«Ճիշտ է, մենք բոլորս մեկուսացված ենք ու տնից ենք աշխատում, բայց արդեն սկսել ենք սովորել այս նոր աշխատանքային մթնոլորտին»:
Թումոյի ճարտարապետների թիմի ղեկավար Շահե Սիմոնյանի հետ զրուցում ենք բազմաթիվ ծրագրեր համակարգող ու աշխարհով մեկ սփռված թիմի առջև ծառացած նոր մարտահրավերների մասին: Քանի որ թիմը աշխարհի ու Հայաստանի մյուս ընկերությունների պես մոտենում է իր մեկուսացման և տեսակապերով լի հեռավար աշխատանքի 8-րդ շաբաթին, մենք որոշեցինք մոտիկից հասկանալ` ինչպես են նրանք հարմարվել նոր իրավիճակին:
Շահեն հայրենադարձ է Ավստրալիայից: Նա առաջին անգամ այցելել է Հայաստան 1997 թվականին: Այդ առաջին այցից ու դրան հաջորդածներից հետո Շահեն վերադառնում էր տուն՝ Սիդնեյ, մտածում, թե ինչ կարելի է նախաձեռնել Հայաստանում ու դրան զուգահեռ փորձում ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում: Այս տարի իր ընտանիքի տարիների երազանքը իրականություն դարձավ՝ նրանք տեղափոխվեցին Հայաստան:
Մեջքի հետևում բազմատեսակ հմտություններ ու փորձառություն ունեցող թիմի անդամներն են Սուրեն Սարգսյանը, Նեկտար Մկրտչյանը, Լուսինե Ղուշչյանը, Լորի Խարփութլյանը, Ատոմ Հերգելյանն ու Ալեքս Էնգը: Նրանք համակարգում են բազմաթիվ նոր նախագծեր՝ աշխատելով մի շարք կազմակերպությունների հետ Հայաստանում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում ու ամենուրեք: Դիլիջանի միջազգային դպրոցից ու Գյումրիում կանաչ բնակարանաշինությունից մինչև Թումոյի «Թռչող կայանները» Փարիզում. թիմն ներկայացնում է քաղաքաշինության և արդյունաբերական, փորձարարական ու կայուն ճարտարապետության մեջ թրծված մարդկանց խումբ:
Այնուամենայնիվ, ճարտարապետների թիմը, կարծես, ստեղծված էր հեռավար աշխատանքի համար: Հետաքրքիրն այն է, որ 7 հոգանոց խումբը ֆիզիկապես իր ամբողջական կազմով է աշխատել ընդամենը 1 շաբաթ. Լորին Երևան տեղափոխվեց Բեյրութից, թիմը զբաղեցրեց ավելի հարմարավետ աշխատասենյակ Թումոյում, այնուհետև բոլորն ուղարկվեցին տուն, իսկ Լորին հետ մեկնեց Բեյրութ քանի դեռ սահմանները բաց էին: Ու երբ զրուցում ենք Շահեի հետ, նա սկսում է հանգիստ ձայնով բացատրել, որ ամեն ինչ պատահում է, ոչ մի անսովոր իրավիճակ էլ չկա իրենց համար՝ զուգահեռաբար պատմելով, որ թիմն ինչպես միշտ ամեն առավոտ stand up ֆորմատով քննարկում է իրականացված և իրականացվելիք նախագծերը:
Մեր զրույցի պահին Շահեն և ճարտարապետների թիմը կենտրոնացած էին 2 առաջնային կարևորության նախագծերի վրա: Դրանցից մեկի՝ Թումո տուփի, աշխատանքները շատ ակտիվ են ընթանում: Տեխնիկապես հագեցած, մոբիլ տուփերը պատրաստվում են հասցնել Թումոյի ծրագիրը Հայաստանի ու Արցախի անգամ ամենահեռավոր բնակավայրեր: Առաջին տուփը նախատեսվում է տեղադրել Տավուշի մարզի Բերդ համայնքում, իսկ այդ արբանյակային Թումոների համար հանգուցային կենտրոն դարձնել Դիլիջանը: «Երևանում կառուցվող այս նախատիպային մոդելի աշխատանքները այն աստիճանի են հասել, որ մենք պարզապես սպասում ենք կարանտինի ավարտին: Երբ սահմանափակումները հանվեն, մենք կտեղափոխենք տուփը Երևանից և կտեղադրենք Բերդ համայնքում»,- պատմում է Շահեն:
Թումո տուփ
Մյուս նախագիծը ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրն է, որի աշխատանքները մտել են շատ կարևոր փուլ: Հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց հանդիսացող կենտրոնը նախագծել է հոլանդական աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ստուդիան: Լանդշաֆտի, կլիմայի և այլ նեղ ոլորտների մասնագետները այժմ ուսումնասիրում են MVRDV-ի տրամադրած կոնցեպտը՝ կարևոր շտկումներ և առաջարկներ անելու նախագծի շուրջ ու վերջնական տեսքի բերելու այն: Ճարտարապետական թիմը նախագծի շուրջ աշխատում է ամերիկացի խորհրդատուների հետ և Ռոտերդամում ապրող հոլանդացի ճարտարապետների հետ. նախագծի գլոբալ բնույթի շնորհիվ մեր ճարտարապետները մեծ խոչընդոտնրի չեն հանդիպում: Ավելին, իրավիճակը երբեմն զվարճալի ու թեթև է դառնում. «Ռոտերդամի թիմը նույնպես տնից է աշխատում արդեն տևական ժամանակ: Այս ամենից առաջ մեր երկու խմբերն էլ նույն աշխատասենյակից էին մասնակցում տեսակապով քննարկումներին, իսկ հիմա էկրանին տասնյակ տարբեր սենյակներ են: Այնպես որ սա լրիվ այլ փորձառություն է: Աշխատանքային հարաբերությունները շատ ավելի մտերմիկ են դառնում, երբ տեսակապով «հայտնվում» ես մյուսների տանը»,- ժպտալով ասում է Շահեն:
ԵՄ Թումո համալիր
ԵՄ Թումո համալիրի նախագծի ու մինչ այս իրականացված աշխատանքների մասին խոսելիս՝ Շահեն հազիվ է զսպում ոգևորությունը. «Եթե շենքը ի վերջո լինի այնպիսին, ինչպիսին մտածված է, չեմ կարծում, որ Երևանը նման մեկ այլ նախագիծ ունեցած լինի»:
Թումո տուփից ու ԵՄ Թումո համալիրից բացի թիմն ակտիվ աշխատում է Գյումրու, Դիլիջանի և Կողբի Թումո կենտրոնների վրա: Տարածքում խիստ առանձնացող արտաքինով ու արդեն վերակառուցված Թումո Գյումրին ծառայելու է մի շարք նպատակների: Վերակառուցելով Գյումրու ամենահին թատրոնի շենքը՝ միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետ Բերնար Խուրին և իր DW5 ստուդիան ստեղծել են բազմաֆունկցիոնալ կառույց, որը կծառայի ինչպես Գյումրու թումոցիներին, այնպես էլ ամբողջ համայնքին: Թումոյի և Խուրիի ընկերությունը սկսվել է դեռ Թումո Երևանի ինտերիերի դիզայնի ստեղծումով, շարունակվել թումոբիլների ստեղծումով: Այժմ Խուրին և իր ստուդիան աշխատում են նաև Թումո Կողբի կառուցման վրա: Աշխատանքները դեռ ավարտին չեն հասցվել, բայց Շահեն և ճարտարապետական թիմը Գյումրու իրենց գործընկերների հետ արդեն զբաղվում են շենքը տեխնիկայով ապահովելով և կահավորելով: Մոտ ապագայում Թումո Գյումրին կարող է ծառայել նաև որպես հանգույց Թումո տուփերի համար՝ ընդունելով նաև Գյումրուց ոչ շատ հեռու տեղակայված գյուղերի պատանիներին:
Թումո Գյումրի
Թումո Կողբ
Դիլիջանի բարձրադիր, սաղարթախիտ ու անտառապատ մասում տեղակայված Թումո կենտրոնի շենքը ոչ պակաս ակտիվ վերակառուցման մեջ է: Թումո Դիլիջանը համալրվել է դասընթացների նոր սենյակներով և սարքավորումներով: Շենքում նաև կտեղակայվեն Դիլիջանի գրադարանն ու կացարաններ քաղաքին հարող գյուղերի ուսանողների համար: Ի վերջո «գրքերի մեջ» ապրել, սովորել ու աշխատելը վերածվեց շենքի ինտերիերի հիմնական կոնցեպտը, և այն հետագայում կարևոր դեր կխաղա տարածքի օգտագործման հարցում, հատկապես Թումո տուփերի գործարկման ժամանակ: Հիշեցնենք, որ Թումո Դիլիջանը լինելու է հանգուցային կենտրոն Բերդում գործարկվող առաջին Թումո տուփի, իսկ հետագայում նաև Գեղարքունիքի և Տավուշի մյուս «տուփերի» համար:
Թումո Դիլիջան
«Տարածության նման օգտագործումը հենց այն է, ինչ միավորում է այսքան տարբեր նախագծերը: Բաց տարածություններ, նորարարական դիզայն. այս ամենն ի վերջո օգնության է գալիս Թումոյի փիլիսոփայությանն ու կրթական մոտեցումներին»,- ասում է Շահեն: