Հին ու սմարթ Գյումրի. Հովսեփի գաղափարը

Հին ու սմարթ Գյումրի. Հովսեփի գաղափարը

17-ամյա Հովսեփ Մարդոյանը ծնվել է Գյումրիում, ապրում է Գյումրիում ու Գյումրու հետ կապված մեծ պլաններ ունի: Հովսեփը Թումո Գյումրիի առաջին ուսանողներից է, նա 13 տարեկան էր, երբ եկավ Թումո. «Ինձ Թումոյում շատ դուր եկավ անկախությունը, ուսման մեջ իմ սիրած երևույթն է: Այս 4 տարիների ընթացքում ամենաշատը խորացա ծրագրավորման, ռոբոտաշինության ու նոր մեդիայի մեջ` կառուցել եմ դրոն, խելացի գաջեթներ, հարցազրույցներ եմ անցկացրել Գյումրու ամենաանդերգրաունդ դեմքերի հետ: Այս 3-ով էլ հենց ուզում եմ ապագայում զբաղվել»,- պատմում է նա:

Հովսեփը գժվում է ինքնուսուցման համար: Նա անգամ նախատեսում է բլոգային հարթակ ունենալ, որտեղ կպատմի իր այդ փորձառության ու հատկապես տվյալների գիտություն ուսումնասիրելու մասին. «Ես ինքս եմ իմ դասատուն: Ինձ համար շատ կարևոր է այդ անկախությունը: Ինքնուսուցումը քո մեջ ձևավորում է կամքի ուժ, ինքնուրույնություն, սխալներիդ վրա սովորելու հմտություն, չէ՞ որ ոչ ոքի չես կարող այդ դեպքում մեղադրել»,- հպարտ ասում է Հովսեփը:

Նախքան Թումո գալը Հովսեփը ուզում էր բժիշկ դառնալ, իսկ այժմ կանգնած է երկընտրանքի առաջ` զբաղվել բժշկական ռոբոտների ստեղծումո՞վ, թե՞ դառնալ մարքեթինգային գործիքների ծրագրավորող: Բայց մի բանում իր մոտ երկընտրանք չկա` նա ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ Գյումրուց. «Գյումրին շատ է փոխվել: Այժմ երիտասարդները ամեն ինչ անում են այստեղ մնալու ու այստեղ մի բան ստեղծելու մասին: Ինքս շատ կուզեմ նպաստել Գյումրու զարգացմանը: Կուզեմ, որ քաղաքս լինի նույնքան հին ու միևնույն ժամանակ լցված լինի խելացի սարքավորումներով, որոնք կխնայեն մարդկանց ժամանակն ու հնարավորություն կտան ավելի շատ շրջել ու տեսնել մեր քաղաքի ամբողջ գեղեցկությունը»,- ասում է Հովսեփը:

Հավես փաստ

«Մի անգամ 4 հոգանոց խմբով Երևան էինք գնացել Հաքաթոնին մասնակցելու համար ու պիտի պրեզենտացիա ներկայացնեինք մեր ստարտափ գաղափարի մասին, բայց ոչինչ չէինք արել: Գիշերը տեղներիցս վեր թռանք, մի քանի ժամում սարքեցինք, անգամ շարժական գրաֆիկա ավելացրեցինք: Ահա, թե ձախողման վախը մարդուն ինչ մոտիվացիա կարող է տալ»:


Like
Like Love Haha Wow Sad Angry
84