Հայրապետյան Գնունի, 17 տարեկան
Գնունին արդեն 5 տարի է սովորում է Թումոյում ու այժմ լուսանկարչության դասընթացավարի օգնական է:
Նա ծնվել է Գյումրիում ու այնտեղ մեկ տարի դպրոցում սովորելուց հետո տեղափոխվել է Երևան: Ասում է՝ սկզբում դասարանցիների հետ շփումը չէր ստացվում՝ բարբառների պատճառով միմյանց չէին հասկանում, բայց հետո ինքը Երևանի բարբառը սովորեց, դասարանցիները՝ Գյումրիի: «Հիմա լեննագանցիների հեդ Լեննագանի բարբառով կխոսիմ, էրևանցիների հետ՝ Էրևանի: Կարելի է ըսել, որ ի սկզբանէ արդեն 2 լեզու գիդեմ»,- Գյումրու բարբառով ասում է Գնունին:
12 տարեկանում Գնունին գնում է Թումո ընկերների խորհրդով: «Որ Թումո եկա, ինձ թվում էր հերթական ուսումնական ձախողումս ա լինելու, որովհետև դպրոցում խայտառակ վատ էի սովորում, բայց հերիք չի մոտս ամեն ինչ ստացվեց, մի հատ էլ հետաքրքրություններս փոխվեցին,- պատմում է նա,- դպրոցում մենակ մաթեմատիկա էի սիրում ու սովորում, եկա, որ վստահ-վստահ ծրագրավորում սովորեի, ծրագրավորումի ինքնուսուցման վարժանքը չանցա: Զարմացել էի, բայց հետո պիտի պարզեի, որ դրա տեղը մոտս գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում ու լուսանկարչություն էր ստացվելու, սիրելու էի դրանք, իսկ ծրագրավորման մասին մոռանայի»:
Գնունին պատմում է, որ սկզբում չէր պատկերացնում, թե որքան են տարբերվում պրոֆեսիոնալ լուսանկարչությունն ու ուղղակի սմարթֆոնով նկարելը: «Լուսանկարչության մեջ ինձ դուր է գալիս հենց կադրը, պատկերը, ինքն ինձ ավելի շատ բան կարող է պատմել ու ավելի շատ է գրավում, քան վիդեոն, ինչքան էլ դա տարօրինակ թվա: Վիդեոն ասում ա ամեն ինչ, իսկ ֆոտոյի դեպքում ինքդ պիտի կռահես ինչ ա կատարվում տեղում, ինչ ա կատարվել դրանից առաջ ու հետո»:
Ոլորտի մեջ Գնունուն ամենաշատը կոնցեպտուալ լուսանկարչությունն է գրավում: Ասում է, որ վերջնականապես համոզվեց այս մտքի մեջ Ուրիշ հուլիսի ընթացքում, երբ աշխատարանի նպատակն էր լուսանկարել կենդանի, քայլող մումիային Երևանի տարբեր վայրերում և ցույց տալ, թե ինչպես է նա փորձում հարմարվել ժամանակակից կյանքին: «Ինձ դուր է գալիս, որ պատկերը ինքս եմ ստեղծում, կոնցեպտը ինքս եմ մտածում, ինչ-որ գերբնական բան կա դրա մեջ, կարծես, միջավայրը դու սկսես կառավարել: Ու արդեն վաղուց շրջակա միջավայրին այլ աչքով եմ նայում: Լինում ա, որ տեսնում եմ, որ փողոցում ինչ-որ իր «սխալ» ա դրված ու եթե այլ կերպ դրված լիներ, ինչ-որ կոնցեպտ կստացվեր, տեղաշարժում եմ ու լուսանկարում:»,- ասում է Գնունին:
Գնունին ասում է, որ միջավայրը սկսել է որպես լուսանկար տեսնել: Լուսանկարչական սարք չունի ու, եթե հասկանում է, որ պատկերը հեռախոսով չի կարողանա նկարել, աչքերով ֆիքսում ու առաջ է անցնում: «Արդեն սկսել եմ նաև մտածել, որ աչքերս Illustrator ծրագրի հնարավորություն ունենային, ուզածս անկյունները կկորացնեի կամ այլ ձև կտայի: Միգուցե մի օր տեխնոլոգիաները այնպես զարգանան, որ կարողանամ»:
Գնունին բացի կոնցեպտուալ արվեստից, ուզում է նաև ֆոտոլրագրությամբ զբաղվել: «Մտածում եմ նաև ֆոտոլրագրող դառնալ ու թեժ կետեր գնալ՝ հա՛մ էքստրիմ եմ սիրում, հա՛մ այդ կարևոր ու երբեմն ողբերգական իրադարձությունները պետք է արձանագրել ու պահպանել:»-, ասում է նա:
«Թումոյում օգնում եմ դասընթացավարներին ու ուսանողներին, ու ամենահավես պահը էն ա, որ երկու կողմից էլ սովորում եմ: Պատասխանատվության աստիճանն է բարձրացել, իսկ ուսանողների հարցերը դրդում են գնալով ավելի խորանալ ոլորտի մեջ,- ասում է նա,- այստեղ օրական 5 ժամ եմ անցկացնում ու նրանից չի. ոչ թե որովհետև պարապ եմ, այլ որովհետև լիքը նոր բաներ եմ սովորում»:
ՄԻ ՓԱՍՏ
«Մի անգամ գնացել էի մանկապարտեզ՝ եղբորս վերցնելու, մեկ էլ տեսնեմ կարմիր գլխարկներով լիքը երեխեք միասին խաղում են ու մի փոքր հեռու կապույտ գլխարկով մեկ երեխա միայնակ, տխուր նստած ա: Մտածեցի, որ կապույտ գլխարկովին պետք ա բերել կարմիրների մոտ, հավես նկար կստացվի, բայց լաց եղավ, չեկավ ու որոշեցի էդ բոլոր կարմիր գլխարկներով երեխեքին տանեմ կապույտ գլխարկովի մոտ ու նկարեմ: Այ դա հաստատ անհնար էր: Չստացվեց, բայց մի ահագին ուրախացա գլխումս առաջացած հիմար մտքից»,- ծիծաղելով պատմում է Գնունին: