Սթիքերներով պատել ամբողջ աշխարհը. Էլինա Երկանյան

Սթիքերներով պատել ամբողջ աշխարհը. Էլինա Երկանյան

18-ամյա Էլինա Երկանյանը Թումոյում մասնակցել է անհաշվելի դասերի նկարչության, անիմացիայի, գրաֆիկ դիզայնի ու լուսանկարչության ոլորտներում, բայց իր համար որոշիչ է համարում մեկը. «Գարի Շվարցի աշխատարանը լրիվ փոխեց անիմացիայի մասին ունեցածս պատկերացումները: Նա բացատրում ու ցույց էր տալիս, թե ինչ բազմազան ու հետաքրքիր է այդ ոլորտն ու ինչպես կարող ես շարժել աշխարհում ամեն ինչ: Հավես ա նման գերբնական ուժ ունենալը»,- պատմում է Էլինան:

Էլինան չի կարողանում մոռանալ այն հիշարժան պահը, երբ 16 տարեկանում նստել էր հանդիսատեսով լի Մոսկվա կինոթատրոնի առաջին շարքում ու բոլորի հետ միասին դիտում էր Գարի Շվարցի աշխատարանում ստեղծված ու «Ռեանիմանիա» փառատոնին ներկայացված իր անիմացիոն ֆիլմը. «Անհավատալի փորձառություն էր: Ու հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ պիտի գոնե կամավորությամբ օգնեմ նման միջոցառումներին: Մինչ այսօր եղել եմ բոլոր հնարավոր փառատոնների ու մրցանակաբաշխությունների կամավոր: Մի խոսքով` պրոֆեսիոնալ կամավոր եմ»,- ծիծաղում է:

Մեր հարցին, թե ինչ երազանքներ ունի, Էլինան ոչ թե խոսում է տիեզերք թռնելուց, «Օսկար» ստանալուց կամ Լուվրում ներկայացված լինելուց, այլ իր սթիքերները «Երևան» ամսագրում տեսնելուց ու տարօրինակորեն կատակ չի անում. «Այնքան հաճախ սկսեցի սթիքերներ նկարել, որ արդեն պատվերներ ունեմ տարբեր ընկերություններից: Հիմա պատահականորեն հանդիպում եմ դրանք տարբեր մարդկանց վրա: Մնում է «Երևան» ամսագիրը գրոհեմ»,- ասում է նա:

Բայց, իրականում, Էլինան մի հեռահար երազանք էլ ունի: Շատ է ուզում սովորել ամերիկյան հայտնի CalArts համալսարանում. «CalArts-ի դասախոսներ Գարի Շվարցն ու Նեյթ Քեշը աշխատարանների ընթացքում հաճախ էին խոսում այդ համալսարանի մասին ու ինձ շատ ոգեշնչեցին: Դե գուշակեք` ես ինչ արեցի: Ճիշտ է` ընդունվեցի Հաղորդակցման ու անգլերենի ֆակուլտետ Հայաստանի ամերիկյան համալսարանում, այն էլ դեռ հեռավար եմ սովորելու ու Ամերիկյանի արտակարգ գրադարանը չեմ տեսնելու: Արդեն երազում եմ` երբ եմ դասի գնալու»,- հույսով լի ասում է Էլինան:

Like
Like Love Haha Wow Sad Angry
1541