Թումո Գյումրիի ուսանող Լիլիթ Գալստյանը մի ամբողջ օր հետևել է մեկ այլ ուսանող Արթուր Պետրոսյանին, տվել նրան կարևոր հարցեր ու «ֆոտոպատմել» է նրա առօրյան:
«Տարածությու՞նն է, որ ինձ պետք է խանգարի». ասում է Արթուրն, ով ապրում է Մարալիկում, բայց ամեն շաբաթ 27 կմ անցնում ու գնում է Թումո Գյումրի:
Ասում է` ոչ մի անգամ եղանակի կամ այլ անախորժ բաների պատճառով չի բացակայել:
18-ամյա Արթուր Պետրոսյանը պատմում է, որ Թումո գնալուց կոնկրետ նպատակ չի ունեցել և սկզբից փորձել է տարբեր ոլորտներ, բայց ի վերջո ընտրել է ծրագրավորումը: Արթուրն անցել է կայքերի ստեղծման, ռոբոտաշինության, անիմացիայի, ծրագրավորման ու 3D-ի բոլոր մակարդակները:
Խաղերի ստեղծման դասընթացի 2 մակարդակ անցելուց հետո` Արթուրն արդեն ունի ստեղծած 2 խաղ` The Pyramid Mystery-ն ու Mazer-ը, որոնք հասանելի են Play Market-ում: Խաղերի ստեղծման գործում իրեն օգնել են նաև անիմացիայի դասընթացում ստացած գիտելիքները:
«Հիմնականում ծրագրավորում ու խաղերի ստեղծում եմ անում, բայց վերջինն ավելի շատ որպես նախասիրություն, հետաքրքիր զբաղմունք, այ ծրագրավորումն արդեն աշխատանք է»,- ասում է Արթուրը:
«Այս պահին, բացի դասերից, նաև ֆրիլանս աշխատում եմ որպես Front-end ծրագրավորող, տարբեր կազմակերպությունների համար ունեմ պատրաստած կայքեր»,- հպարտ ասում է Արթուրը: