Նանեն` ինքնաճանաչման ճանապարհին

main - Նանեն` ինքնաճանաչման ճանապարհին

Թումոյի շրջանավարտ Նանեն երեք ժամային գոտում է ապրում` Լեհաստան-Հայաստան-Կալիֆորնիա: Աշխատում է կալիֆորնիական Jam City ընկերությունում Disney Emoji Blitz խաղի վրա` որպես software engineer: Ու զարմանում, որ արդեն 21 տարեկան է:

Սպասումներ, սպասումներ

Երբ գրանցվեցի Թումո, մի փոքր անհանգիստ էի, որ ինձ պարտադրված եմ զգալու: Վախենում էի, թե վարժանքների, դասընթացների հետ նոր «պիտի»-ներ կավելանան վրաս, որոնք ես արդեն այն ժամանակ չէի սիրում: Բայց իրականությունը լրիվ այլ էր: Թումոն ինձ համար դարձավ համարյա անսահման ազատության ու ինքնաճանաչման մի տարածություն, որտեղ հնարավորություն ունեի` ընկերանալու հավես մարդկանց հետ, զարգացնելու հետաքրքրություններս ու գտնելու նորերը: Ամենակարևոր բանը, որ սովորեցի Թումոյում…

… ամեն ինչ անել հաճույքով

Չի նշանակում, որ պիտի ստիպես քեզ ամեն պահին ամեն ինչից հաճույք ստանալ: Հակառակը՝ երբեմն, երբ տխուր ես, ավելի լավ է թողնես քեզ տխրել ու լինել դեմոտիվացված, քան բարկանաս ու ավելի հուսահատվես: Հաճույք ստանալը առաջին հերթին չստիպելն է քեզ անել բաներ, որոնք չես սիրում, ու չվախենալ փորձել նորերը: Բնականաբար, շատ անգամներ, կպարզվի, որ ինչ-որ ուղղությունը քոնը չէր: Բայց կլինեն բաներ, որ կարծես ստեղծված լինեն քեզ համար, որոնց մասին չէիր իմանա, եթե չփորձեիր:

2 1 - Նանեն` ինքնաճանաչման ճանապարհին

Rock Climbing One Love

Երբեք չէի մտածի, որ ժայռամագլցում կսիրեմ: Մի անգամ միացա գործընկերներիս, ու այնքան հավանեցի, որ հենց նույն օրը անդամագրվեցի: Ծրագրավորման նման` ժայռամագլցումը ինտենսիվ problem-solving է: Հատկապես, երբ իմ պես փոքրամարմին ես: Ամեն վայրկյանը դառնում է օպտիմալ ու արդյունավետ լուծում գտնելու մասին:

Սեփական խաղը

Կիսաերազանք-կիսաիրականություն է: Liquidizer-ն է, որի գաղափարը ծնվել էր դեռ տարիներ առաջ` 48-ժամյա հեքեթոնի ժամանակ: Ու որը ես ու Դավիթը օգտագործում էինք ամենատարբեր առիթներով. համալսարան կամ աշխատանքի ընդունվելիս կամ ուղղակի գլուխ գովալու համար, ու ստանում լավ ֆիդբեքներ: Իսկ 2020-ին Վահէ և Լյուսի մրցույթում այն առաջին տեղը զբաղեցրեց: Ու հիմա արդեն երեքով աշխատում ենք, որ հասցնենք այն մեր ուզածին: Մի օր, երբ խաղը սկսի կայուն եկամուտ բերել, գուցե վերջապես հասկանամ…

… ինչ է նշանակում լինել «մեծահասակ»

Այն դեպքում, երբ վաղը հարկային հայտարարագիր պիտի լրացնեմ, ու գաղափար չունեմ, թե ինչպես: Բայց գիտեմ, որ ինձ դուր է գալիս սեփական տուն ու դրան կից, տարբեր diy-ներով ավտոտանակ ունենալու գաղափարը: Մեքենա վարելն ու սիրած գործով զբաղվելը: Բայց չգիտեմ` ինչպես է դա կապված «մեծահասակ» հասկացության հետ: