«Թումոյում երբ աշխատարան չեմ ունենում, մոտս գիտե՞ք ինչ տպավորություն է լինում. ոնց որ Շերլոկ Հոլմսը case չունենա, նյարդային ու ձանձրացած եմ լինում», իր թումոյական փորձառության մասին պատմում է թումոցի Վահե Սարգսյանը, ով… ուշադրույթուն` Թումոյում հասցրել է մասնակցել 18 դասընթացի և 21 աշխատարանի: Ընդ որում` այս ծավալն ընդգրկում է Թումոյի մի շարք ոլորտներ` ֆիլմերի ստեղծումից մինչև խաղերի մշակում և ռոբոտաշինույթուն:
Այս բազմազանության շարքում Վահեն արդեն հստակ կողմնորոշվել է իր մասնագիտության հարցում. «Երբ ես դեռ 5 տարեկան էի, պապաս 3D Max ծրագիր էր քաշել ու հաստ գրքեր էր գտել, տենց իրար հետ ավտո էինք սարքում կուբիկներից: Դա իմ առաջին գործն էր 3D-ով»: Թումոյում Վահեն 3D մոդելավորման դասընթացի 3 մակարդակները հաջող ավարտելուց հետո, որոշեց մեկ անգամ էլ կրկնել դրանք, որովհետև, իր ասելով, սովորելու նոր բան միշտ կա: Հետո խաղերի ստեղծման ուսումնասիրություններից հետո, հասկացավ, որ խաղերի միջավայրներ ստեղծելն այն է, ինչ փնտրում էր:
Եթե ուզում եք իմանալ, թե ինչ տեսք ունի իսկական ոգևորությունը` հարցերեք Վահեին Youtube-ի իր գտածոների մասին: Ինքնուս Վահեի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար նախ պետք է նշել, որ նա աշխարհում ամենից շատ տանել չի կարողանում անգործ լինելը, ու դրանից խուսափելու համար նա բացահայտել է անվճար կրթության գրեթե բոլոր աղբյուրները. «Հաճախ մարդիկ չեն իմանում, թե ինչպիսի օգտակար ու հասանելի աղբյուրներ կան կրթության. օրինակ հիմա` իմ օրվա մեծ մասը Youtube-ի tutorial-ներն են գրավում, ու չեք պատկերացնի ինչքան բան ա կարելի սովորել էնտեղից»:
Անցած տարի Վահեի նկարահանած կարճամետրաժ ֆիլմը` «Make the Future a Dream»-ը, որը նկարահանել էր ռեժիսոր և պրոդյուսեր Յոհաննա Բերնարդսոնի եռօրյա աշխատարանի ընթացքում, Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակներում արժանացավ մրցանակի. «Ֆիլմում խոսում եմ նրա մասին, թե ինչ ցավոտ ա, որ ես ու իմ նման շատ էրեխեք ծնողների հետ սահմանափակ ժամանակ ունեն շփվելու, առավոտյան «բարի լույս», գիշերը` «բարի գիշեր» ու վերջ: Կարծում եմ ծնողների հետ շփումն էլ անձնական փորձի կրթության մաս ա: Ու երևի մենք հաջողակ ենք, որ մեր օրերում կարելի ա աշխատել տանից ու ժամանակը տրամադրել ընտանիքին»:
ՄԻ ՓԱՍՏ
Assassin’s Creed-ի հավատարիմ սիրահար, ապագա 3D մոդելավորող ու թվային ոլորտի էնտուզիաստ Վահեն ջազ երաժիշտ է ու դաշնամուրի հետ «դու»-ով է։