«Գիտեք՝ Ստեփանակերտում նոր հավես տեղ է բացվել հանգիստ ժամանակ անցկացնելու ու աշխատելու համար,- ոգևորությամբ ասում է Թումոյի թիմի անդամներից մեկն ու ավելացնում,- մեր Ստեփանակերտի նախկին ուսանողներից է հիմնողը»։ Դե, առանց ժամանակ կորցնելու կապվում ենք մեր առաջին ուսանողներից Նինա Շահվերդյանի հետ՝ պետք է անպայման գրել նրա մասին։ Սա սեպտեմբերին էր, երբ բոլորը պատրաստվում էին վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին։ Պայմանավորվում ենք ու ․․․
Արդեն 4 տարի Նինան տարվա մեծ մասն անցկացնում է Երևանում՝ համալսարանական կրթություն ստանալու համար, բայց կապը Արցախի հետ երբեք չի կորցնում և ապագա բոլոր ծրագրերը կապված են հենց Ստեփանակերտի հետ․ «Այս ամենի ավարտից հետո վերադառնալու եմ, շատ մտքեր ունեմ, որ դեռ պետք է իրականացնեմ։ Հիմա ավելի շատ պետք է աշխատենք, որ քաղաքը կրկին ապրի»,- ասում է Նինան։
Վիրուսի տարածման շրջանում՝ գարնանը Նինան կրկին Արցախում էր, քանի որ դասերն առցանց էին: Ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու և ցանկություններն էլ ավելի շուտ իրականություն դարձնելու համար որոշեց սրճարան բացել․ «Dream board էի ստեղծել և գրում էի մոտակա տարիների անելիքներս ու երազանքներս։ Այդ ցանկում էր նաև սրճարանում մատուցող աշխատելը»։ Վարակի տարածման պատճառով Նինան մնացել էր Ստեփանակերտում ու մտքով անցել էր ամիսներ հետո պլանավորածը հիմա իրականացնել՝ բացել սրճարան, որտեղ կլինի և՛ մատուցող, և՛ խոհարար և՛ մենեջեր։ «Մտածածս հայրիկիս ասեցի ու միանգամից ստացա «դե արի բացենք» պատասխանը։ Այդպես ընտանիքիս աջակցությամբ բացվեց Gardens Cafe-ն»։
Սրճարանի ամեն մանրուք Նինան ինքնուրույն է մտածել՝ մենյուն կազմելուց մինչև սպասքի ընտրություն ու ներքին հարդարման գույներ․ «Քանի որ մենյուն ես էի կազմել, սկզբում խոհարարների, բարմենների հետ միասին աշխատում էի, որ ամեն ինչ իմ պատկերացրած համով ու տեսքով լիներ, իսկ սպասարկման բարձր որակ ունենալու համար սոցիալական հարթակներում հետևում էի արտասահմանյան սրճարաններին՝ մտքումս ունենալով նաև երևանյան սրճարանների օրինակը»,- ասում է երիտասարդ ձեռներեցն ու հավելում, որ այս հարցում իրեն շատ են օգնել քույրերը, ովքեր իր հետ հավասար աշխատել են սրճարանում որպես մատուցող։
Նինային հետ հանդիպեցինք մի քանի օր առաջ Երևանում: Հաջորդ օրը վերադառնալու էր Ստեփանակերտ՝ վավերագրելու այժմյան իրադարձությունները, ինչպես նաև օգնելու ծնողներին, ովքեր մնացել են այնտեղ՝ թիկունքն ամուր պահելու համար: Իսկ մինչ այդ Նինայի եղբայրները՝ Վահագն ու Արմանը, Երեւանում հատուկ արցախցի պատանիների համար մշակված ծրագրով հաճախելու են Թումո։ «Ճիշտ է հաղորդակցման ապագա մասնագետ եմ, բայց Թումոյում սովորելուց հետո սիրահարված եմ լուսանկարչությանն ու ռեժիսուրային։ Ապարատի ժապավեն եմ գնել, որ նկարեմ այն նույն տեսախցիկով, որով հայրիկս 90-ականների պատերազմն է նկարել։ Այն վավերագրելու է երկրորդ ու հուսով եմ վերջին պատերազմը»,- ասում է Նինան, իսկ հետո վստահ ժպիտով ու աչքերի վարակիչ փայլով ավելացնում, որ այս ամենը ժամանակավոր է, պետք է արդեն սկսենք մտածել Արցախին նոր շունչ տվող նախագծերի մասին։