Ծրագրավորում, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, գրաֆիկական դիզայն ու մի շարք հատուկ աշխատարաններ անցած ուսանող Մարտուն Պողոսյանը նպատակ ունի անցնել Թումոյի բոլոր դասընթացները: Բայց կա մի ոլորտ, որն ավելին է, քան նախասիրությունը կամ հետաքրքրքրությունը. ռոբոտաշինության աշխարհում Մարտունը զգում է իրեն, ինչպես ձուկը` ջրում: 13 տարեկանում նա ստեղծեց ամրակներով պատրաստած իր առաջին ռոբոտ սարդը: Թեև այն այժմ շարքից դուրս է եկել, բայց Մարտունի համար իր ստեղծած ամենասիրելի սարքն է:
Դրանից հետո Մարտունը ստեղծեց ականներ փնտրող ու վնասազերծող ռոբոտ. «Մինչև այդ գիտեի, որ կար երկու ռոբոտ` մեկը ականներ էր փնտրում, մյուսը` դրանք վնասազերծում: Ես էլ ստեղծեցի իմ ռոբոտը, որն այդ երկուսը միաժամանակ էր կարողանում անել: Հետո էդ ռոբոտի շարժիչը կատարելագործեցի ու ստացա մի շարժիչ, որը 4-ի աշխատանք է կատարում»:
Ռոբոտաշինության բոլոր մակարդակները հաղթահարելուց հետո էլ Մարտունը դասընթացավարների թիմին միացավ որպես կամավոր. «Թումոն շատ եմ սիրում, մասնավորապես նրա համար, որ ընտրության ազատությունը թողնում է ուսանողին: Իմ կարծիքով, էրեխեքին դաստիարակելիս էլ, միշտ պետք է ցույց տաս բոլոր ճանապարհներն ու սովորեցնես ճիշտ ու սխալը ինքնուրույն իրարից տարբերել: Բայց ամեն էրեխու պետք ա թողնես էդքանից հետո ընտրել», – երեխաների ճիշտ դաստիարակությունից 17-ամյա Մարտունը հաստատ գլուխ հանում է, որովհետև տան 5 երեխաներից ինքն ամենամեծն է:
«Ռոբոտներն էլ են նման էրեխեքին` պետք է տաս ինֆորմացիա, ու ինքը կսկսի սովորել: Ուղղակի մի մեծ տարբերություն կա. եթե ռոբոտը վերահսկողությունից դուրս գա, պետք է «պլան Բ» ունենաս, որը վնասազերծում, անջատում է ռոբոտին: Էրեխեքի հետ չարժի ունենալ այդ «պլան Բ»-ն», ծիծաղում է Մարտունը:
Նրա վերջին գործը չինգաչունգի անպարտելի ռոբոտն է, որը սենսորների միջոցով կանխագուշակում է յուրաքանչյուր քայլ. «Սկզբում ռոբոտը ոչ թե սենսորների արձագանքն էր հաշվում, այլ բանաձև ուներ ու, կախված առաջինն արած տարբերակից, հաշվում էր հաջորդը: Բայց մարդիկ տարբեր են, ոմանք կարող են մենակ «քար» անել: Մի խոսքով` ճիշտ արդյունքի համար անպայման զգացականն էլ է պետք ներգրավել»:
Ըստ Մարտունի` հաջող ռոբոտ ստեղծելու համար երկու հմտություն է պետք` իրավիճակի հավանական բոլոր «եթե»-ներն ու դրանց լուծումները հաշվարկելն ու ռոբոտը մտքում նախապես ամբողջությամբ պատկերացնելը: Հիմա էլ Մարտունը 12-րդ դասարանում է ու շուտով կընդունվի Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Նախաքննական պարապմունքների շրջանում ամեն օր Թումոյից տուն` Խարբերդ գնալու 1 ժամ տևող ճանապարհին նա լուծում է իր ֆիզիկայի ու մաթեմատիկայի խնդիրները. «Ամբողջ ավտոբուսով ամեն օր մաթեմի խնդիր ենք լուծում: Բոլորն անպայման մասնակցում են»:
ՄԻ ՓԱՍՏ
Անցած տարի տան վերանորոգումն անելիս` Մարտունն իր վրա է վերցրել էլեկտրականությունն ապահովելու ամբողջ պատասխանատվությունը. «Էլեկտրականության աշխատանքը ստուգելու համար սարքը չկարողացա գտնել ու խաղալիք մեքենայի վահանակով ստուգում էի հոսանք կա՞, թե` չէ: Ընդհանրապես ամբողջ հարևանության բոլոր սարքերը վերանորոգել ինձ համար ավանդույթ է դարձել»: