Թումո Գյումրիի ուսանող Լիլիթ Գալստյանը շարունակում է իր հատուկ ռեպորտաժները Շիրակի մարզից` այս անգամ կանգ առնելով Հացիկ գյուղում: Նա այնտեղ ծանոթացել է թումոցի Սուսաննա Նահապետյանի հետ: Տեսե՛ք Լիլիթի մուլտիմեդիա պատմությունը Հացիկից:
Ակրոբատիկայով զբաղվել, դաշնամուր նվագել ու հոգ տանել բազում կենդանիների մասին: 16 տարեկան Սուսաննայի հետաքրքրությունները այսքանով չեն սահմանափակվում: Նա նաև խմբագիր է Wikipedia ակումբում և ասեղնագրծործությամբ է զբաղվում։ Ապագայում ուզում է դերասան և ռեժիսոր դառնալ: Ասում է` արվեստի մարդ է. ինչ էլ անի` արվեստի հետ կապված կլինի։
Ըստ Սուսաննայի` այսքան զբաղմունքներ ունենալու համար անհրաժեշտ է ֆիզիկական առողջություն, որը նրա համար ապահովել է Հացիկ գյուղի հրաշալի բնությունը և, ինչպես ինքն է նշում, մաուգլիի պես մեծանալը։ Է՛լ արծիվ, է՛լ կատու, է՛լ նապաստակ. Սուսաննան մեծացել է կենդանիների հետ ընկերանալով։ Հիմա էլ կատու ունի, որին հայրիկն է բերել պատերազմի ժամանակ Շուշիից և հենց այդպես էլ նրան անունը դրել են ՝ Շուշի։
Թումոցի լինելու 2 տարիների ընթացքում հասցրել է մասնակցել ծրագրավորման, ֆիլմերի ստեղծման, անիմացիայի, նոր մեդիայի և այլ դասընթացների, բայց ասում է, որ միևնույն է երաժշտությունը ամենահոգեհարազատն է: «Չէի պատկերացնում, որ դասական երաժշտական կրթությունից զատ Logic Pro-ի ու Ableton-ի պես թվային գործիքներ կսովորեմ։ Վերջերս մասնակցեցի երաժշտության աշխատարանի, որի ժամանակ հասցրեցի սովորել հարվածային գործիքներ և կիթառ նվագել»:
Հիմա Սուսաննան նոր նախագիծ ունի: Շարունակում է իր հոր պապիկի գործը և հավաքում է իրենց տոհմի ընտանեկան արխիվները, նամակները և հարց ու փորձ անելով գտնում ամենահետաքրքիր փաստերն ու պատմությունները: Ասում է` այս ամենը նաև շատ լավ առիթ է տոհմի մեծերի հետ ծանոթանաու և շփվելու համար:
Հացիկից Գյումրի ճանապարհը մոտ 20 րոպե է, բայց այդ ժամանակն էլ Սուսաննան հենց էնպես չի անցկացնում: Նա ամեն անգամ հետը գիրք է վերցնում ու հմտորեն բանի տեղ չդնել ավտոբուսի դխկդխկոցը: Այնպես որ, շաբաթը երկու անգամ նա սովորում է` սովորելու համար Թումո գնալու ճանապարհին: