Հակոբի տասնամյա անիմացիոն պատմությունը

Հակոբի տասնամյա անիմացիոն պատմությունը

2011-ին Հակոբը դառնում է Թումոյի առաջին ուսանողներից մեկը
2021-ին Հակոբը աշխատում է Disney-ի նոր Pinocchio ֆիլմի վրա

Տաս տարիների տարբերությամբ այս ֆանտաստիկ պատկերին Հակոբը հասել է հաջողությունների ու ձախողումների, ճակատագրական ծանոթությունների, անդադար աշխատանքի ու անիմացիայի հանդեպ լիքը սիրո արդյունքում։

main - Հակոբի տասնամյա անիմացիոն պատմությունը

Անիմացիայի դասընթացավար Հակոբը Թումո Երևանում

Թումոյի պատմաբանները կհիշեն, որ բացման տարիներին ինքուսուցումն անցնում էր կղզիներում, որտեղ ուսանողի մարդուկը կատարում էր տարբեր վարժանքներ: Հակոբը իր մարդուկի հետ միասին հաստատվել էր անիմացիայի կղզում։ Իսկ ոլորտի սկզբունքներից գլուխ հանելուց հետո նա արագ անցում կատարեց անիմացիոն նախագծերին: Մեկ տարի անց Հակոբն արդեն իր փորձով ու գիտելիքներով կիսվում էր ուսանողների հետ որպես Թումո մարզիչ։ Նրա գլխավոր մեսիջը թումոցիներին մեկն էր. չվախենալ սեփական երազանքներից։ Իսկ որպես իր երազանքի օրինակ նա միշտ ասում էր, որ մի օր ուզում է Disney-ի համար աշխատել:

Անիմացիայի դասընթացը Թումո Ստեփանակերտում, Թումո Գյումրիում և Թումո Դիլիջանում

Երբ Հակոբի մասնակցությամբ ստեղծված ֆիլմը՝ «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ի Անահիտը, հայտնվեց մեծ էկրաններին, պարզ դարձավ, որ ժամանակն է վերադառնալ Թումո` արդեն որպես դասընթացավար, ու աշխատել պատանիների հետ պրակտիկ նախագծերի վրա։

2018-ին Double Negative ստուդիայի կերպարների գլխավոր անիմատոր Էդի Չուն բացեց իր անիմացիոն դպրոցը՝ Griffin Animation Academy-ն, և Հակոբը դարձավ դրա առաջին ուսանողներից։ Իսկ ծանոթացել էին նրանք (կռահեք) Թումոյում, ուսանողների հետ Չուի հանդիպման ընթացքում։ Ավարտելով ակադեմիան` Հակոբը շարունակեց զարգացնել իր անիմացիոն showreel-ը ու աշխատել Հայաստանի անիմացիոն ստուդիաներում, այդ թվում` Triada Studio-ում League of Legends խաղի սինեմատիկի վրա:

2021-ին Հակոբը ստացավ նամակ` աշխատանքային հարցազրույցի հրավերով Moving Pictures Company-ում: Ընկերությունը աշխատում է Netflix-ի և Disney-ի այնպիսի խոշոր նախագծերի վրա, ինչպիսիք են Transformers-ը, The Little Mermaid-ը, Chip ‘n’ Dale-ն ու Cruella-ն։ Արդեն վեց ամիս է, ինչ Հակոբը ապրում ու աշխատում է Մոնրեալում: Երկար ժամանակ նա չէր կարողանում ընկերներին պատմել, որ իր անիրականանալի երազանքը իրականացել է: Սակայն հիմա, երբ ընկերության գալիք ֆիլմն արդեն հայտարարված է, կարող ենք ասել, որ Հակոբը Disney-ի նոր Pinocchio ֆիլմի անիմացիոն թիմից է։

image - Հակոբի տասնամյա անիմացիոն պատմությունը

Այս ֆանտաստիկ պատմությունից գլուխը կորցնելու փոխարեն Հակոբն արդեն նոր երազանք ունի։ Նա որոշել է Հայաստանում հիմնել անիմացիայի դպրոց, որի շնորհիվ հայկական անիմացիոն կինոն ճանաչում կստանա ամբողջ աշխարհում: Կհանդիպենք ևս 10 տարուց 😉