Հաղթահարելով Թումո շավիղը

Հաղթահարելով Թումո շավիղը

Երեքշաբթի երեկոյան 7-ն է: 15-ամյա Դինա Եղիազարյանը ինչպես միշտ Թումոյում է` աշխատում է շավիղի` Թումոյի հիմնական ծրագրի, առաջադրած վարժանքների վրա: Թումո շավիղն ուսանողների գործիքն, որով նրանք կրթվում ու զարգանում են ինքնուրույն:

«Այն ինձ ուղղություն է տալիս, – բացատրում է Դինան,- ես ընտրում եմ այն, ինչ ինձ հետաքրքրում է, այնուհետև շավիղը ինձ համար ուղի է ստեղծում»:

Ուսանողների ճամփորդությունը Թումոյում սկսվում է այն ժամանակ, երբ նրանք մուտք են գործում Թումո շավիղի իրենց անձնական հաշիվ և նախասիրություններին համապատասխան ընտրում են 14 կրթական ուղղություններից մի քանիսը: Այդ ընտրության վրա հիմնվելով` ծրագիրը նրանց առաջարկում է ամենաարդյունավետ ուղին: Ճամփորդությունը շավիղում ընդգրկում է ինքնուսուցման վարժանքներ, որոնց բարեհաջող կատարման դեպքում ուսանողները տարին մի քանի անգամ անցնում են դասընթացներ համապատասխան ոլորտի մասնագետների ուղղորդմամբ: Ուսումնական պլանը թարմացվում է ըստ ուսանողների փոփոխվող հետաքրքրությունների և առաջխաղացման: Եթե ուսանողը որոշում է փոխել իր ուսումնական ուղին` պետք է կրկնի ինքնուսուցման վարժանքները կամ մասնակցի դասընթացին մի ուրիշ անգամ, երբ ծրագիրը իր համար կմշակի նոր ուղղություններով տարբերակ:

«Շատ հարմար է», – այսպես է Դինան նկարագրում Թումո շավիղը: Նա իր ճամփորդությունը Թումո Երևանում սկսել է 2 տարի առաջ: Այս ընթացքում նա ավարտել է ինքնուսուցման վարժանքները և անիմացիայի դասընթացները, հմտացել խաղերի մշակման մեջ, իսկ հիմա ընդգրկված է գրաֆիկական դիզայնի երկրորդ մակարդակի դասընթացում:

2 - Հաղթահարելով Թումո շավիղը

Թումոյի ուսանող Դինա Եղիազարյանի նավարկությունը Թումո շավիղում:

Թումոյում սովորող պատանիները, ինչպես Դինան, պատասխանատու են իրենց կրթության համար: Պատասխանատվության ու ազատության սկզբունքը պարտադիր է Թումոյում` սկսած ֆիզիկական միջավայրից, վերջացրած կրթական ծրագրով: Ուսանողները կարող են նստել այնտեղ, որտեղ ցանկանում են, ձևափոխել իրենց աթոռը, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել ուսուցանող մարզիչներին: Թումո շավիղը ավտոմատացնում է ուսումնական ծրագիրն ըստ ուսանողների նախասիրությունների և արագության, ինչպես նաև ծրագրի միջոցով ֆիքսում է նրանց առաջընթացը:

«Ավտոմատացումը հաճախ ասոցացվում է ստանդարտացման հետ: Մինչդեռ, այն ազատության, բազմազանության և ուժի բանալին է: Մենք շրջանցեցինք դա և օգտագործեցինք ավտոմատացումը` ընտրության հնարավորություն տալով ուսանողներին, քանի որ առանց դրա մեր ճանապարհը պատկերացնել հնարավոր չէ»,- բացատրում է Թումոյի Զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Փաստորեն, երկու տարում Թումո շավիղը կարող է ստեղծել ինքնուսուցման վարժանքների ու դասընթացների հարյուր միլիոնավոր համադրություններ Հայաստանում և արտերկրում գտնվող հազարավոր ուսանողների համար: Յուրաքանչյուր ուսումնական ծրագիր հաշվի է առնում ուսանողի նախկին և ներկա նախասիրությունները, արած աշխատանքի կատարողականը և ժամանակացույցը: Ցանկացած ժամանակ ուսանողները կարող են շեղվել իրենց առաջարկվող շավիղից: Այդպիսի դեպքերում ծրագիրը ոչ միայն ընդունում է իրենց ընտրությունը, այլև անմիջապես հարմարվում դրան:

«Թումո շավիղում ամենաշատը դիզայնն եմ հավանում: Այն ուսանողի մոտ մտածողություն է ձևավորում: Ըստ էության, էկրանին ներկայացված է այն, թե ինչպես է ուսանողը անցկացնելու իր ժամանակը Թումոյում»,- ասում է Թումոյի աշխատակազմի ղեկավար Հարմիկ Ազարյանը, ով երեք տարի ղեկավարել է շավիղը ստեղծած ծրագրավորողների թիմը:

Փոքր, գունավոր շրջանակները ինքնուսուցման վարժանքներն են, որոնք ուսանողներին թույլ են տալիս ոտք դնել նոր ոլորտներ` սովորելու անսահման հնարավորությամբ: Երկար գունավոր բջիջները ներկայացնում են դասընթացները, որոնց միջոցով ուսանողները կարող են առավել խորությամբ ուսումնասիրել ընտրած ուղղությունը: Ատոմների նման, այս տարբեր բջիջները կապված են մոխրագույն գծերով և մոլեկուլների նման կախված թեմայի փոփոխություններից, որոնք ներկայացվում են ձախ կամ աջ անցումներով: Կարելի է ասել, որ մոլեկուլների հաջորդականությունը դառնում է յուրաքանչյուր թումոցու կրթական հետագծի ԴՆԹ-ն:

«Ես նույնիսկ սկսել եմ գույները նույնականացնել ուսման ուղղությունների հետ, քանի որ դրանք շավիղում գունավորված են,- ասում է Դինան ծիծաղելով,- օրինակ, երբ ասում եք անիմացիա, ես այն դեղինով եմ պատկերացնում»:

Ինչպես Թումոն 2011 թվականից, երբ բացեց իր դռները, այնպես էլ Շավիղը զարգացում է ապրել՝ փոխելով իր տեսքը, ավելացնելով նոր հնարավորություններ և ընդլայնելով կարողությունունները: Այս ամենի արդյունքում Շավիղը դարձնել է ավելի ուժեղ, հնարավորինս արդյունավետ և մատչելի օգտագործողի համար: Ուսանողներն այժմ ունեն զրուցատուփ անձնական թարմացումների և նամակագրության բաժին ուսուցանող մարզիչների հետ կապվելու համար, ինչպես նաև մեկնաբանությունների բաժին` ինքնուսուցման վարժանքների վերաբերյալ կարծիք ստանալու համար: Շավիղի ծրագրավորման թիմը, որը մշտապես օպտիմալացնում է ալգորիթմը՝ ծրագրի միջոցով առավել արդյունավետ ուղի սահմանելու համար, նպատակ ունի զարգացնել արհեստական բանականությունն այնքան, որ կանխատեսի` ինչ են ուզում սովորել տարբեր ուսանողներ և ինչ ձևաչափերով են ցանկանում սովորել` աուդիո, տեքստային, թե վիզուալ:

4 - Հաղթահարելով Թումո շավիղը

Թումոյի ծրագրավորողների թիմը

Դիզայնը և նորարարական մոտեցումները ստիպում են ուսանողներին դառնալ ավելի պատասխանատու, ազատ և հնարավորություն են տալիս նրանց կառավարել իրենց ուսումնական պրոցեսը»,- ասում է Բեկոր Փափազյանը:

Թումո շավիղը և վիրտուալ աշխարհը, որը բացվում է ուսանողների առաջ, Թումոյի առանձնահատկությունն է` ուսանողներին փոխանցել մուլտիմեդիա գիտելիքներ, տալ սեփական, դինամիկ ուղով նավարկելու ազատություն: Շատ շուտով Թումո շավիղը կունանա նոր գործիքներ` նամակագրության համակարգ, որ ուսանողները կարողանան շփվել միմյանց հետ, և «Իմ Թումո» հավելվածը, որը ներառելու է Թումո շավիղի որոշ հնարավորություններ: Հավելվածի միջոցով թումոցիները կկարողանան ծանոթանալ հայտարարություններին, գրանցվել դասընթացներին և անհրաժեշտության դեպքում կապվել ուսուցանող մարզիչների հետ:

«Թումո շավիղը շարժվում է ժամանակին համընթաց: Ոգևորված եմ, տեսնես հաջորդ փոփոխությունն ի՞նչ է լինելու»,- ասում է Դինան: