Գեղարվեստական ստեղծագրությունը Ալեքս Ուլոայի հետ

Ինչպե՞ս դառնալ գրող: Միայն ու միայն վարժվելով: Ալեքս Ուլոային առաջին անգամ հանդիպեցինք 2019 թվականին` Կոլումբիայի համալսարանի հետ մեր համագործակցության շրջանակներում: Այն ժամանակ նա եկել էր Թումո Երևան` ղեկավարելու աշխատարան բարդ ու տարօրինակ կերպարների մասին: Իր երրորդ աշխատարանում Ալեքսը գեղարվեստական ստեղծագրություն է սովորեցնում պատմության ուժը հասկացող թումոցիներին: Հոդվածում Ալեքսը պատմում է գործիքների ու հմտությունների մասին, որոնք իր ուսանողները վերլուծել են հասկանալու համար` ինչպես է ստեղծվում որակյալ գեղարվեստական գրականությունը:

1 1 3 - Գեղարվեստական ստեղծագրությունը Ալեքս Ուլոայի հետ

«Ստեղծագրությունը պարզապես հետաքրքիր պատահմունքներ պատմելը չէ: Այն պատմություններ գրելու արհեստ է, որի ընթացքում գրողներն օգտագործում են ֆաբուլա, սյուժե, կերպարներ, կոնֆլիկտ, երկխոսություն, միջավայր, ձայն, տեսակետ, տոնայնություն, մոտիվ, լուծում և գեղարվեստական այլ տարրեր, որոնք էլ մենք ուսումնասիրում էինք մեր աշխատարանում: Մենք փորձում էինք հասկանալ` ինչպես օգտագործել յուրաքանչյուր տարր, յուրաքանչյուր գործիք, որ արդյունքը լինի ստեղծագործություն, որը կզննի մարդկային գոյությունը, պատմություն, որը ընթերցողին կտա հարցեր և ոչ թե հեշտ ու մատչելի պատասխաններ:

Աշխատարանի երկու շաբաթների ընթացքում (ինչպես տանը, այդպես էլ դասին) մենք կարդում էինք պատմվածքներ, քննարկում դրանք` վեր հանելով այն միջոցները, որոնցով կայացած գրողները ստեղծում են գրականություն, որը արձագանք է գտնում մեր մեջ` ստիպելով մեզ այլ դիտանկյունից նայել աշխարհին:

Մեր հիմնական ուշադրությունը «ֆլեշ ֆիքշն» գրական ձևի վրա էր, որը ենթադրում է հինգից մինչև հազար հինգ հարյուր բառից կազմված պատմվածքներ: Ֆլեշ ֆիքշնը հարմար ձև էր, որպեսզի ուսանողները ժամանակ ունենային կարդալու և յուրացնելու հնարավորինս շատ պատմություններ, տեսնեին, թե ինչ է կարելի ստեղծել մեկ էջի կամ նույնիսկ մեկ պարբերության սահմաններում, երբ տիրապետում ես գեղարվեստական ստեղծագրության գործիքներին:

Պատմվածքները, որոնք մենք կարդում էինք, տարբեր սոցիալ-տնտեսական թեմաներ ունեին: Մենք քննարկում էինք դրանք տող առ տող, հաճախ կանգնում բառերի ընտրության վրա, սովորում արհեստի բաղադրիչներն իրենց պարզագույն դրսևորումներով: Դրանք նաև ամենատարբեր ժանրերի էին՝ ռեալիզմից մինչև սյուրռեալիզմ և մետա, այդ թվում այնպիսիք, որոնք գրված են հազվադեպ հանդիպող երկրորդ անձի տեսանկյունից: Եվ վերջապես, աշխատարանում մենք սովորում էինք անել այն, ինչ անում են գրողները. Գրել:

Ամեն օր առնվազն 20 րոպե մենք հատկացնում էինք վարժություններին: Օրինակ՝ վերցնում էինք կերպար և նկարագրում, թե ինչ է տեսնում և անում այդ կերպարը, երբ սեփական լողափում հանդիպում է մի անծանոթի: Երբեմն 20 լրացուցիչ րոպե մենք հատկացնում էինք նույն դասի երկրորդ վարժության կամ նախորդ դասի վարժությունը վերանայելու համար:

Այնուամենայնիվ, մեր աշխատանքի առանցքը գիրն էր ու գրելու գործընթացի քննումը: Սա նշանակում էր վերցնել մի պատմվածք, որը մենք կարդացել ենք տանը կամ դասասենյակում և հասկանալ, թե ինչ ընտրություն է կատարել հեղինակը, տեխնիկական ինչ տարրեր է օգտագործել իր պատմությունը պատմելիս: Մենք սովորում էինք ինչպես ուրիշների և մեկս մյուսի գրածներից, այդպես էլ նրանից, ինչը դուրս էինք բերում այդ պատմվածքները կարդալիս և վարժություններ կատարելիս:

Հուսով եմ պատկերացում ստացաք գեղարվեստական ստեղծագրության մեր աշխատարանի մասին: Գեղարվեստական գրականությունը երբեք կանգնած չէ մի տեղում, վստահ եմ, որ նույնը ճիշտ է այս աշխատարանի ապագա վերամարմնավորումների համար ևս»:

– Ալեքս Ուլոա.