Ինչպե՞ս Դանիայի մարմնամարզության չեմպիոնը դարձավ թումոցի:
Ծանոթացեք Անելիայի հետ, ով անցել է Հայաստան-Դանիա-Հայաստան ճանապարհը և այժմ արդեն Գյումրիի Թումոյի ուսանող է: Անելիան 6 տարեկան էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Դանիա, իսկ 11 տարեկանում հետ վերադարձավ Հայաստան: Դանիայում անցկացրած 5 տարիների ընթացքում Անելիան հասցրել է գեղարվեստական մարմնամարզության անհատական մրցաշարում չեմպիոն դառնալ:
«Իհարկե դժվար է մեկ իրականությունում ապրելուց հետո հարմարվել մյուսին: Թումոն առաջին վայրն էր, որն այս փոփոխությունից հետո ինձ համար երկրորդ տուն դարձավ»:
Անելիան չունի թումոյական ոլորտների հստակ ընտրություն: Ծրագրավորում, լուսանկարչություն, անիմացիա, ստեղծագրություն, կայքերի ստեղծում, թե նկարչություն. նա ցանկանում է ուսումնասիրել հնարավոր բոլոր ոլորտները:
Այստեղ Անելիան ստեղծագրության դասընթացին է, որտեղ մյուս թումոցիների հետ փորձում է «կարդալ» կտավները և դրանց մասին պատմություններ հորինել:
Կոլումբիայի համալսարանի ստեղծագրության աշխատարանին Անելիայի ստեղծած պատմվածքը
«Թումոյում հասկացա, որ կայունությունն ու հետևողականությունն ամենակարևորն են հաջողության հասնելու համար: Միայն հետևողական աշխատանքով է, որ դու քո ցանկալի արդյունքին կհասնես` անկախ ոլորտից»,- ասում է Անելիան:
Անելիայի՝ Թումո ամառային ճամբարի շարժական գրաֆիկայի ավարտական աշխատանքը
Անելիան նաև կամավորական աշխատանքով է զբաղվում: Նա դեռահասների համար տեղեկատվական Teenslive հարթակի SMM թիմի մի մասն է, որտեղ իր պատրաստած հոլովակների միջոցով իրազեկում է իր տարեկիցներին հանրության կողմից ամենաքննարկված թեմաների մասին:
Այստեղ Անելիան նկարում է ուսուցողական տեսանյութ պապիլոմավիրուսի մասին: «Հիմա ինտերնետում իրարից տարբերվող այնքան ինֆորմացիա կգտնես, որ չգիտես որին հավատալ, որին` ոչ: Հենց այս պատճառով էլ այս հոլովակների միջոցով փորձում ենք դեռահասների իրազեկվածությունը բարձրացնել»:
Ինչպես իր տարեկիցներից շատերը, Անելիան իրեն գտնելու և հասկանալու փուլում է: KASA կենտրոնի առաջնորդների խմբակն այս հարցում օգնում է նրան: «Այստեղ ունեցած քննարկումներն օգնում են ինձ դիմացինին և ինքս ինձ ավելի լավ հասկանալ, դրանից ելնելով էլ ավելի լավ հաղորդակցվել, ու իմ կարծիքով, սա կարևոր պայման է առաջնորդ լինելու համար»:
Անելիան BBC-ի պատրաստած տեսանյութում, որտեղ նա պատմում է Թումոյի և հարազատ քաղաքի մասին
Անելիան հույս ունի, որ Հայաստան-Դանիա-Հայաստան ուղին ապագայում այլ ուսումնական կանգառներ ևս կունենա, և իր ճանապարհային քարտեզն ընդլայնելու գործում Թումոն ունի իր դերը` նրան տալով բազմաթիվ հմտություններ ու անհրաժեշտ փորձառությունը ապագայում հաջողության հասնելու համար: