Բոլորի նման էլ Մհերը փոքրուց սիրում էր Տրանսֆորմերների ու Ավատարի նման ֆիլմեր: Միակ տարբերությունը այն է, որ Մհերին ֆանտաստիկ պատմությունից բացի այնքան էր հետաքրքրում ֆիլմերում գործածված եռաչափ գրաֆիկան, որ նա ուղղակի չէր կարող չխորանալ դրա մեջ:
Երբ Մհերը դարձավ 12 տարեկան, որոշեց գալ Թումո` նոր հետաքրքրություններ գտնելու: Այստեղ ուսումնասիրեց 3D մոդելավորում, ծրագրավորում, խաղերի ստեղծում, անիմացիա: Այդ ամենից հետո ի վերջո որոշեց մասնագիտանալ հենց 3D մոդելավորման մեջ:
Այդ ժամանակ Թումոյի ուսանողները սկսել էին աշխատել Թումոյի և Եվրոպական միության համագործակցությամբ ստեղծված «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղի ստեղծման վրա: Մհերին առաջարկեցին միանալ թիմին որպես 3D մոդելավորող: Լինելով թիմի ամենաերիտասարդ անդամը, նա շատ ոգևորված էր աշխատել մեծ միջազգային նախագծի վրա: Նրա խոսքով «Նետոյի Առասպելը» մեծ փորձառություն էր իր համար` թե՛ մասնագիտական, թե՛ թիմային աշխատանքի առումով:
2017-ին ամբողջ թիմով Իտալիայի Լուկա քաղաքում անցկացվող ամենամյա «Lucca Comics & Games Festival»-ին իրենց խաղը ներկայացնելը անսպասելի էր թիմի բոլոր անդամների համար: Ասում է, որ չէր պատկերացնի, որ իր առաջին ճանապարհորդությունը Եվրոպա կլինի հենց այս տարբերակով: Մի խումբ պատանիների և մենթորների կողմից ստեղծված խաղը նույն տարի Գերմանիայի Էսսեն քաղաքում NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում ընտրվեց որպես լավագույն ստեղծարար նորարարություն` հայտնվելով 100-ից ավելի դիմորդներից ընտրված հնգյակում։
2019-ին Մհերը զորակոչվեց բանակ: Այս ժամանակահատվածը համընկավ 44-օրյա պատերազմի հետ: Պատերազմից չի պատմում, ասում է, բոլորն էլ գիտեն, թե ինչ է եղել: Միայն ասում է, որ ծառայությունը ավարտելուց հետո փնտրում էր մի բան, որը իրեն նորից կյանք կվերադարձնի: Հենց այդ ժամանակ էլ վերհիշելով եռաչափ մոդելավորման հանդեպ իր սերը որոշում է կրկին փորձել` այս անգամ արդեն որպես մասնագիտություն:
Արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է որպես 3D մոդելավորող: Ասում է` իր համար ամենադժվարը մարդու անատոմիայի մոդելավորումն է: Որոշել է զարգացնել նկարչական հմտությունները, ինչից հետո մասնագիտանալ խաղերի ստեղծման մեջ:
Ապագայի պլանները շատ են` խաղերի ստեղծման խոշորագույն ստուդիաների հետ համագործակցությունից մինչև սեփական ստուդիայի բացում: Այս ամենը` Հայաստանում. ասում է` ուզում է հենց այստեղ աշխատել ու ոլորտը զարգացնել: