է հայտարարել 4-րդ ամենամյա Վահէ և Լյուսի մրցույթի մասին, որին կարող են մասնակցել Թումոյի ուսանողներն ու շրջանավարտները` ներկայացնելով իրենց աշխատանքները առաջադրված հինգ անվանակարգերում` արվեստ, տեխնոլոգիաներ, երաժշտություն, ֆիլմ և լուսանկարչություն:

Մրցույթի կանոններ՝

  • 2018 և 2019 թվականների Վահէ և Լյուսի մրցանակին արժանացած մասնակիցները (և՛ անհատական, և՛ խմբով) չեն կարող դիմել 2021-ի մրցույթին։ 
  • 2020-ի Վահէ և Լյուսիի մրցանակակիրները կարող են մասնակցել այս տարվա մրցույթին` նոր աշխատանքով: Կարգավորումը պայմանավորված է նրանով, որ 2020 թվականի մրցույթի մրցանակակիրների նախաձեռնությամբ իրենց մրցանակային ամբողջ ֆոնդը փոխանցվեց Արցախին: 
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է մեկ դիմումով ներկայանալ հինգ անվանակարգերից միայն մեկում:
  • Խմբակային դիմումներում պետք է նշվեն բոլոր մասնակիցների անունները (բոլորը պետք է լինեն Թումո ուսանողներ կամ շրջանավարտներ):
  • Բոլոր մասնակիցները պետք է ներկայացնեն ավարտուն նախագծեր՝ գաղափարներն ու մտահղացումները չեն դիտարկվի:
  • Մասնակիցներից կարող է պահանջվել ներկայացնել աշխատանքային ֆայլեր կամ օրիգինալության այլ ապացույցներ:
  • Նախագծերը կարելի է ուղարկել առցանց՝ լրացնելով ստորև ներկայացված ձևը:

Անվանակարգեր`

  • Արվեստի անվանակարգում դիմումները կարող են ներառել վիզուալ արվեստ, գրաֆիկական դիզայն, նկարազարդումներ, վիդեո արտ, գրականություն, կատարողական կամ կոնցեպտուալ արվեստ և այլն:
  • Տեխնոլոգիաների անվանակարգում դիմումները կարող են ներառել ծրագրային լուծումներ, տեսախաղեր, կայքեր, հավելվածներ, ռոբոտաշինություն, մեխանիկական սարքեր, տեխնիկայի նորարարություններ և այլն:
  • Երաժշտության անվանակարգում դիմումները կարող են ներառել հեղինակային կամ այլ երգերի ձայնագրություններ, և այլ կոնցեպտուալ ձայնային արվեստ:
  • Ֆիլմերի ստեղծման անվանակարգում դիմումները կարող են ներառել խաղարկային, վավերագրական ֆիլմ, հեղինակային ֆիլմ, անիմացիա և այլն:
  • Լուսանկարչության անվանակարգում դիմումները կարող են լինել ինչպես փաստագրական, այնպես էլ գեղարվեստական ժանրերի։ Ընդունվում են առանձին լուսանկարներ, ինչպես նաև ֆոտոպատմություններ: (Առանձին լուսանկարներ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել առավելագույնը 3 լուսանկար, իսկ ֆոտոպատմությունների  դեպքում կարելի է դիմել մեկ աշխատանքով, որի լուսանկարների առավելագույն քանակը 15-ն է): 

Յուրաքանչյուր անվանակարգում կգործի երեք մրցութային տեղ`

 

1-ին տեղ — 1.500.000 ՀՀ դրամ

2-րդ տեղ — 1.000.000 ՀՀ դրամ

3-րդ տեղ — 500.000 ՀՀ դրամ

 

Ժյուրիի կազմը կձևավորվի Թումոյի անձնակազմից, համապատասխան անվանակարգերի առաջատար մասնագետներից ու Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթի նախորդ տարիների մրցանակակիրներից:
Դիմումները կդիտարկվեն` ըստ դրանց յուրահատկության, ներդրված ջանքերի, տեխնիկական աշխատանքի ու հմտության մակարդակի:

Ժամկետներ`

  • Դիմումների ընդունման մեկնարկ` 2021 թ․ ապրիլի 20
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 2021 թ․ նոյեմբերի 15, 00:00 (երկարացված)

Վահէ և Լյուսի Ֆատտալների մասին

Իր կյանքի վերջին տարիներին Վահէ Ֆատտալը հիմնեց մրցանակաբաշխությունը` ի հիշատակ իր կնոջ` Լյուսիի: Այժմ մենք այն նվիրում ենք նրանց հիշատակին և թումոցիների անունից շնորհակալություն հայտնում այս կարևոր աջակցության համար:

Նկարիչ և գրաֆիկական դիզայներ Վահէ Ֆատտալը ուսումնասիրել է գեղանկարչություն Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցում: Լոս Անջելեսի մի շարք մեծ կազմակերպություններում որպես արտ-տնօրեն աշխատելուց հետո, հիմնել է դիզայնի և գովազդի սեփական գրասենյակը:

Գրասենյակի գործընկերների շարքը ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ABC հեռուստաընկերությունը (ABC-ի բացառիկ գովազդային գործընկերն է եղել 18 տարի), Հոլիվուդյան կինոարտադրության «մեծ հնգյակը» (Paramount Studios, Columbia Pictures/Sony Pictures Studio, 20th Century Fox, Universal Studios, Warner Bros Studio), Nissan-ը, UCLA Extension-ը և այլք:

Միևնույն ժամանակ Վահէն ակտիվորեն ներգրավված էր Հայաստանի մշակութային նախագծերում ու միջոցառումներում. նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), արցախյան դրոշի դիզայնը (1988), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վիզուալ տարբերանշանի դիզայնը (2004)։ Ֆատտալը եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի համահիմնադիրներից մեկը և «make it happen» արշավի դիզայնի հեղինակը (2004), եղել է Armenian International Magazine-ի արտ-տնօրենը (1990-1992):

Լյուսին եղել է Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ, ունեցել է փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսական աստիճան: Այնուհետև Փարիզի Սորբոնի համալսարանում ավարտել է ֆրանսերենի և քաղաքակրթական գիտությունների դասընթացներ:

Վահէն և Լյուսին հանդիպել, ամուսնացել և ապրել են Փարիզում:

Հետագայում նրանք տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ Լյուսին որոշ տարիներ ֆրանսերեն դասավանդելուց հետո հիմնել է իր տուրիստական գործակալությունը Բևերլի Հիլզում, որը տրամադրում էր միջազգային VIP ուղևորություններ և բնակության ծառայություններ արվեստի, ժամանցի ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև կորպորատիվ կազմակերպությունների:

Վահէն ու Լյուսին կիսում էին նվիրվածությունն ու սերը Հայաստանի, կրթության, արվեստի և աշխարհի բացահայտման հանդեպ:

Գրանցումն ավարտված է