Մեր և Ինեսայի երազանքը. Թումո Կապան

Մեր և Ինեսայի երազանքը. Թումո Կապան

Շաբաթներ առաջ հրապարակում ենք Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի Կապան կատարած աշխատանքային այցի մասին ու հաշված ժամեր անց ստանում էլեկտրոնային նամակ Թումոյի նախկին ուսանող (չնայած թումոցին նախկին չի լինում ?) Ինեսա Քարամյանից, ում դիպլոմային աշխատանքի թեման Թումո Կապանի նախագիծն է եղել: Դե նրան կրկին, այն էլ արդեն Կապանի կենտրոնի պատրաստի նախագծով, Թումոյում տեսնելու առիթը բաց թողնել չէինք կարող:

«Երբ ընտրեցի Թումոյի թեման, միանգամից բացառեցի Երևանը և որոշեցի գնալ դեպի արմատներս` Սյունիք: Այնուհետև ուսումնասիրելով մարզի հնարավորությունները և կարիքները կանգ առա Կապան քաղաքի վրա: Այդ օրվանից Կապանում Թումո ունենալը կարծես երազանք էր դարձել»,- ասում է Ինեսան:

Երիտասարդ ճարտարապետն անդրադարձավ նաև Թումոյում սովորելու առավելություններին, բայց ոչ միայն կրթական, այլև, թե ինչպես է թումոցի լինելն օգնել իրեն նախագիծն իրականացնելիս. «Թումոյում անցկացրած 3 տարիներս իրոք շատ օգնեցին ինձ նախագծման ընթացքում, քանի որ լավ էի պատկերացնում հատակագծային լուծումները` ուսանողների հոսքերը, սենյակների դասավորվածությունը, անվտանգության համակարգերի դիրքայնությունը: Անգամ այս թեման ընտրած կուրընկերներս էին ինձ հարցուփորձ անում»:

Խոսեցինք նաև այս հանդիպման առիթը ստեղծած նամակի մասին: Ինեսան նշում է, որ միշտ մտածել է, որ մի օր Կապանում Թումո կհիմնվի, բայց որ բանակցությունները կսկսվեն այդքան արագ` իր դիպլոմային աշխատանքի պաշտպանությունից ընդամենը մեկ տարի անց, չի պատկերացրել.
«Թումոն ինձ մոտ կայուն զարգացման հետ է ասոցացվում ու կարծես ներքին զգացողություն ունեի, որ մի օր Թումոն կհասնի նաև Կապան: Երբ տեսա հրապարակումը ֆեյսբուքում այնքան ուրախացա, որ միանգամից բացեցի էլ. փոստս ու մտքիս եկածը գրեցի` փորձելով այդ պահին զգացածս կիսել Թումոյի անձնակազմի հետ»:

Որոշ ժամանակ աշխատելով ճարտարապետական ընկերությունում Ինեսան հասկացել է` իր սիրելի հոբբին` գրաֆիկական դիզայնը, ավելի է գրավում իրեն ու այժմ նա փորձում է ավելի հմտանալ այդ ոլորտում` աշխատելով հայաստանյան խոշոր ընկերություններից մեկում:

«Երբ 2011 թվականին եկա Թումո 14 տարեկան էի: Իմ ընտրած ոլորտներից մեկը հենց գրաֆիկական դիզայնն էր: Այդ ժամանակվանից էլ սիրահարվեցի դրան: Հիմա ինձ մոտ ինքնորոշման կարևոր փուլ է սկսվել` փորձում եմ հասկանալ դիզայնն եմ ավելի շատ սիրում, թե ճարտարապետությունը: Բայց երևի դիզայնը (ժպտում է)»,- անկեղծանում է Ինեսան:

Զրույցն ու նկարահանումն ավարտելուց հետո, երբ կարծես ոչինչ էլ չէր մնացել պատմելու դուրս ենք գալիս Ինեսայի սիրելի Փայտեից, զգուշորեն հավաքում ենք Թումո հարթակի հատակին փռված դիպլոմային աշխատանքն ու հրաժեշտ տալիս միմյանց՝ հույսով, որ հաջորդ հանդիպումը կլինի Թումո Կապանում։

Like
Like Love Haha Wow Sad Angry
284