Հասցնել անցնել Թումոյի կրթական բոլոր ոլորտներով

Հասցնել անցնել Թումոյի կրթական բոլոր ոլորտներով

17-ամյա Մարիամ Գրիգորյանի երազանքն է դառնալ ռեժիսոր ու Գյումրու մասին պատմել ամբողջ աշխարհին:

Մարիամը Շիրակի մարզի Առափի գյուղից է: Նա փորձել է իրեն գտնել բոլոր հնարավոր ոլորտներում. «4 տարի առաջ ծնողներս ինձ Թումո բերեցին նկարչություն սովորելու համար, բայց այստեղ նոր հասկացա, թե իրականում ինչով եմ ուզում զբաղվել: Ինքնաճանաչման այս ճանապարհին փորձել եմ կայքերի ստեղծում, զբաղվել եմ երաժշտությամբ ու նվագել չիմացող ձեռքերովս մեղեդի եմ ստեղծել, անիմացիայով եմ զբաղվել»,- պատմում է նա:

Մարիամը պատրաստվում է ընդունելության քննությունների: Նա դիմելու է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ, կինոյի բաժին. «Թումոյում նաև զբաղվեցի ֆիլմարտադրությամբ, լուսանկարչությամբ, ստեղծագրությամբ ու հենց այս երեքն էլ կանխորոշեցին մասնագիտությանս ընտրությունը: Մի փոքր կասկածներ ունեի սցենար գրելու հմտություններիս վրա, բայց մի անգամ տնեցիների առաջ կարդացի ու բոլորով լաց եղանք: Այժմ ես հասկանում եմ ֆիլմարտադրության հիմունքները, կարողանում եմ լուսանկարել ու տեսանկարահանել, կարողանում եմ սցենար գրել: Փաստորեն, եթե հմտություններս համաչափ զարգացնեմ, ինձ ֆիլմ նկարահանելու համար անձնակազմ պետք չի լինի»,- ծիծաղում է նա:

«Ուզում եմ սովորել նաև արտասահմանում, արդեն աչքիս տակ մի քանի լավ համալսարան ունեմ: Բայց անպայման վերադառնալու եմ, ավելի հմտացած` որպես պատրաստի ռեժիսոր: Մեր քաղաքը շատ «կինոշնի» է, պետք է ցույց տամ այն ամբողջ աշխարհին»,- ոգևորված ասում է Մարիամը:

Հավես փաստ

Նոր մեդիայի դասընթացներից մեկում հին ու նոր Գյումրիի մասին թվային թերթ էինք ստեղծում, ես էլ Գյումրու հին ու նոր պարերն էի թերթում ներկայացնում: Այնպես ստացվեց, որ գնացել էի իրենց մասին պատմելու, բայց ինքս սկսեցի զբաղվել պարով: Մինչև հիմա ազգագրական պարեր եմ պարում: