Արտակարգ դրության հայտարարում, ինքնամեկուսացում, հեռավար աշխատանք և ահա Թումո տնից ծրագրի մեկնարկ։ Մի փոքր հետ տանք ժամանակն ու պատմենք #ԹումոՏնից֊ի և առհասարակ վերջին 4 ամիսներին Թումոյի թիմի կատարած աշխատանքի մասին։
Այս ընթացքում Թումոյի կրթական ծրագիրը տեղափոխվել է իր համար անսովոր, բայց արդեն սիրելի դարձած առցանց հարթակ՝ հնարավորություն տալով թումոցիներին մասնակցել ինքնուսուցման վարժանքների, առցանց դասընթացների, աշխատարանների, միջոցառումների, ինչպես նաև օգտվել բոլորովին նոր myTUMO բջջային հավելվածից։
Առցնաց հարթակում ամեն ինչ նույնն է՝ դասընթացներն անցկացվում են 14 ոլորտներում՝ ծրագրավորումից, ֆիլմերի ստեղծումից մինչև նկարչություն ու ստեղծագրություն, թումոցիների հետ են իրենց սիրելի մարզիչներն ու դասընթացավարները, իսկ աշխատարանների շուրջ 50 ղեկավարները նրանց են միանում աշխարհի տարբեր անկուններից՝ Արգենտինայից մինչև Ֆինլանդիա։ Ուսանողներն աշխատում են ամենահեղինակավոր ընկերությունների՝ Microsoft֊ի, Facebook֊ի, Google֊ի, Կոլումբիայի համալսարանի մասնագետների հետ։
Թումո տնից ծրագրի շրջանակում հասցրել ենք անցկացնել ավելի քան 400 դասընթաց ու աշխատարան՝ էլ ավելի արդյունավետ ու հագեցած դարձնելով շուրջ 10.000 ուսանողի ինքնամեկուսացման օրերը։ Ավելին՝ ուսանողների մեծ հետաքրքրության արդյունքում դասընթացներում ավելացվել են էլ ավելի շատ տեղեր, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան միանալ։
Չմտածեք՝ ամեն ինչ հեշտ է ընթացել։ Ծրագրի թողարկումից հետո ուսանողների շրջանում իրականացված հարցումների արդյունքում պարզեցինք, որ նրանից շատերը հնարավորություն ունեն միանալ առցանց դասընթացներին միայն սմարթֆոնով։ Փորձելով լուծում տալ մեզ և թումոցիներին բաժանող այդ տեխնիկական խնդրին՝ արդեն առկա դասընթացներից շատերը վերամշակեցինք, որ դրանց հնարավոր լինի մասնակցել ոչ միայն համակարգչով, այլև սմարթֆոնով։ Բացի այս, պատրաստվում ենք Chromebook համակարգիչներ բաժանել Հայաստանի գյուղական համայնքներում ապրող պատանիներին, որպեսզի նրանք նույնպես ամռանը կարողանան միանալ Թումոյի դասընթացներին:
Կրթական ծրագրի նման, միջոցառումներն էլ տեղափոխվեցին վիրտուալ հարթակ։ Արդեն երեք ամիս է՝ շաբաթ մեկ անգամ անցկացվում է Tumo Live առցանց միջոցառումների շարքը, որը դարձել է կամուրջ տեխնոլոգիաների և արվեստի փորձառու ու հանրահայտ մասնագետների միջև։ Թումոյի ֆեյսբուքյան էջում հյուրընկալվեցին երաժիշտներ Սերժ Թանկյանը և Միշոն, տեխնոլոգիաների առաջատար Facebook-ի Oculus-ի ինժեներ Գալյա Հարությունյանը, բլոգեր Իլյա Վարլամովը, Marvel-ի և DC-ի համար աշխատած կոմիքսների նկարիչ Դեն Փանոսյանը և այլք:
Հաջորդ կարևորագույն քայլը ուսանողների համար՝ Թումոն գրպանում ունենալու և ամեն տեղ իրենց հետ տանելու հնարավորության ստեղծումն էր, որը հաջողությամբ իրականացրեց մեր ծրագրավորողների թիմը։ Իհարկե, myTUMO բջջային հավելվածը ստեղծելու միտքը մինչև արտակարգ դրությունն էլ կար, բայց ստեղծված իրավիճակը առավել արդիական դարձրեց այն ու գործընթացն արագացրեց։ Հավելվածը Թումոյի ուսանողներին հնարավորություն է տալիս հետևել իրենց կրթական ընթացքին, կապի մեջ մտնել մարզչի հետ, գրանցվել դասընթացներին և այլն: Իհարկե այսքանով չենք բավարարվելու, այժմ աշխատանքներ են տարվում բջջային հավելվածի հնարավորությունները շատացնելու ուղղությամբ։ Ի դեպ, թողարկումից մեկ օր անց myTUMO-ն դարձավ կրթական կատեգորիայում Հայաստանում ամենաշատը ներբեռնված հավելվածը։
Հիմա կասեք՝ բա՞ ինչպես է անցկացվելու Թումոյի ամառային ճամբարը։ Երկար քննարկումների արդյունքում Թումոյի ամառային ճամբարի համար մշակվել է նոր ձևաչափ․ այս տարի դրան կկարողանա մասնակցել Հայաստանի հեռավոր գյուղերում բնակվող մոտ 80 պատանի։ Իզմիրլյան հիմնադրամի, Վահան Քոլոլյանի, IGEFA հիմնադրամի, Լինդա Ազարյանի, AEF֊ի աջակցության շնորհիվ երկու շաբաթով նրանց տրամադրվելու են համակարգիչներ և Թումոյի առցանց դասընթացների մասնակցության հնարավորություն:
Այս օրերին շինարարական հրապարակներից նկարների պակաս չենք զգացել, իսկ դա նշանակում է, որ շարունակվում են Հայաաստանի և արտասահմանյան Թումո կենտրոնների շենքերի կառուցման աշխատանքները։ Թումո Գյումրիի թատրոնի պատմական շենքը կազմ ու պատրաստ է դասերի վերսկսվելուն պես ընդունել ուսանողներին, ավարտին են մոտենում Դիլիջանի կենտրոնի վերանորոգման և ընդլայնման աշխատանքները, իսկ Կողբի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում Գավառում և Բերդում Թումո տուփի գործարկման համար: Այն նախատեսված է լինելու փոքր համայնքների պատանիների համար, որտեղ նրանք անցնելու են ինքնուսուցման փուլերը, իսկ դասընթացների համար մեկնելու են Թումո Դիլիջան:
Հայկական կենտրոններից տեղափոխվենք միջազգային․ այս տարի բացվելու է միանգամից 4 Թումո՝ Մոսկվայում, Բեռլինում, Կիևում և Տիրանայում։ Այս քաղաքներում դեռ շենքերի շինարարական աշխատանքներն ընթացի մեջ են, բայց դա չի խանգարել, օրինակ, Թումո Մոսկվային, միանալով Փարիզի և Բեյրութի կենտրոններին, սկսել դասընթացներն առցանց տարբերակով։ Նշենք նաև, որ #ԹումոՏնից֊ն այլևս միայն հայ թումոցիներինը չէ, այն իր ճամփորդությունն է սկսել արևելքից արևմուտք։ Փարիզի և Բեյրութի կենտրոնները, տեսնելով Հայաստանում ծրագրի հաջողությունը, նույնպես գործարկեցին առցանց ծրագիրը։
Հետևելով ԿԳՍՄ նախարարության քայլերին և առաջնային կարևորություն տալով մեր ուսանողների անվտանգությանն ու կրթական հնարավորություններին՝ Թումոն, հավանաբար, իր դռները կբացի սեպտեմբերից և մենք կշարունակենք աշխատել նախկինի նման. միայն թումոբիլներն իրարից մի քիչ ավելի հեռու կլինեն։ 🙂