Կոտրելով կարծրատիպերը կիբերանվտանգության ոլորտում

Կոտրելով կարծրատիպերը կիբերանվտանգության ոլորտում

«Երանի մեզ մոտ էլ նման հնարավորություն լիներ»:

Սուրճի շուրջ զրուցում ենք Տեխնոձմեռի ընթացքում Թումոյում կիբերանվտանգության աշխատարան վարող Ռուլա Շարքավեի հետ: Ռուլան Պաղեստինից է: Չորս տարի առաջ նա տեղափոխվել է ԱՄՆ` աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկում` Եյլում, ինֆորմատիկա, իսկ մասնավորապես` կիբերանվտանգություն ուսումնասիրելու համար: Հարցին, թե ինչու երկար սպասված արձակուրդներին հանգստանալու փոխարեն ընտրեց այդ օրերն անցկացնել դասավանդելով մի երկրում, որտեղ նախկինում երբեք չէր եղել, Ռուլան պատասխանում է, որ դա հնարավորություն էր, որը բաց թողնել չէր կարող: Բացի երկրի գեղեցկությունից ու Երևանի տոնական տրամադրությունից, նա որպես շարժառիթ է ներկայացնում նաև աշխատարանի թեմայի կարևորությունը. «Այժմ բոլորն են օգտվում ինտերնետից, գործնականորեն մենք օնլայն ենք ապրում: Նոր սերնդի համար ինտերնետը սովորական բան է, բայց նրանք ռիսկերից ու սպառնալիքներից զգուշանալու կարիք ունեն»,- ասում է Ռուլան:

Ռուլայի աշխատարանի ուսանողների կազմը միանգամից աչք էր ծակում` դասընթացին մասնակցում էին բացառապես դեռահաս աղջիկներ: Եվ դա պատահական չէր, քանի որ Ռուլան համաձայնել էր վարել երկշաբաթյա աշխատարանը հենց այդ պայմանով. «Համակարգչային գիտությունների ու հատկապես կիբերանվտանգության ոլորտը չափազանց տղամարդակենտրոն է: Ես ցանկանում եմ ուժեղացնել և ոգեշնչել աղջիկներին` ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ նրանք կկարողանան լուծել բարդ խնդիրներ: Դա հենց այն է, ինչ ես կգնահատեի, եթե լինեի իրենց տարիքում»,- նշում է նա:

Դասերը սովորաբար սկսում են` «ներկա-բացակա»-ով, որի ընթացքում Ռուլան փորձում է ճիշտ արտասանել ուսանողների անունները: Մինչ դասերի մեջ խորանալը, Ռուլան աղջիկներին հարցնում է նախորդ օրվա, սիրելի ֆիլմերի ու ուտելիքներից մասին` թեթևացնելու համար մթնոլորտը: Ֆոնում հնչող ջազն ու ջերմությունը, որով Ռուլան լցնում է սենյակը, ստեղծում է իդեալական միջավայր` մանրամասն ուսումնասիրելու կիբերանվտանգության ոլորտն ու լուծելու այնպիսի բարդ խնդիրներ, ինչպիսիք են տվյալների գողությունը և վիրուսների տարածումը:

Երկշաբաթյա աշխատարանը աղջիկներին հնարավորություն տվեց հետազոտել և զարգացնել ծրագրեր կիբերանվտանգության հետ կապված իրենց իսկ ընտրած ոլորտներից մեկում` կիբերհարձակում, կրիպտոգրաֆիա (ծածկագիտություն), տվյալների գաղտնիություն կամ կիբերբուլինգ:

«Ռուլան օգնեց հասկանալ այն բոլոր ռիսկերը, որոնց մենք առնչվում ենք օնլայն հարթակներում, ինչպես նաև սովորեցրեց պաշտպանել ինքներս մեզ այդ վտանգներից»,- ասում է 18-ամյա Լիանա Ավագյանը: Իսկ 15-ամյա Մարիա Մովսիսյանը նախընտրում է առանձնացնել Ռուլայի անձնական հատկանիշները, որոնց շնորհիվ էլ ինքը արագ կարողացավ հմտանալ ոլորտում. «Ռուլան շատ համբերատար է, յուրաքանչյուրիս այնքան ժամանակ էր տրամադրում, մինչև մեզ հաջողվի առաջացած խնդիրները լուծվեն»,- ասում է նա:

img 2 - Կոտրելով կարծրատիպերը կիբերանվտանգության ոլորտում

Վերջում Ռուլան հույս հայտնեց, որ իր կարճաժամկետ այցը Թումո երիտասարդ ուսանողների համար հիմք կհանդիսանա համակարգչային գիտության ասպարեզում քայլեր անելու և հաջողության հասնելու համար: Վստահ կարելի է ասել, որ նա անմոռանալի հետք թողեց թումոցիների վրա տեխնոլոգիական ոլորտներում գենդերային բազմազանության ու հավասար պայմաններ հաստատելու անհրաժեշտության մասին իր գաղափարներով: Բայց Թումոյի ազդեցությունը Ռուլայի վրա նույնպես փոքր չէր. «Վերջին երկու շաբաթները ինձ ապշեցրեցին: Չէի պատկերացնում, որ ուսանողները կարող այդքան լավ ընկալել այն ամենն, ինչը սովորեցնում էի: Աշխարհում, միանշանակ, այսպիսի վայրեր պետք է շատ լինեն: Այս փորձն ինձ այնքան ոգեշնչեց, որ մտածում եմ ինքս Թումոյի նման ծրագրեր կազմակերպել»,- եզրափակեց Ռուլան: