Ծանոթացեք «ԵՄ Թումո համալիր» երազանքը իրականություն դարձնող թիմի հետ

Ծանոթացեք «ԵՄ Թումո համալիր» երազանքը իրականություն դարձնող թիմի հետ

«Չնայած, որ մենք շատ տարբեր ենք` տարբեր փորձառությամբ, կրթությամբ, հետաքրքրություններով` բոլորիս միավորում է մի մեծ երազանք»,- ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի տնօրեն Էրեբունի Թորոսյանը այսպես է նկարագրում իր թիմը:

ԵՄ Թումո համալիրի անձնակազմը բազմազանության պակաս չունի. այն կազմված է երկու հայրենադարձից, 2 երևանցի հայից և մեկ գրեթե երևանցի ոչ հայից: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս հավակնոտ նախագիծն իր ամբողջ բազմազան նշանակություններ ունեցող տարածքներով ու ենթակառուցվածքներով լցնելու է Հրազդանի կիրճը: ԵՄ Թումո համալիրն STEM ոլորտի գործնական կրթության հանգույց է, որն ուսանողներին ապահովելու է անհրաժեշտ հմտություններով` ճանապարհ բացելով նրանց համար դեպի աշխատաշուկա և գիտական աշխարհ ու ստեղծելով նրանց համար գործընկերային կապեր Հայաստանում և արտերկրում:

Թիմի ու նախագծի վերաբերյալ Էրեբունիից ստացված ոգևորությունը չի կարողանում թաքցնել նաև նախագծի ֆինանսական ղեկավար Եվգենիա Շամշյանը: Եվ նրա ոգևորությունը կրկնապատկվում է, երբ սկսում է խոսել, թե ինչ ներգործություն կունենա նախագիծը Հայաստանի երիտասարդության ու ինչու ոչ` հենց իր կյանքի վրա. «Երջանկություն է աշխատել այս նախագծի վրա ամեն օր: Դրա նշանակության ու մասշտաբների շնորհիվ իմ հմտություններն էլ են նոր մակարդակի բարձրանում»:

«Անկեղծ, չեմ հասկանում, թե ինչպես են կարողացել այսպիսի բան ստեղծել Հայաստանում, այն դեպքում, երբ շատ պատանիներ անգամ շատ ավելի զարգացած երկրներում նման հնարավորություններ չունեն,- ասում է Էմին Սինանին` խոսելով Թումոյի ու այստեղ գալու իր դրդապատճառների մասին: Էմինը աշխատում է 42 դպրոցների համաշխարհային ցանցում Երևանի անունը ավելացնելու ուղղությամբ: 42-ը բացառիկ կրթական կենտրոն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին առանց ուսուցիչների, միմյանց օգնելով ու խնդիր լուծելով` վերածվել ծրագրավորման իսկական գուրուների: Էմինը, ով արդյունաբերական դիզայներ է, պատմում է, թե ինչի շնորհիվ իրեն այլևս չի պատկերացնում նախագծից դուրս,- Միշտ ուզեցել եմ ինչ-որ բան ստեղծելու ու վաճառելու փոխարեն մի բան անել, որն օգտակար կլինի հանրությանը: Մեծ բավարարվածություն ստացա, երբ իմացա, որ այստեղ ուժերս լավ գործի համար եմ ներդնելու»:

«Պետությունը կկարողանա լուրջ զարգացում ապրել, երբ շահույթ չհետապնդող կազմակերպությունները լինեն կառավարության խորհրդատուն ու աջակիցը` օգնելով հասկանալ, թե ինչ է մարդկանց պետք»,- ասում է Բահարե Ֆաթեմին, ով մինչև Թումոն աշխատել է հասարարակական կազմակերպություններում և կորպորատիվ պատասխանատվության ոլորտում: Բահարեն նախագծերի ավագ ղեկավար է Թումո լաբորատորիաներում, որն ինքնուսուցման և պրակտիկ նախագծերի միջոցով մատուցում է STEM ոլորտի բարձրակարգ կրթություն: Այն հարցին, թե ինչով է այստեղ աշխատելը նրան գրավել, Բահարեն, ով աշխատել է Մեծ Բրիտանիայում, Կալիֆոռնիայում ու Իրանում, ասում է. «Որպես մարդ, ով աշխատել է ՀԿ-ներում և հանրային կառավարման ոլորտում` ես լավ եմ գիտակցում, թե ինչ մեծ դեր կունենա ԵՄ Թումո համալիրը Հայաստանի ապագայում: Այն կօգնի երիտասարդներին հասկանալ ու գտնել գիտական բարդ խնդիրների լուծումներ»:

Այս փոքրիկ թիմը մեծ սպասելիքներ ունի կենտրոնից: Ծրագրերի ղեկավար Էդիտա Ղազարյանն ասում է. «Ամենակարևորն այն է, որ նախագիծը հսկայական օգուտ կբերի ոչ միայն ուսանողներին, այլ ամբողջ համայնքին ու հասարակությունը: Հենց այդ պատճառով էլ մենք ամեն ինչ անում ենք, որ այն հաջողի»:

Չնայած իրենց աշխատանքի ոճերի ու բնավորության տարբերությանը` ԵՄ Թումոյի թիմը, կարծես, մեկ բռունցք լինի. «Մենք գրեթե մի ընտանիք ենք` իրար մեջքի կանգնած ու խիստ կենտրոնացած մեծ առաքելության իրականացման վրա»,- ասում է Էրեբունին: Թիմի անդամների հետ խոսելիս կարմիր թելով մի միտք է անցնում, որ նախագիծը իսկական մագնիս է մարտահրավերներ փնտրող պրոֆեսիոնալների համար: Օրինակ` երկու հայրենադարձները` Էրեբունին ու Էմինը, հատուկ այս գործի համար են Հայաստան տեղափոխվել: Բահարեն Հայաստան տեղափոխվելու համար ևս մեկ պատճառ է նշում. «Այստեղ ես մշակութային առումով ինձ ավելի մոտ եմ զգում հայրենիքիս քան արևմուտքում: Այստեղ` սուրճի շուրջ նստելով և խոսելով այս մարդկանց հետ, զգում ես, որ նրանք հասկանում են քեզ: Երբ ասում եմ, որ կարոտել եմ երկիրս, տունս…նրանք ինձ հասկանում են»:

 

*ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: