Թումո լաբորատորիաների հատուկ նախագիծը ամփոփվեց

Թումո լաբորատորիաների հատուկ նախագիծը ամփոփվեց

Այսօր` դեկտեմբերի 20-ին, ավարտվեց ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի Թումո լաբորատորիաներ ծրագրի և Երևանում Ֆրանսիական համալսարանի համատեղ նախագիծը, որն անցկացվել է 10X Engineering ընկերության հետ համագործակցությամբ: 6-շաբաթյա դասընթացի ընթացքում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները սովորել են LabVIEW գրաֆիկական ծրագրավորման լեզուն ու ձեռք են բերել գիտելիքներ տվյալների գիտության ոլորտում, որոնց օգնությամբ էլ ստեղծել են ամբողջովին ավտոմատացված ջերմակառավարման համակարգերի նախագծեր:

«Նախագծի նպատակն էր ուսանողներին ցույց տալ, թե ինչ հնարավորություններ կան գիտության աշխարհում, թե ինչպես կարող են ընտրել իրենց մասնագիտացումն ու հաջողության հասնել: Այն բոլոր ծրագրերն ու ոլորտները, որոնք ուսումնասիրել ենք, միտված էին օրինակի վրա ցույց տալ, թե ինչպես է գիտելիքը պրակտիկ կիրառում ստանում: Նման կերպ համալսարանները իրենց տված ֆունդամենտալ գիտելիքներով ու ոլորտը իր նորամուծություններով փոխլրացնում են միմյանց,- նշում է 10X Engineering ընկերության տնօրեն Դավիթ Զարգարյանը:

Նախագծի ավարտին ուսանողները իրենց կատարած աշխատանքն են ներկայացրել հանձնաժողովի առջև, որը կազմված էր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ներկայացուցիչներից:

sep image - Թումո լաբորատորիաների հատուկ նախագիծը ամփոփվեց

«Այս 6 շաբաթվա ընթացքում ծանոթացանք վերջին տարիներին տեխնոլոգիական աշխարհում գոյություն ունեցող թռենդներին ու կարողացանք ստեղծել խնդիր լուծող համակարգեր: Օրինակ` ստեղծեցինք պրոդուկտ ու այստեղ սովորած ծրագրի միջոցով ձևավորեցինք այն: Մի խոսքով` իրական պատկերացումներ ձեռք բերեցինք 3D մոդելավորման մասին,- ասում է Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Սառա Կոստանդյանը:

«LabVIEW գրաֆիկական ծրագրավորման լեզուն, որն այստեղ ուսումնասիրում էինք, հիանալի տարբերակ էր ընդհանուր ինժեներական ոլորտի մասին պատկերացում կազմելու համար,- նշում է նույն ֆակուլտետի ուսանող Արգիշտի Տիգրանյանը,- Նախագիծը կարճ էր, պիլոտային էր, բայց օգտակար էր հասկանալու համար, թե որ ուղղությամբ ենք ուզում զարգացնել մեր գիտելիքները»:

«Նման նախագծերի շնորհիվ ուսանողները տեսնում են, թե ինչ է կատարվում ոլորտում, ավելի մոտ են լինում դրան: Համալսարանական կրթությունը կարևոր տեսական գիտելիքներ է տալիս ու այդ գիտելիքները շատ ավելի են ամրապնդվում նախագծերի տված պրակտիկ գիտելիքներով: Բարեբախտաբար, մեր համալսարանի ուսանողները պատրաստ էին նման մոտեցմանը, քանի որ մեր կրթական ծրագրում նախագծերի ու արդիական արդյունք ստանալու դերը չափազանց մեծ է»,- ասում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Արամ Եսայանը:

Թումո լաբորատորիաների նախագծերի ավագ ղեկավար Բահարե Ֆաթեմին իր խոսքում նշել է. «Այսօր Ֆրանսիական համալսարանի ուսանողները ապացուցեցին, որ համագործակցային մթնոլորտ ստեղծելու ճիշտ ճանապարհին ենք: Յուրաքանչյուր նախագծի ներկայացման ժամանակ ակնհայտ էր, որ ուսանողները պատրաստ են ավելի շատ նախագծերի, ավելի մեծ մարտահրավերների և ավելի մեծ համագործակցության Թումո լաբորատորիաների հետ: Մենք նոր նախագծերով կվերադառնանք գալիք տարում. փետրվարի 3-ին մեկնարկող նախագիծը կհայտարարվի տոներից առաջ»:

*ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: