Հատուկ գործողություն «Ուրիշ հուլիս». աշխատարանների թիմը

Հատուկ գործողություն «Ուրիշ հուլիս». աշխատարանների թիմը

Ուրիշ հուլիս: 100-ից ավելի աշխատարաններ, միայն աշխատարաններ, բազմաթիվ պրոֆեսիոնալներ ամբողջ աշխարհից և թումոցիների սիրած դասընթացավարները: Այս ամենը կազմակերպելը հեշտ գործ չէ, բայց Աստղիկին, ում հետ դուք ծանոթացել եք այստեղ, Լիանային, Մարիաննային և Զառային մարդ մարտահրավերներով չես վախեցնի: Ծանոթացեք աշխատարանների թիմի Լիանայի, Մարիաննայի և Զառայի հետ: 

Liana - Հատուկ գործողություն «Ուրիշ հուլիս». աշխատարանների թիմը

Լիանան ուսանողների ու աշխատարանների թիմի միջև կապող օղակ է հանդիսանում: Նա 6 տարի եղել է Թումոյի ուսանող ու աշխատարանների էր մասնակցում ընդհուպ մինչև այս տարվա փետրվարը: Սովորելու տարիներին իր սիրածը Հայթամ Նավարի հետ գրաֆիկական դիզայնի աշխատարանն էր, որի ընթացքում հայկական բառերի դիզայն են արել ու հավերժ մունաթ Լիանան, բնականաբար, «մունաթ» բառի դիզայնն էր արել:

Ուրիշ հուլիսը Լիանան պրակտիկորեն անհնար է համարում, բայց նաև ավելացնում, որ իրենք արդեն սովոր են պրակտիկորեն անհնար ծրագրեր կյանքի կոչել: Նա ամենաշատը սպասում է Կաբեզա Պատատայի աշխատարանին, որովհետև գիժ բան են մտածել` ռոբոտներով նորաձևության շոու: 

Marianna - Հատուկ գործողություն «Ուրիշ հուլիս». աշխատարանների թիմը

Մարիաննան 1 ու կես տարի է աշխատարանների թիմում է, իսկ դրանից առաջ 7 տարի ներգնա տուրիզմի ոլորտում է աշխատել: Թումոյում նա իր մասնագիտացումից հեռու չի գնացել` դիմավորում է աշխատարանների ղեկավարներին, կացարանով է ապահովում, տրանսպորտի հետ կապված հարցերն է լուծում, աշխատարանի համար պահանջվող տեխնիկան է գտնում, այսինքն` Հայաստան եկած հյուրերի լավագույն ընկերն ու երբեմն փրկիչն է:

Իր համար հուլիսը քաոտիկ ու գժական ամիս է լինելու: Վստահ է, որ իրենց պես ոգևորած են նաև աշխատարանների ղեկավարները, որոնք իրար հանդիպելու ու շփվելու հնարավորություն կստանան: Բացի այդ մեր դասընթացավարները հնարավորություն կստանան ազատ ստեղծագործել, ներկայացնել իրենց անկախ ծրագրերը, այնպես որ այն կարևոր փորձառություն է բոլորի համար: Ամենաշատը սպասում է Լուկա Պիսկորեցի աշխատարանին, որի ընթացքում 900 մետր փայտ են կտրելու, իրար միացնելու ու գեներատիվ մոդել կառուցելու:

Zara - Հատուկ գործողություն «Ուրիշ հուլիս». աշխատարանների թիմը

Թումոյի ուսանող Զառան, 6 տարի սովորելուց ու դասընթացավարներին օգնելուց հետո, այս շաբաթ միացել է աշխատարանների թիմին, որովհետև տանջվել շատ է սիրում: Նրա ամենասիրած աշխատարանը Ֆինլանդացի նկարիչ Օսի Պրիկոնենինն է եղել, որի ընթացքում սքեյթերի վրա նկարազարդումներ է արել: Ասում է, որ նկարել չգիտեր, բայց դրանից հետո սկսեց ստացվել: 

Ուրիշ հուլիսը իր համար լինելու է սթրեսային, բայց շատ հավես: Ամենաշատը սպասում է Կոլումբիայի համալսարանից եկած ստեղծագրության 4 մասնագետների աշխատարաններին, նախ, որովհետև իրենք գալիս են աշխարհի լավագույն համալսարաններից մեկից, իսկ հետո, որովհետև լուրջ փորձ ունեն իրենց ոլորտներում: