Կրթական վերելակով դեպի DISQO

Կրթական վերելակով դեպի DISQO

Թումոյի 3 շրջանավարտ հայկական ամենաթույն ստարտափներից մեկում: DISQO-ն սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում աշխարհի առաջատարներից է: Իր նորարարական պլատֆորմի ու գործիքների շնորհիվ, ստարթափը օգնում է բարելավել սպառողների հետազոտության ոլորտն ու բարձրացնել գովազդների արդյունավետությունը: Թումոցիներ Արշակը, Ռոբերտն ու Սոնան Լոս Անջելեսում, Չիկագոյում, Կոնեկտիկուտում և Երևանում աշխատող DISQO թիմի կարևոր մասնիկն են։

DISQO-ում նախագծերի ղեկավարի օգնական Սոնա Գևորգյանն մասնագիտությամբ մաթեմատիկոս է և առաջին իսկ կուրսից տարվել է տվյալների գիտությամբ. «Իմացա data science-ի մասին մաթեմատիկոս հայրիկիցս ու խորացա դրա մեջ: Հետո պարզվելու էր, որ միակը չեմ` կուրսի մեծ մասը նույնպես կարիերան այս ոլորտում շարունակեց: Թումոյում Սոնան հասցրել է հավասարապես զբաղվել թե՛ ռոբոտաշինությամբ, թե՛ ֆիլմերի ստեղծմամբ. «Ռոբոտաշինությունը խորացրեց սերս դեպի մաթեմատիկա, իսկ ֆիլմերով մինչև հիմա էլ զբաղվում եմ: Թումոյում մի սկսնակ ու շատ տաղանդավոր նկարիչի մասին կարճամետրաժ ֆիլմ էինք նկարել, հուսով եմ հայտնի կդառնա, ես էլ փոքր ժամանակ նկարած ֆիլմովս պատմության մեջ կմտնեմ»,- ասում է Սոնան:

IMG 9481 - Կրթական վերելակով դեպի DISQO

Արշակ Խաչատրյանը մինչև DISQO հասնելը երկու տարի անցկացրել է Թումոյի ծրագրավորման դասընթացներում։ «Թումոյում ստացածս գիտելիքները կանխորոշեցին հետագա կարիերաս»,- ասում է Արշակը: Այժմ նա front-end ծրագրավորող է. «Ունենք պանել` օգտատերերի բազա, որտեղ մարդիկ լրացնում են հարցում ու վճարվում դրա համար: Ինչո՞ւ DISQO` որովհետև ես կարող եմ աշխատել ամենավերջին տեխնոլոգիաներով ու, առհասարակ, աշխարհը տվյալներինն է: Մի խոսքով` վստահ քայլերով գնում ենք դեպի աշխարհի գրավում»: Աշխարհը գրավելուց բացի Արշակը սկսել է կյանքի կոչել իր վաղեմի երազանքը և կենտրոնացել է UI/UX դիզայնի վրա:

IMG 9494 - Կրթական վերելակով դեպի DISQO

JavaScript ծրագրավորող Ռոբերտը DISQO-ում է այս տարվա ապրիլից: «DISQO-ում ծանոթանում ու մեր գործընկերներին ենք փոխանցում տեղեկատվություն շուկայի գաղտնիքների, սպառողների կարիքների մասին: DISQO-ից առաջ ոչ ոք նման որակի ու նման քանակի տվյալներ վեր չէր հանում: Շատ հպարտ էի, որ անգամ սիրածս ֆիլմերից մեկի համար ենք գովազդի արդյունավետության լուծում տրամադրել»,- պատմում է նա: 2011 թվականին` գալով Թումո, Ռոբերտ Ասատուրյանը բացահայտում է իր համար ծրագրավորումը: «Թումոյում հիմնականում ռոբոտաշինության ու ծրագրավորման մեջ եմ խորացել: Անգամ նոր մեդիայի բնագավառում ինձ փորձեցի, բայց հասկացա, որ իմը չէր, էլ չտանջվեցի»,- ծիծաղելով ասում է նա:

IMG 9509 - Կրթական վերելակով դեպի DISQO

Կարծում էիք, որ Սոնան, Ռոբերտն ու Արշակն այլևս հեռու են Թումոյից: Ոչ, նրանց Թումոյից 2 հարկ է բաժանում: Ողջույն Թումո Երևանի 4-րդ հարկի մեր հարևաններին:

Like
Like Love Haha Wow Sad Angry
821