4 գժոտ թումոցիներ պատմում են Ուրիշ Հուլիսից իրենց տվավորությունների մասին: Ծանոթացե՛ք Սիմայի, Գարիկի, Գոռի և Ստեֆանիի հուլիսյան պատմություններին:
Գարիկ Միքայելյան, 16 տարեկան, Երևան
Ամենասիրածս աշխատարանները` «Գեներատիվ 2D Մոդելներ» Դավիթ Բիլեմջյանի հետ, «Տեղադրիր կայքդ համացանցում» Վարազդատ Սիմոնյանի հետ:
«Գեներատիվ 2D Մոդելներ»-ը անսպասելի բարդ աշխատարան էր ու էնքան բարդ էր, որ դարձավ մարտահրավեր: Unity-ին ծանոթ էի ու ինձ թվում էր, որ նոր բան չեմ իմանա, բայց պարզվեց, որ բան էլ չգիտեմ: Shader-ներ էինք սարքում CJ-ով: Շատ լավ էր բացատրում ու ահավոր շատ մաթեմատիկա էր օգտագործում, ու ծրագրավորման ու մաթեմատիկայի միքսը մեր առջև շատ ավելի շատ հնարավորություններ էր բացում: Շատ եմ ոգևորված այս աշխատարանով, որովհետև Unity-ով շատ եմ խաղերի վրա աշխատում ու կարևոր գիտելիքներ ձեռք բերեցի:
Վարազդատի հետ Web hosting-ի աշխատարանն էլ էր շատ օգտակար, որովհետև ամեն ինչ մոռացել էի ու սկզբում վերհիշեցինք: Կայքը համացանց տեղադրել չգիտեի ու սովորեցի ու մինչև հիմա էլ կայքս կա: Հպարտանում եմ ստեղծած ու համացանցում տեղադրված կայքով, մինչև ընկերներիցս մեկը սխալ չգտավ ու չկոտրեց այն: Բայց ես ինքնուրույն գտա սխալս ու ուղղեցի:
Մի խոսքով Ուրիշ Հուլիսի ընթացքում սովորել եմ Web hosting, shader-ների ու Rhino-ի հետ աշխատել, CJ լեզվին եմ տիրապետել, P5-ի հետ ծանոթացա, Python սովորեցի: Սկզբում մտածում էի Հուլիսը սովորական բան է լինելու, մինչև սկսեց Դավիթ Բիլեմջյանի աշխատարանը, չէի սպասում, որ այդ մակարդակի ու բարդության ծրագրավորում ու մաթեմատիկա կարող էինք սովորել:
3 բառով` Հետաքրքիր, գիտելիքներով լի, շոգ
Սիմա Ալավերդյան, 17 տարեկան, Եղվարդ
Ուրիշ Հուլիսի սիրածս աշխատարաններն էին «Սցենարից էկրան»-ը Շողիկ Հակոբյանի ու Վիոլետ Գրիգորյանի հետ և «Ծանոթացում Գլիտչ Արվեստին» Աննա Լաշչիկի հետ:
«Սցենարից էկրան»-ը առանձնահատուկ էր, որովհետև անցանք ֆիլմարտադրության բոլոր փուլերը ու տիրապետեցի օգտագործվող տեխնիկային, սովորեցի մոնտաժ ու անգամ ձայնավորում իրականացրեցի: Գլիտչի դեպքում մեր ուզած լուսանկարին Photoshop-ի միջոցով գլիտչ էֆեկտներ էինք տալիս` դարձնելով դրանք T-shirt կամ ամսագրի շապիկ: Բացի գլիտչ արվեստին ծանոթանալուց, վերջապես, Photoshop սովորեցի:
Ամենահիշվող պահերից մեկն այն էր, որ ֆիլմերի ստեղծման աշխատարանի ժամանակ Սերգեյ Դանիելյանին էին հրավիրել ու, չնայած որ 12 ժամ տևած բարդ նկարահանումներ էին, շատ հավես էր աշխատել պրոֆեսիոնալ արտիստի հետ, որը նաև ուրախ մթնոլորտ էր ապահովում տաղավարում: Կարող եմ հպարտանալ ֆիլմով, որը դեռ չենք վերջացնել, բայց հաստատ շատ լավն է լինելու, չեմ պատմում, որ սփոյլեր չլինի:
Բացի այդ C++-ի հիմունքներն եմ սովորել Ջագանաթան Սամպաթի հետ ու իր հետ էլ էր շատ հավես: Երբ նրան տարել էին քաղաքը ցույց տալու, նա ամենաշատը ուրախացել էր ցայտաղբյուրներից ու բոլորից խմում ու դրանց հետ նկարվում էր: Վերջում իրեն հայկական նախշերով գլխարկ նվիրեցինք, որը ինքը այլևս չէր հանում:
Երբ իմացա Հուլիսի մասին, մտա բոլոր 100-ից ավելի աշխատարանները նայեցի ու շատ տխրել էի, որ ընդամենը մի քանիսին կարող եմ գրանցվել, կուզեի, որ դրանց մի մասը նորից կազմակերպվի:
Ուրիշ Հուլիսը 3 բառով կարող եմ նկարագրել` գիտելիք, հավեսժամանակ, Ջագանաթան:
Գոռ Կոստանյան, 16 տարեկան, Էջմիածին
Ամենասիրածս աշխատարանները` «Ֆոտոգրամետրիայի աշխատարան» Ազատ Բալաբանյանի հետ, 3D կերպարների ստեղծում Կաբեզա Պատատայի հետ, «Նկարազարդիր Մետրոյի Անցեքարտերը» Նատաշա Ժոլայի հետ, «3D սկանավորում» Ջեյ Պերեզի հետ
Հուլիսի ընթացքում առաջին անգամն էինք աշխատում դրոններով ու անգամ դոկումենտալ ֆիլմ ստացանք քաղաքի տարբեր տեսարժան վայրերի մասին: Կաբեզա Պատատայի հետ սովորեցի Cinema 4D, Marvelous designer ծրագրերը: Կաբեզայի աշխատարանը Հուլիսի ամենահավես աշխատարաններից էր: Մետրոյի անցակետերը սարքելու համար ընտրել էի քաղաքի այն շենքերի դիզայնը, որոնք այժմ չկան կամ վատթար վիճակում են` «Կուկուռուզնիկ»ը, «Ռոսիա» կինոթատրոնի շենքը և այլն: Ջեյ Պերեզի հետ գնացել էինք Բյուրականի աստղադիտարան, սկանավորեցինք բոլոր 6 հարկերը:
Ֆոտոգրամետրիայի աշխատարանի ընթացքում մի քանի անհաջողություններ ունեցանք, բայց չհանձնվեցինք ու լավ արդյունք տվեցինք: Նատաշա Ժոլայի հետ գնացել էինք մետրո նկարելու ու մարդիկ անընդհատ մոտենում, հարցնում էին մեզ նպատակը, ինչ կտա դա մետրոյին և այլն, մեր այդ ամբողջ օրը անցավ մարդկանց մեր աշխատարանը ներկայացնելով: Ջեյ Պերեզի հետ գնացել էինք Բյուրական ու առաջին անգամն էր, որ Բյուրականի աստղադիտարանը սկանավորվեց, հուսով եմ, շուտով գուգլում էլ կհայտնվի: Աստղադիտարանի աշխատողները նույնպես ոգևորված էին մեր նախաձեռնությամբ, քանի որ աստղադիտարանի տարածքը մեծ քանակի մարդկանց հասանելի կդառնա առցանց հարթակում: Ու իմ ամենասիրած աշխատարանի մասին: Ես 3D մոդելավորման դասընթացների չէի գնացել ու Կաբեզայի հետ ծանոթացա Cinema 4D, Marvelous designer ծրագրերին:
Ահավոր հագեցած ամիս էր ու մեծ ցանկություն կար ամեն ինչին գնալ ու ափսոսում եմ, որ շատերին չկարողացա մասնակցել, շատ կուզեի, որ ամիսը կրկնվեր:
3 բառով` Հավես, հավես և էլի հավես
Ստեֆանի Ավագյան, 13 տարեկան, Երևան
Ամենասիրածս աշխատարանները` «Ստեղծիր քո 3D Տպիչը» Աշիշ Մոհիտեի հետ, «3D սկանավորում» Ջեյ Պերեզի հետ, «Եռաչափ նորաձևություն» Նաիրա Առաքելյանի հետ:
Աշիշ Մոհիտեի հետ իմացանք 3D Տպիչի աշխատելու ամբողջ մեխանիզմը, մինչև այդ հետաքրքրված էի դրանով, բայց պատկերացում չունեի ինչպես է աշխատում: Ատվյոռտկայով, էհ, կներեք պտուտակահանով, հավաքելու ամբողջ աշխատանքը ես եմ արել: «3D սկանավորման» ընթացքում գնացինք Սևան Faro կամերայով նկարելու, համ էլ սովորել եմ դրոն կառավարել: Հուսով եմ մեր սկանավորումը օգտակար կլինի Սևանի համար: Եռաչափ նորաձևության աշխատարանի ընթացքում ճապոնական դպրոցականի համազգեստ եմ ստեղծել, սովորել եմ Marvelous designer-ով աշխատել:
Հավես էր, որ Աշիշի ծնունդը նշեցինք աշխատարանի ժամանակ ու անակնկալ արեցինք իր համար:
Ամսվա սկզբում լարված էի, ինձ թվում էր, որ շատ բարդ կլինեն աշխատարանները ու ինձ մոտ բան չի ստացվի ու անգամ մեկն էլ չեղարկեցի, բայց առաջին իսկ աշխատարանից հետո վախս անցավ:
3 բառով` Վազվզոց, հաճույք, ընկերներ